ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՆԴԱՊԵՏԻ` ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ԵՂԲՈՐ ԳՈՐԾԸ «ՋՐՎԵՑ»

2013թ. հուլիսի 23-ին «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի եղբոր՝ Ցոլակ Թանգամյանի ինքնասպանության փաստով հարուցված գործի նախաքննությունը Հատուկ քննչական ծառայությունից տեղափոխվել է ՀՀ ոստիկանության քննչական մարմին:

Նշված օրը՝ ժամը 14-ի սահմաններում, Ցոլակ Թանգամյանն իրեն պատկանող «ՍԱՅԳԱ Մ/Կ» տեսակի, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգով կրակել էր իր որովայնի հատվածին, որից հետո տեղափոխվել էր «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ: Սակայն Ցոլակ Թանգամյանին փրկել չէր հաջողվել:
Այս դեպքից որոշ ժամանակ անց՝ հուլիսի 28-ին, հայտնի դարձավ, որ Թանգամյանը նամակ է գրել ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, Ազգային անվտանգության ծառայության պետին եւ ՀՀ ոստիկանապետին: Վերջինս նամակում նշել էր իր դեմ իրականացվող անարդարությունների եւ հետապնդումների մասին. «Սամվել Հրաչիկի Հունանյանը եւ Արթուր Վիրաբյանը, խլելով ինձանից Կիեւյան 2ա-ի 176 քմ տարածքը, եւ նույն ձեւով խլում են Կիեւյան 2ա-ի 124 քմ իմ տարածքը եւ հիմա էլ քրեական հետապնդում են իրականացնում` իրենց բարձրաստիճան մտերիմների հետ,-գրել էր Թանգամյանը՝ հավելելով,-Սամվել Հունանյանը եղել է ոստիկանության նախկին բարձրաստիճան աշխատող, որը հեռացվել եւ չինազրկվել է հրաման չկատարելու համար 2008թ.-ին: Իսկ ինչ վերաբերում է Քաջազնունու փողոցի 4շ. 13 բնակարանին, 6-րդ տարին է` չեմ կարող լինել իմ բնակարանի կամ գումարի տերը, որում անմիջական դեր են խաղացել Երեւան քաղաքի ոստիկանության քննիչ Աշոտ Կոստանյանը եւ Երեւան քաղաքի դատախազի տեղակալ Սասուն Խաչատրյանը: Այս բոլոր նյութերը կան Կենտրոն եւ Արաբկիր դատարաններում, ինչպես նաեւ Կենտրոն ոստիկանության քննչական բաժնում` քննիչ Լեւոն Թաթյանի մոտ, որոնք լրիվ անարդարության եւ շարունակական հետապնդումների արդյունք են: Խնդրում եմ մանրակրկիտ ուսումնասիրել եւ համապատասխան պատիժներ տալ նման անարժան բարձրաստիճան աշխատակիցներին: Ես բազմիցս բացականչել եւ տեղյակ եմ պահել ձեզ բոլորիդ: Այսքան անարդարություններից հետո ես չեմ կարող ապրել. տարիներ շարունակ ձգձգվում են ու շարունակվում են հետապնդումները»:
Եվ այսպես, դեպքի առթիվ 2013թ. հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվեց քրեական գործ: Իսկ հուլիսի 26-ին քրգործը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվեց ՀՔԾ: Դեպքից անցել է 6 ամիս, եւ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՔԾ-ից պարզել, թե ինչ փուլում է գտնվում բարձրաստիճան պաշտոնյանի եղբոր ինքնասպանության փաստով հարուցված քրգործը:
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը պատասխանել էր. «Քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ցոլակ Թանգամյանը հրազենով ինքնավնասումը կատարել է նախկինում ունեցած ֆինանսական խնդիրներից եւ իրավական վեճերից առաջացած հոգեկան լարվածության հետեւանքով: Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` ՀՀ գլխավոր դատախազության Երեւան քաղաքի դատախազի տեղակալ Սասուն Խաչատրյանի, ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀՔԾ բաժնի պետի տեղակալ Աշոտ Կոստանյանի, ՀՀ ոստիկանության ՔՀ վարչության պետի նախկին տեղակալ Սամվել Հունանյանի, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ Լեւոն Թաթոյանի, Արթուր Վիրաբյանի, ինչպես նաեւ այլ անձանց կողմից չեն կատարվել այնպիսի գործողություններ, որոնք սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությանը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով կարող էին Ցոլակ Թանգամյանին հասցնել ինքնասպանության»:
Արդյունքում, ըստ ՀՔԾ-ի, հիշյալ պաշտոնյաների կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնական լիազորություններն անցնելու, ինչպես նաեւ պաշտոնական որեւէ այլ հանցագործություն կատարելու հանգամանք նախաքննությամբ ձեռք չի բերվել, ուստի քրեական գործով որոշում է կայացվել վերոնշյալ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Ինչպես նկատեցինք, ՀՔԾ-ի կողմից ներկայացված պատասխանում հստակ մատնանշված է, որ Ցոլակ Թանգամյանի մահը վրա է հասել օրգանիզմի ընդհանուր ինքնաթունավորումից, որը պայմանավորված է հրազենային, գնդակային, միջանցիկ վիրավորման հետեւանքով զարգացած կղանքային պերիտոնիտով. «Ցոլակ Թանգամյանին բժշկական օգնություն ցուցաբերած բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանգամանքը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որից հետո քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական մարմին` նախաքննությունը շարունակելու համար»:
Այսպիսով՝ ինքնասպան եղած Ցոլակ Թանգամյանի վերջին ցանկությունն այդպես էլ չիրականացվեց, եւ մատնանշված պաշտոնյաներից որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվի: Ինչպես ասում են՝ չկա մարդ, չկա նաեւ ապացույց:
Իսկ թե որքանով են բուժաշխատողներն իրենց մասնագիտական պարտականությունները կատարել ոչ պատշաճ, ցույց կտան նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունը եւ արդեն ոստիկանությունում շարունակվող նախաքննությունը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԲՈՒԺԶՆՆՈՒՄՆԵՐ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ

Հունվարի 20-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Էջմիածնի հիվանդանոցում ժամկետային զինծառայող Էդիկ Շահնազարյանի մահվանից հետո ՊՆ գրեթե բոլոր զորամասերում լուրջ ստուգումներ են սկսվել: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ զորամասեր են տարվել թոքերի ստուգման համար նախատեսված հատուկ սարքեր, եւ բժիշկները հետազոտում են բոլորին անխտիր՝ անկախ նրանից՝ զինվորը նորակոչիկ է, թե ոչ: ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նմանօրինակ ստուգումները նորմալ երեւույթ են, եւ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ այն իրականացվում է հնարավոր վտանգները կանխարգելելու համար:

ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ

2013թ. նոյեմբերի 2-ին Կանազի կլինիկական հոսպիտալում ծեծի ենթարկված զինվորներին հունվարի 20-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են Կանազի կլինիկական հոսպիտալ: Այս մասին երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց սույն գործով կալանավորված զինծառայող Ռազմիկ Մանուկյանի մայրը` տիկին Աննան: Նշենք, որ այս գործով մեղադրանք էր առաջադրվել զինծառայողներ Ռազմիկ Մանուկյանին, Արշակ Թորոսյանին եւ Դավիթ Մարկոսյանին: Սակայն ավելի ուշ Դավիթի նկատմամբ առաջադրված մեղադրանքը հանեցին եւ նրան հոսպիտալից տուն ուղարկեցին: «Երեխաները գրեթե մեկ ամիս մնացին «Նուբարաշեն»-ում, որից հետո անհասկանալի պատճառներով հետ են տարել Կանազի հոսպիտալ: Չգիտենք՝ ինչ կլինի վերջը»,-ասաց տիկին Աննան:
Հիշեցնենք, որ զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը) եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խուլիգանություն) հատկանիշներով:

ԲԵՆԶԻՆ ՉԿԱ

«Հայփոստ» ՓԲԸ-ի Երեւան-Իջեւան, Երեւան-Վանաձոր եւ այլ ուղղություններով մեկնող վարորդներն այսօր աշխատանքի դուրս չեն գա: «Ժողովուրդ»-ին ահազանգած վարորդների խոսքով՝ պատճառն այն է, որ ընկերությունը հրաժարվել է բենզինի կտրոն տալ՝ պատճառաբանելով, թե չկա: Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել ընկերության մամլո խոսնակ Գեւորգ Աբրահամյանից, որը հայտարարեց. ««Հայփոստ» ՓԲԸ-ն այսօր, ինչպես եւ մյուս օրերին իր բնականոն ռեժիմով աշխատելու է»:

 

 

ԲԼԹ

«Խորհրդարանական ընդդիմադիր բոլոր ուժերը միաբերան հայտարարում էին, թե իրենք ոչ մի առնչություն չունեն հանրահավաքի կազմակերպման հետ… յուրաքանչյուր ուժ փորձում է հանրահավաքային վերմակն իր վրա քաշել»:

Կարեն Ավագյան
ՀՀԿ-ն, կրկին նեղվելով, մարտի դաշտ է նետել իր երիտասարդ բլոգերներին, որոնք համատեղության կարգով նաեւ ԱԺ-ում կոճակ սեղմող են: Եվ այստեղ, իհարկե, կարեւորն ընդդիմադիր ուժերին քննադատելն է, բացթողումներ հայտնաբերելը, որպեսզի այդ ֆոնի վրա թաքցվի ՀՀԿ-ի ողորմելիությունը: Սակայն վաղուց արդեն անիմաստ է թաքցնել այն, ինչն ակնհայտ է: Նույնիսկ եթե ՀՀԿ-ականների կողմից հնչող քննադատությունների մեջ որոշակի ճշմարտություններ էլ լինում են, միեւնույն է, դրանք չեն ընկալվում, քանի որ դրանց հեղինակները վաղուց արդեն հեղինակությունը կորցրած գործիչներ են:

 

«Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ԿԳԲ-ի գործակալներ են: Հայաստանի բոլոր կուսակցությունները ԿԳԲ-ի վերահսկողության տակ են»:

Պարույր Հայրիկյան 1in.am
Անկախության սիմվոլի մոտ կարծես թե արդեն լուրջ շեղումներ են նկատվում ԿԳԲ-ի թեմայով: Նախ ասում էր, թե ռուսական ԿԳԲ-ն 43 տարի է՝ փորձում է իրեն վերացնել եւ ոչ մի կերպ չի կարողանում, հիմա անցավ հայկականին` ԱԱԾ-ին վերագրելով գործակալների ամենամեծ ցանցը ունենալու կարգավիճակը: Այսինքն, ըստ Հայրիկյանի, ՀՀ երեք նախագահները, բոլոր կուսակցությունները, լրատվամիջոցները ԱԱԾ գործակալներ են: Եթե Հայրիկյանը ցանկը շարունակեր, այլ կառույցներ ու անուններ էլ կնշեր: Չենք զարմանա, եթե մի օր էլ նա հայտարարի, թե Հայաստանում, բացի իրենից, մնացած բոլորը ԿԳԲ-ի գործակալներ են:

 

«Ես վստահ եմ, որ նոր համակարգը կաշխատի: Պայքարողները ոչ թե թող դեմ լինեն, այլ պահանջեն էս բանն անեն, էն բանն անեն»:

Ահարոն Ադիբեկյան 1in.am
Մենք էլ վստահ էինք, որ պալատական նկարիչ Ա. Ադիբեկյանը կողմ կլիներ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, քանի որ այն իշխանությունների նախաձեռնությունն է, իսկ իրեն սոցիոլոգ համարողն ընդամենը իշխանության պատվեր կատարողն է, հետեւաբար պատվիրատուի հետ կապված ամեն ինչ նրա համար սրբություն պետք է լինի: Իրեն դժվար թե հուզի այդ 5 տոկոսը, քանի որ պատվերով «հետազոտություն» կատարողը փողից այդքան էլ չի նեղվի, եւ 5 տոկոս ավել կամ պակաս նրա վրա չի ազդի: Թե այդ ինչպես կաշխատի նոր համակարգը, կարեւոր չէ, կարեւորն իշխանական նախաձեռնությանն ի պաշտպան հանդես գալն է:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս