Օգոստոսի 7-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննարկելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հայցադիմումը` ընդդեմ ՕԵԿ-ի, հստակ վճիռ է կայացրել` բուհին պատկանող տարածքում խստիվ արգելվում է շինարարական որևէ գործողություն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի լրատվության բաժինը։
Հաղորդագրության մեջ ասվում է. «Դատարանի որոշմամբ կարգադրվել է նաև վերականգնել համալսարանին պատկանող ավտոտեխսպասարկման տանիքը, որը ապօրինի քանդվել էր ՕԵԿ-ի կողմից: Որոշման կատարումը հանձնվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը:
Ագրարայինի ուսանողներն ու աշխատակիցները լիահույս են` որոշումը անշեղորեն կկատարվի, և բուհը նոր ուսումնական տարին կսկսի բնականոն ընթացքով:
Չնայած դատարանի այս որոշումներին` մամուլում սխալ տեղեկատվություն էր տարածվել, թե իբրև ՕԵԿ-ը «դատական կարգով շահել է համալսարանի հետ ունեցած վեճը»: