Ո՞ՒՐ Է ՆԱՅՈՒՄ ԱՇԽԱՐՀԸ
Թե Ամանորին ինչ են ցուցադրում հեռուստաընկերություններն աշխարհի տարբեր երկրներում, փորձել է պարզել style.ru-ն:
Այսպիսով` ԱՄՆ-ում 20-րդ դարի սկզբից մինչ օրս գլխավոր իրադարձությունը հեռարձակումն է Թայմս սքուերից, որը 1977-ին դարձել է Դիք Քլարքի շոուի մի մասը: Այնտեղ երգում են, զվարճանում, սպասում հրավառությանը եւ ժամանակի գնդի իջեցմանը, որն ամբողջ տարի կախված է մնում շինության վերեւից:
Ինչպես եւ ցանկացած երկրում, որտեղ կա արեւ եւ ծով, Բրազիլիայում նույնպես հեռուստացույցին փոխարինում է լողափը` կենդանի համերգներով ու հրավառություններով: Նրանց համար, ովքեր լողափ չեն գնում, Globo ալիքով ցուցադրում են հայտնի երգիչ Ռոբերտ Կառլոսի ամանորյա շոուն:
Եվրոպայում Ամանորին ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունենում: Չնայած Գերմանիայում արդեն երկար տարիներ անտարբեր չեն 20-ականների բրիտանական «Ընթրիք մեկի համար» ֆիլմի հանդեպ, որի սյուժեն ոչ մի ընդհանուր բան չունի Ամանորի հետ. դա պատմություն է միսս Սոֆիի 90-ամյակի մասին: Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի` սա ամենահաճախ կրկնվող շոուն է. այն ցուցադրվել է ավելի քան 300 անգամ: Իտալիայում գիշերվա գլխավոր պատմությունն Ալպերի մոտակայքում L’anno che vera գալա համերգն է: Այն դիտում է 60 մլն բնակիչներից 18 մլն-ն: Հարավային Կորեայում Ամանորը նշում են, ինչպես եւ ամենուր` սիրելիների հետ եւ հեռուստացույցով: Կորեայում կա 3 խոշոր ալիք, որոնցից ամեն մեկը մի քանի արարողություն է պատրաստում:
Ճապոնացիները հեռուստացույց դիտում են միշտ: Եվ Ամանորին 1951-ից մինչ օրս NHK ալիքով ցուցադրում են Kohaku Uta Gassen` «Կարմիրների եւ սպիտակների երաժշտական մրցույթը»:
ՍԱՆՏԱ ԿԼԱՈՒՍԻ ԵԿԱՄՈՒՏԸ
Ամերիկացի ֆինանսական վերլուծաբանները որոշել են հաշվարկել, թե Սանտա Կլաուսը տարեկան որքան եկամուտ է ստանում: Ինչպես պարզվել է, աշխարհի ամենակախարդական կերպարը վաստակում է տարեկան 137,795 դոլար: Մասնագետների կարծիքով` Սանտա Կլաուսին այդքան գումար հարկավոր է, որպեսզի աշխատի տարեկան 364 օր` 8-ական ժամ, բանակցի օգնականների հետ, պարզի` արդյոք երեխաներն իրենց լավ են պահում, ստուգի երեխաների պատվերների ու իր ցուցակները: Իսկ այս տարի արդեն Սանտա Կլաուսը սուրբծննդյան ուղեւորությունը սկսել է Հյուսիսային բեւեռից` շնորհավորելու ողջ մոլորակի երեխաներին եւ նրանց բաժանելու նվերներ: Արդեն հասցրել է ավելի քան 3 մլրդ նվեր բաժանել: