Անցած նախագահական ընտրություններում իշխանության հիմնական հակառակորդի դերում հանդես եկած Րաֆֆի Հովհաննիսյանին վերջին շրջանում չեն կարողանում գտնել ոչ միայն հասարակ քաղաքացիները, այլեւ լրագրողները: Հովհաննիսյանի մեկուսի կենցաղավարությունը շատերին է հայտնի, բայց չէ՞ որ նա, ընտրություններում պաշտոնապես երկրորդ տեղը զբաղեցնելով, իր բազմաթիվ հայտարարություններով մեծ պատասխանատվություն էր ստանձնել ժողովրդի առաջ: Սակայն 2013թ. նախագահական աթոռը վիճարկող Հովհաննիսյանն այսօր իր օգտին քվեարկած ժողովրդին ոչ միայն որեւէ ազդակ չի հաղորդում, այլեւ մեկնել է արտերկիր եւ, ըստ ժառանգական գործիչների, Երեւան կվերադառնա հավանաբար հունվարի վերջին:
Այսօր հստակ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ակտիվ ջանքերի արդյունքում ընդդիմությունը հանգեց տխուր շրջափուլի, երբ ոչ միայն կորցրեց քաղաքական գործոնի կարգավիճակը, այլեւ մեծ հիասթափություն պատճառեց հասարակությանը: 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում ժողովրդի մեծ մասը քվեարկեց Հովհաննիսյանի օգտին, բայց վերջինս, ի վիճակի չլինելով պահել իր ձայները, արդեն 3 ամիս անց տեղի ունեցած մայրաքաղաքային ընտրություններում ստացավ նվազ տոկոսներ: Հարկ է նկատել, որ արդյունքն ակնկալելի էր, քանզի այդ ընտրություններին արդեն մասնակցեցին Հայաստանի քաղաքական բոլոր առանցքային ուժերը, ինչին գումարվեցին նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախորդող շրջանի անլուրջ գործողությունները:
Շատերը կհիշեն, որ քվեարկության ավարտից 3-4 ժամ անց, երբ բազում տեղամասերից տեղեկություններ էին գալիս Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակի մասին, իսկ իշխանական լրատվամիջոցներն ամեն կերպ փորձում էին ապահովել այնպիսի տպավորություն, թե հաղթողը Սերժ Սարգսյանն է, որը «խփել է այնքան, ինչքան ուզել է» (քվեարկությունից առաջ արդեն տարածվում էին մոտ 60% նկարելու մասին լուրերը), Հովհաննիսյանն ուշ գիշերով մամլո ասուլիս հրավիրեց: Ընդդիմադիր թեկնածուի առաջին իսկ խոսքը քվեարկությունից հետո, մեղմ ասած, լավագույնը չէր: Ընտրության հետ ոչ մի կապ չունեցող թեմաները՝ Արցախյան պատերազմը, Հայոց ցեղասպանությունը, «բադասխան տալու» մասին անորոշ եւ լոկ ճնշվածի հոխորտանք հիշեցնող ձեւակերպումներն այնպիսի տպավորություն էին թողնում, որ Հովհաննիսյանը ոչ միայն չէր ակնկալում նման արդյունք, այլեւ չուներ գործողությունների ծրագիր:
Իհարկե, շուտով ժողովրդական լայն բողոքի ճնշմամբ Հովհաննիսյանն ընտրությունները որակեց կեղծված եւ էականորեն ու բովանդակությամբ մեկը մյուսից չտարբերվող հանրահավաքներ անցկացրեց: Սակայն անգամ Րաֆֆու ջերմ երկրպագուների համար էլ արդեն տեսանելի էր, որ առաջնորդի խոսքն ընդհատական էր եւ չուներ կոնկրետ թիրախներ: Ուշագրավ էր նաեւ Հովհաննիսյանի հանրահավաքային պահվածքը, երբ վերջինս խոսում էր թե՛ հանրահավաքի սկզբում, թե՛ վերջում, նաեւ` հաճախ ընդմիջում հռետորներին: Այդ ամենը վերագրելով նրա՝ հանրահավաքային պայքարի անփորձությանը՝ նկատենք, որ ռազմավարական առումով ընդդիմադիր այս գործիչն իր շարժումը տանում էր ապակենտրոնացման ուղիով:
Տրամաբանական է, որ արդյունքի հասնելու համար թեկնածուն պետք է մոբիլիզացներ իր ուժերը, ժողովրդին կենտրոնացներ հրապարակում` իշխանության հետ դիմակայության շրջանակներում ունենալով ամուր հիմք: Մինչդեռ կրկնվող մարզային այցելությունները եւ հրապարակում կայուն պայքարի օջախ չունենալն անխուսափելիորեն պետք է հանգեցնեին հասարակական բողոքի մարմանը: Ժողովրդական ընդվզումը ցրելը, իր հիմնական հակառակորդ Սերժ Սարգսյանին որպես Արցախյան պատերազմի ռահվիրա ընդունելը, ոչ մի իրական քաղաքական տեքստ չներկայացնելը, իշխանափոխության ուղղակի պահանջ չդնելը չէին կարող այլ արդյունք ունենալ:
Հատկանշական է, որ Հովհաննիսյանը կիրառության մեջ դրեց «զադնի չկա» լոզունգը՝ խոստանալով հուսախաբ չանել ժողովրդին: Ավելին, Րաֆֆի Հովհաննիսյանը նույնիսկ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը կստանձնի նախագահի լիազորությունները միայն իր դիակի վրայով: Այդ ամենի կապակցությամբ ընդամենը նկատենք, որ այսօր Սերժ Սարգսյանը նախագահականում է, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «ամերիկաներում»՝ երկուսն էլ ողջ-առողջ: Ստացվում է, որ այս ամենը, ժառանգական Ռուբիկ Հակոբյանի բառերով ասած, առավելապես քաղաքական ժուլիկություն էր: Ի վերջո, ո՞վ էր Հովհաննիսյանին ստիպում նման խոսքեր հնչեցնել եւ չդիմանալ դրանց ծանրությանը: Մի՞թե հնարավոր է մոռանալ, որ առաջնորդը ժողովրդին տարավ նախագահական նստավայր եւ մի փոքր բախումից հետո «զորավար»-ոստիկանապետի հետ շտապեց Ծիծեռնակաբերդ` Ցեղասպանության զոհերի հիշատակի համար աղոթելու: Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչ կապ ունեին Եռաբլուրն ու Ծիծեռնակաբերդը Հայաստանի նախագահի կեղծված ընտրության հետ:
Ամփոփելով՝ նկատենք, որ Հովհաննիսյանի՝ ընդդիմադիր արարը փակվեց այս տարվա սեպտեմբերին անցկացված անորոշ ու անարձագանք մնացած մինի-հավաքով: Ստիպված ենք ընդունել, որ «Բարեւի շարժում» հորջորջված թատերական ներկայացումները, որոնց ժողովուրդը մի պահ լուրջ էր վերաբերվել, իրականում սնանկ դուրս եկան: Ընդդիմադիր թեկնածուն հանդես եկավ զանազան անպատասխանատու հայտարարություններով, որոնք բնույթով անլուրջ էին ու նանիր, ուստի եւ՝ անհետեւանք: Այսօր՝ դեպքերից 9-10 ամիս անց, ասպարեզում չկա ո՛չ հրապարակում հավաքված ժողովրդի ոգեւորությունը, ո՛չ էլ ինքը՝ գլխավոր դերակատարը: Արդյունքում ստիպված ենք ափսոսանքով արձանագրել, որ 2013թ. Հայաստանում հեղափոխություն էր խոստանում բնույթով հակահեղափոխական ու հակաքաղաքական գործիչը, որին իրական այլընտրանք չունենալու արդյունքում վստահել էր ժողովրդի մեծ մասը:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ