ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ ԵՆ
Ապրիլի 5-ին տեղի է ունեցել ՀԱԿ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածուների, Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչների եւ տարածքային կառույցների ղեկավարների համատեղ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
ՉԻ ԲՈՂՈՔԱՐԿԻ
Ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դատավճիռը չի բողոքարկվի: Այս մասին NEWS.am-ին ասել է Հ. Թամամյանի պաշտպան Վաղինակ Գեւորգյանը` ավելացնելով, որ Թամամյանը չի ցանկանում դուրս գալ պետության դեմ:
ՄԵՐԺԵՑԻՆ
ՀՀԿ կողմից թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Սամվել Ֆարմանյանը բողոք էր ներկայացրել ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի դեմ` պատճառաբանելով, թե նա խախտում է Ընտրական օրենսգիրքը` քարոզչական նյութեր տարածելով: ՀՀԿ թեկնածուի դիմումը մերժվել է, քանի որ թիվ 2 ԸԸՀ նախագահ Գուրգեն Խաչատրյանի հաղորդմամբ. «Նախ հստակ չէր` դա քարոզչություն է, թե ոչ: Բուկլետը չէր կարելի ակնհայտ քարոզչամիջոց դիտարկել: Նույնիսկ եթե դիտարկվեր, դա չի նշանակում, որ սահմանված ժամկետից դուրս չի կարելի քարոզչություն անել»:
ԿԳՆԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ
Երեկ ՀՀ կառավարությունը հրապարակել է այն պաշտոնյաների ցանկը, որոնք մինչեւ ընտրությունները պետք է արձակուրդում լինեն` զբաղվելով կուսակցական քարոզչությամբ: Ցանկում ընդգրկված են 8 մարզպետ եւ 35 այլ պաշտոնյա: Նախարարներն արձակուրդ չեն մեկնի, քանի որ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է համարվում:
ՊԱՐԶՈՒՄ ԵՆ
Ոստիկանությունն արձագանքել է ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի առաջարկին, որոնք ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից խնդրում են իրենց տրամադրել Հայաստանից մշտապես բացակայող, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը: ՀՀ-ից վեց ամսից ավելի ժամկետով դուրս եկած քաղաքացու տվյալները ՀՀ ոստիկանությունը պարզում է ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի թիվ 884-Ն որոշման հիման վրա` նախապես հայտնի կոնկրետ անձի անհատական տվյալների որոնմամբ:
ԱՊՈՒՇՈՒԹՅՈՒՆ Է
Ադրբեջանական Vesti.az կայքը գրել էր, թե Բաքվում Եվրանեսթի նիստին մասնակցող հայկական պատվիրակության անդամները եղել են ոչ սթափ վիճակում: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի` սա, իբր, հաստատել է համանախագահող Քրիստիան Վիգենինը: ՀՀ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այդ տեղեկատվությունը որակել է «ապուշություն» եւ ավելացրել. «Մենք նույնիսկ այստեղ չենք նիստերին ոչ սթափ վիճակում գնում, ուր մնաց թե այնտեղ»: