Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկան, որը պատկանել է «Մուլտի գրուպ» կոնցեռնին, 2011-ին վաճառվել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: 2012թ. հունվարի 1-ից այն փակվել է, ու շենքի կենտրոնում հսկայական փոս է փորվել: Երեկ մենք տեղում պարզեցինք, որ շինարարությունը դադարեցվել է:
Նախ զրուցեցինք Փակ շուկայի նախկին աշխատողների հետ, որոնցից շատերը նշեցին, թե իրենք հավատում են, որ շուկան կվերակառուցվի: Իսկ բնակիչներից մի քանիսը մտահոգված են շուկայի տարածքում ստեղծված աղտոտությունից: Նրանց համար միեւնույն է` ինչ կլինի` «շուկա՞, թե՞ «Սիթի», միայն թե 1 րոպե շուտ վերանորոգվի»: Բնակիչների մի մասը, իհարկե, դեմ է շուկայի քանդմանը: «Դա անխղճություն է»,-ասում են նրանք` հիշելով, որ ժամանակին շուկան շատ գեղեցիկ էր ու մաքուր: «Ես, իհարկե, կուզենայի, որ այն վերակառուցվեր, բայց կուզեմ, որ տեսքը չփոխեն: Մեր շուկան լավն է»,-ասաց բնակիչներից մեկը: Իսկ Գագիկ պապիկը մեծ հիշողություններ ունի` Փակ շուկայի հետ կապված: «Շուկայի ճարտարապետ Գրիշա Աղաբաբյանի հարեւանությամբ էի ապրում: Ես փոքր երեխա էի` իր տղայի հասակին, միասին էինք սովորում: Երբեմն բարձրանում էի նրանց տուն եւ տեսնում էի, թե ինչպես էր նախագծում շուկան: Ես տեսել եմ, թե ինչպես են այն կառուցել, այսօրվա պես հիշում եմ»,-պատմեց Գագիկ պապիկը եւ մեծ ափսոսանքով ընդգծեց, որ վատ կլինի, եթե հանկարծ շուկայի տեսքը փոխվի:
Ընդհանուր առմամբ, իսկապես, Երեւանի կենտրոնում առաջացած այդ փնթի վիճակն անհապաղ լուծում է պահանջում: Մարդիկ ցեխերի միջով են քայլում, քանի որ քաղաքի կեղտին ավելացել է նաեւ շինարարական աղբը:
Ինչպես վերը նշեցինք, շինարարությունն անորոշ ժամանակով դադարեցվել է: Ինչո՞ւ է: Այս հարցի պատասխանը ստանալու համար դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանին: Վերջինս «Ժողովուրդ»-ին պարզաբանեց. «Եթե շուկայի տնօրինությունը բերի մշակույթի նախարարության համաձայնությունը, ըստ այդմ` կտեսնենք, թե ինչ են թույլ տվել, նոր այդ ժամանակ մենք մեր կողմից թույլտվությունը կտանք, մենք ընդամենը հետեւելու ենք, որ սեփականատերն իր շինարարական գործողությունները համաձայն այդ փաստաթղթերի իրականացնի»: Այսինքն` խնդիրն անցել է մշակույթի նախարարության դաշտ, քանի որ շինությունը գրանցված է պետական պահպանության օբյեկտների շարքում:
Զրուցեցինք նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, ով հավաստիացրեց, որ Երեւանի փակ շուկայի արտաքին տեսքը չի փոխվելու: «Վստա՛հ եղեք, մենք շուկայի տեսքը չենք փոխի: Ուղղակի ուզում ենք սիրունացնենք, ամրացնենք: Մենք ներսում ենք աշխատանք տանում: Բակլաները որ կան, ներսից քայքայվել են արմատուրաները, չսարքե՞մ: Ամեն օր հարցնում եք: Շատ սիրուն է լինելու, ու ոչ մեկ չի տուժի, հաստա՛տ իմացեք»,-ասաց պատգամավորը` ավելացնելով, որ անհանգստությունները, որոնք արտահայտվում են, հիմք չունեն:
ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ Է ԲԱՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ