ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՐՁԱԿՎՈՒՄ Է ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐՈՎ

Ֆինանսների նախարարության եւ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի միջեւ օրերս ծագած հակամարտությունը գնալով նոր թափ է ստանում: Երեկ «Գալա»-ին հարցազրույց է տվել նախարարության ֆինանսական վերահսկողության վարչության պետ Սոնա Ղարիբյանը, ում՝ օրեր առաջ տված ասուլիսն էլ, ըստ էության, միջգերատեսչական փոխհրաձգության առիթ դարձավ. նա հայտարարել է, որ արձանագրված խախտումները, հնարավոր է, կրեն համակարգային բնույթ, որ իրենք խնդիրը ներկայացրել են ՊԵԿ-ին, ու եթե լուծումներ չտրվեն, անհրաժեշտ կլինի լրացուցիչ միջամտել:

Հիշեցնենք, որ Ս. Ղարիբյանն իր ասուլիսում խոսել էր ՊԵԿ-ում իրականացրած ստուգումների արդյունքների մասին եւ տեղեկացրել, որ ՊԵԿ փաստաթղթերից պարզվել է` մի շարք ընկերություններում ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման ու վճարման ոլորտում լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել: ՊԵԿ-ն էլ հանդես էր եկել պարզաբանմամբ, որ չարաշահումներն իրենք են հայտնաբերել, իսկ նախարարությունը կրկնել է իրենց բացահայտումները, եւ որ այլ ընկերություններում կատարված չարաշահումները կապ չունեն ՊԵԿ-ի գործառույթների հետ: Իր հերթին նախօրեին պատասխան հայտարարություն էր տարածել ֆինանսների նախարարությունը` ասելով, որ բացահայտված համակարգային խնդրի լուծման փոխարեն ներկայացվում են անտեղի արդարացումներ, հետո` կրկին ՊԵԿ-ը, որն էլ խորհուրդ էր տվել՝ իրենց քննադատելու փոխարեն «տեղին կլիներ տարիներով չիրականացված, բայց 2013թ. իրականություն դարձած անձնավորված հաշվառման համակարգի կատարելագործման ուղղությամբ աշխատել համատեղ եւ հետեւողականորեն»:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները երեկ պնդում էին` ՊԵԿ-ը, այնուամենայնիվ, որոշակիորեն թերացել է իր պարտականությունները կատարելիս. տարբեր ընկերություններում ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման ու վճարման ոլորտում չարաշահումները հայտնաբերելուց հետո չի կանխել դրանք, ու չարաշահումների գումարը ձնագնդի նման գնալով ավելացել է: Եվ դա է եղել պատճառը, որ ֆիննախը բարձրաձայնել է կատարվածի մասին:

 

 

 

 

ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ

Երբ խորանում ես ֆիննախ-ՊԵԿ փոխադարձ մեղադրանքների ու տարածած հաղորդագրությունների էության մեջ, պարզ է դառնում մեկ բան` տեղի է ունեցել երկուստեք թյուրըմբռնում, եւ որ անզգույշ ձեւակերպումները դարձել են միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքների պատճառ` «մի կաթիլ մեղրի» պատմության նման:
Սակայն նման փոխհրաձգությունը, այն էլ պետական երկու տարբեր գերատեսչությունների միջեւ, պատահական չէ: Առավել եւս, երբ կողմերը միմյանց հետ մշտապես լարված հարաբերությունների մեջ են:
Ուստի ակնհայտ է` սա իրականում վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանի հակասությունների հերթական դրսեւորումն է: Միայն թե` ՊԵԿ-ի դեմ վարչապետը ոչ թե անձամբ հարձակվեց, այլ ֆինանսների նախարարության միջոցով: Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը Տ. Սարգսյանի սանիկն է, նրա թիմի ամենավստահելի նախարարը, իսկ Սոնա Ղարիբյանը վարչապետի հետ ազգակցաբարեկամական հարաբերություններ ունի: Պատահական չէ նաեւ այն փաստը, որ նախահարձակ եղավ հենց վարչապետի թիմը. տեսակետ կա, որ Տ. Սարգսյանն ամեն գնով փորձում է դառնալ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը, եւ մինչեւ ծրագրի իրականացումը փորձում է մի շարք կարեւոր պաշտոններում ունենալ իր մարդկանց: Ու ՊԵԿ-ի դեմ նման հարձակումը հենց Գ. Խաչատրյանի պաշտոնանկությանը հասնելու ծրագրի մասերից մեկն է. ծրագիր, որ վարչապետը տարիներ շարունակ փորձում է իրագործել, բայց չի կարողանում:
Եվս մեկ ուշագրավ փաստ. սա վարչապետ-ՊԵԿ ղեկավար բացահայտ հակամարտության առաջին դեպքը չէ. նրանք առիթը բաց չեն թողել միմյանց դեմ հանդես գալու համար: Շատերը կհիշեն ՀՀ կառավարության՝ 2011թ. սեպտեմբերի 29-ի նիստը, երբ 2012թ. պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս վարչապետը խոսել էր հարկային մուտքերի մոտ 6 տոկոս աճի մասին, սակայն Գ. Խաչատրյանը հակադարձել էր` դա որակելով անիրականանալի, «բավականաչափ չհիմնավորված» հատկապես ճգնաժամային պայմաններում: Վարչապետն էլ իր տեսակետն էր առաջ տարել, թե հարկային եկամուտները պետք է ավելացվեն, եւ դա իրականանալի խնդիր է ու պետք է արվի:

 

ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵԼԻՆ

Այս հակասությունները, թերեւս, ցույց են տալիս իշխանական դաշտում տիրող անառողջ մթնոլորտը, միմյանց հանդեպ ատելությունն ու անհանդուրժողականությունը: Ընդ որում, իշխանություններն արդեն չեն կարող ու չեն էլ փորձում թաքցնել տարբեր թեւերի միջեւ հակասությունները: Ու որքան մոտենա Սերժ Սարգսյանի իշխանության ավարտը, այնքան նման դեպքերը կշատանան:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՈՒՇԱՑԱԾ ՆՈՐ ՏԱՐԻ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն Ամանորի եւ Սուրբ ծննդի տոների առթիվ լրագրողների համար այսօր ընդունելություն է կազմակերպել: Ու սա այն դեպքում, երբ այսօր հունվարի 22-ն է, ամանորյա տոներից անցել է երեք շաբաթ: Եվ հունվարի 22-ին Ամանորի առթիվ ընդունելություն կազմակերպելը, մեղմ ասած, ծիծաղելի է հնչում: Չնայած կարելի է ենթադրել, որ Էդ. Նալբանդյանը որոշել է Ամանորը լրագրողների հետ դիմավորել չինացիների նման. ըստ ինտերնետային «Վիքիպեդիա» հանրագիտարանի` «ավանդական չինական Նոր տարին նշվում է ձմեռային գիշերահավասարից հետո՝ լուսնի լրիվ ցիկլի ավարտին հաջորդող նորալուսնի օրը: Ըստ Գրիգորյան օրացույցի՝ այդ օրն ընկած է հունվարի 21-ից փետրվարի 21-ի միջեւ»:

 

ԷԼԻ ԳՆԱՃ

Երեք տարվա ընթացքում Հայաստանում 18.8 տոկոս գնաճ է արձանագրվել: ՀՀ ԱՎԾ-ն հրապարակել է «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում» վերնագրով զեկույց, ըստ որի` 2010թ. համեմատ՝ 2013-ին ընդհանուր գնաճը կազմել է 18.8 տոկոս: Հատկապես զգալի է եղել պարենային ապրանքների գնաճը` 21.7 տոկոս, հագուստի եւ կոշիկի գնաճը` 22.2 տոկոս, բուժսպասարկումն ու դեղորայքը` 28.8 տոկոս: Իսկ ահա 2012թ. համեմատ՝ նախորդ տարի արձանագրված գնաճը կազմել է 5.8 տոկոս: Խոստովանենք` մտահոգիչ թվեր են:

 

ԵԿԱՎ ՀԱՍԱՎ

Սերժ Սարգսյանը երեկ վերջապես վերադարձել է երկարատեւ արձակուրդից եւ նույնիսկ սկսել աշխատանքային հանդիպումները: Երեկ նա ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Ս. Սարգսյանը նրա հետ խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման մասին ու խորը մտահոգություն հայտնել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ադրբեջանական կողմից շարունակվող սադրանքների ու զինադադարի խախտման դեպքերի կապակցությամբ: Ուշագրավը, սակայն, այն է, որ Ս. Սարգսյանը սահմանին տեղի ունեցած դեպքերի ժամանակ վայելում էր իր արձակուրդն ու միայն այսօր է խոսում կատարվածի մասին:

 

ՄՆԱՑ ՀԵՏՈ

Երեկ խորհրդարանում տեղի է ունեցել ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ նրանք քննարկել են համագործակցությունը հետագայում շարունակելու վերաբերյալ ընդհանրական հարցեր, սակայն կոնկրետ որոշումներ չեն ընդունվել: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ համագործակցության վերաբերյալ կոնկրետ քայլերն ու որոշումները կլինեն ԵԽԽՎ հայկական պատվիրակության` Ստրասբուրգից վերադառնալուց հետո. բանն այն է, որ առաջիկայում ԵԽԽՎ նիստին կմեկնեն պատվիրակության անդամներ Լեւոն Զուրաբյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Արմեն Ռուստամյանը, այսինքն նրանք, ովքեր հիմնականում բանակցում են ու որոշումներ ընդունելու հարցում ունեն առանցքային դերակատարություն:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԷԼԻ ՎԱՐԴԱՆԻԿԸ

Գյումրիից ստացված տեղեկություններով` նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին իր ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը, նրա հասցեին հայհոյանքներ եւ սպառնալիքներ հնչեցրել: Ականատեսների վկայությամբ` խումբը եղել է զինված, եւ Սպարտակ Ղուկասյանը սպառնացել է «խփել տալ» Բալասանյանին: Tert.am-ի հավաստի տեղեկություններով` դեպքը տեսանկարահանվել է տարածքում տեղադրված տեսախցիկներով: Հավելենք, որ նախկինում եւս նման դեպքեր եղել են, սակայն Ղուկասյանի տղան դեռ ազատության մեջ է:

 

ԿՀԱՆԴԻՊԵՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա հունվարի 24-ին: Այն տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

 

ԳԻՏԱԿՑԵԼՈՎ ԿՈ՞ՒՇՏ ԿԼԻՆԵՆ

2014-ի հուլիսի մեկից պետական ծառայողների աշխատավարձերը կավելանան առնվազն 40 տոկոսով: «Ավագ մասնագետների, բաժնի պետերի ու վարչության պետերի աշխատավարձը կկազմի մոտ 250 հազար դրամ»,-երեկ հպարտությամբ հայտարարել է սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը: Արձագանքելով լրագրողներից մեկի հարցին, թե մինչ այդ ինչ միջոցների հաշվին պետք է ապրեն պետական ծառայողները, Ասատրյանն ասել է. «Պետական աշխատողները գիտակցում են բարեփոխման կարեւորությունը ու գիտակցում են, որ ապագա կենսաթոշակների չափը կախված է հենց իրենցից»:

 

9 ՀՈԳՈՎ ԸՆԴԴԵՄ 30-Ի

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց կատարած այցելության ընթացքում՝ երեկ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատասխանելով աշակերտներից մեկի հարցին, պատմել է հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն ադրբեջանական դիվերսիոն խմբի՝ ԼՂՀ ներխուժելու փորձի մասին. «9 մարդ կարողացել է հակազդել մոտ երեք տասնյակ դիվերսանտների ու նրանց ելման կետերը վերադարձնել»: Հիշեցնենք, որ ադրբեջանական այս սադրանքի արդյունքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ հերոսի մահով զոհվեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

 

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ Է ԿԱԽՎԱԾ

«Մայդանի հետագա զարգացումը մեծ մասամբ կախված է նրանից, թե իշխանությունն ինչ քայլեր կձեռնարկի»,-երեկ «Մեդիա կենտրոն»-ի քննարկմանը հայտարարել է ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն: «Այն, ինչ տեսնում ենք Ուկրաինայում, դա ծայրահեղական ուժերի արդյունք է, նրանք որոշել են իրենց վերաբերմունքն արտահայտել ներկայիս իրավիճակի մասին այս ճանապարհով: Բայց դեռ բոլոր հնարավորությունները սպառված չեն, որ խաղաղ ճանապարհով լուծվեն այդ խնդիրները»,-հույս է հայտնել Բոժկոն:
ՄԻԱՅՆ ՄԻ՛ ԽԱՆԳԱՐԵՔ

«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում հուսադրում է, սակայն գլխավորը կախված է հակամարտության կողմերից»,-«Ազատության» փոխանցմամբ` երեկ Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Պահանջվում են հավելյալ ջանքեր համաձայնության հասնելու համար: Մենք պատրաստ ենք նպաստել, բայց նրանց փոխարեն մենք այդ աշխատանքը չենք անի»,-ասել է Լավրովը:




Լրահոս