Բրիտանական Էյլսբեր քաղաքի 43-ամյա բնակիչը քնելուց առաջ սիրում է կարդալ: Այդ սովորությունը նրա համար տարօրինակ հետևանքներ է ունեցել: Պարզվել է, որ թիթեռը մտել է տղամարդու ականջը և ապրել այնտեղ երեք օր՝ տղամարդուն անասելի ցավեր պատճառելով: Արդյունքում, նա դիմել է բժշկի, որը և դուրս է հանել միջատին, տեղեկացնում է Mirror-ը:
«Ես երեք օր սպասեցի, որ թիթեռը ինքը դուրս գա, սակայն ապարդյուն: Նա անընդատ դզզում ու դզզում էր: Ցավը գնալով ուժեղանում էր, և ես ստիպված հիվանդանոց գնացի», – պատմել է թիթեռից տուժած Ռոբ Ֆիլդինգը:
Սկզբում բժիշկները չէին հավատում նրա պատմածին: Սակայն զննման ժամանակ բժիշկները տեսել են, որ նրա ականջից դուրս է ցցված միջատի թևերի մի մասը: Հիվանդի ականջից թիթեռի հեռացման օպերացիան տևել է մեկ ու կես ժամ: Արդյունքում թիթեռը «զոհվել» է: Ֆիլդինգը միջատին դրել է ապակու տակ և ցուցադրում է ընկերներին և ծանոթներին: