Էնտերովիրուսային մենինգիտի աշխուժացում կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից, որ Երեւանում, այսպես կոչված, «ջրային մենինգիտ» է տարածվել, արդյունքում` երեւանյան հիվանդանոցներում այցելությունների աճ է նկատվում: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ:

-Ջրային մենինգիտ ախտորոշում գոյություն չունի: Ջրի հետ կապված որեւէ խնդիր չունենք, բայց ես կասկածում եմ, որ խոսքը գնում է էնտերովիրուսային մենինգիտների մասին: Ընդհանուր առմամբ, կարող են այդ մենգիտներն առաջանան այն դեպքում, երբ երեխաները լողում են այնպիսի ջրավազաններում, որտեղ չի թույլատրվում: Եղանակը շոգ է եւ նրանք կարող են այդ ջրավազաններում վարակվել էնտերովիրուսներով, որը եւ կարող է առաջացնել մենինգիտ:

-Իսկ այս պահին Ձեր նշած ախտորոշմամբ Երեւանում կա՞ն հիվանդներ:

-Մենք ունենք երեք հոսպիտալներում էնտերովիրուսային վարակով պայմանավորված հիվանդներ: Դա նոր բան չէ, ուղղակի այս տարի մենք հստակ գիտենք, թե որ հարուցիչի հետ գործ ունենք:

-Տիկին Սահակյան, դա բուժման ենթակա՞ է, թե՞ ոչ: Որեւէ վտանգ սպառնո՞ւմ է մարդուն:

-Իհարկե բուժման ենթակա է: Երեխաները շատ արագ կազդուրվում են: Առավելագույնը հոսպիտալացվում են չորսից-հինգ օր: Նրանք շատ արագ ոտքի են կանգնում՝ առանց որեւէ բարդության: Պատկերացրեք, ընդամենը մեկ կամ երկու կաթիլային ստանալուց հետո անմիջապես ախտանշաններն անցնում են եւ երեխաների մոտ կարծես ոչինչ էլ չի եղել:

՞նչ խորհուրդ կտաք քաղաքացիներին: Նման դեպքերում ինչպե՞ս վարվեն:

-Հիմնականում դա համարվում է կեղտոտ ձեռքերի հիվանդություն: Այն օրգանիզմ է թափանցում բերանով, այդ պատճառով էլ ծնողներին խորհուրդ է տրվում, որ շատ ուշադիր լինեն հիգիենային. ձեռքերին, բանջարեղենի, մրգերի լվանալուն եւ դրանք օգտագործեն միայն լավ լվանալուց հետո: Ամեն անգամ խաղալուց, զուգարան գնալուց հետո աշխատեն, որ երեխաները հիգիենայի այդ կանոնները պահպանեն: Խորհուրդ կտամ նաեւ, որ երեխաներին չթողնեն պատահական ջրավազաններից օգտվել: Այս պահին կանխարգելիչ ուղղությունը ծնողի համար միայն դա է, որպեսզի մի փոքր զերծ մնան եւ խուսափեն պատահական ջրավազաններից:

– Կարո՞ղ եք հստակ թիվ ասել, թե որքան երեխա է բուժվում հիվանդանոցներում:

– Այս հիվանդությունն առաջին տարին չէ, որ գրանցվել է: Այն մշտապես եղել է, ուղղակի այս տարի մի փոքր աշխուժացում նկատվեց: Հուլիսի սկզբին էր այդ շարժը, հիմա վիճակը բավականին կայունացել է:

զրուցեց` ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս