ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ` ԳԱՂԹԱԿԱՆ

Լուգանսկում բնակվող Արտյոմ Նախոյանը արյունալի պատերազմից երեխաներին փրկելու համար ուղղակի փախել է Ուկրաինայից: Հուլիսի մեկին ընտանիքը գաղթել է Հայաստան՝ ապաստանելով Սիլիկյան թաղամաս 3-րդ գյուղում՝ պահեստանման մի վայրում, առանց տարրական հարմարությունների։

Արտյոմն ու իր կինը՝ ազգությամբ ուկրաինուհի Էլան, ՀՀ իշխանություններից աշխատանք են խնդրում։ Պատրաստ են ամեն տեսակի աշխատանք անել: Ասում են՝ այնտեղ կարգին ապրում էին. Էլան դիմահարդար էր, իսկ Արտյոմը հանքափոր: Պատերազմական իրավիճակը ստիպեց ընտանիքին դառնալ գաղթական, նախընտրեցին Արտյոմի հայրենիք Հայաստան գալ՝ հուսալով, որ գոնե հարազատ վայրում են: Սակայն արդեն 2 ամիս է՝ աշխատանք գտնել չեն կարողանում, ասում են՝ խոստանում են ու գնում: 4 երեխա ունեն, ամենափոքրը 7 ամսական է, մյուսները՝ 4 տարեկան եւ ավելի մեծ։ Ի դեպ, ամենափոքրիկը սրտանոթային համակարգի խնդիր ունի, հայրն էլ երիկամներից է հիվանդ, սակայն առանց այդ մասին մտածելու ուղղակի աղերսում է ցանկացած աշխատանք։ Ընտանիքի անդամները հատակին են քնում, չունեն բացարձակ ոչինչ, ասում են՝ ինչ հնարավոր է եղել՝ հավաքել ու եկել են։ Մինչ այսօր հարեւանների տված ուտելիքով են գոյատեւում: Համեստ ընտանիք է, խիստ անհրաժեշտ բաներ խնդրեցին, մեզ հետ զրույցում երեխաներն էլ կաթ, կոնֆետներ, բարբի տիկնիկներ, խաղալիքներ ուզեցին…
Ասում են՝ այստեղ՝ մեր երկրում, հանգիստ են, գոնե պատերազմի վտանգ չկա, բայց ապրելու ու գոյատեւելու հարցը մեծ խնդիր է, որի լուծումն առանց աշխատանք ինչքան պիտի շարունակվի, դեռեւս չեն պատկերացնում: Հուսանք, որ մեր հրապարակումն անարձագանք չի մնա, եւ համապատասխան ատյաններն ու պարզապես բարի մարդիկ ձեռք կմեկնեն հայրենիք վերադարձած այս ընտանիքին:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

 
ԵՐԿՐՈՐԴ ՍՈՐՏԻ՞ ԵՆ

Տավուշի մարզի սահմանամերձ տարածքների՝ Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջանների ֆուտբոլասերները դժգոհում են, որ իրենք հնարավորություն չունեն հետեւելու եվրոպական առաջատար երկրների ֆուտբոլային առաջնություններին: Դրանք հեռարձակում են Երեւանում եւ Արարատյան դաշտում սփռվող հեռուստաընկերությունները: Օրինակ` ֆուտբոլի Անգլիայի առաջնության խաղերը հեռարձակվում են հայկական երկրորդ հեռուստաալիքով: Սակայն 2014թվականի հունվարի 1-ից Հ2-ը դադարեցրել է հաղորդումների հեռարձակումը Տավուշի մարզի սահմանամերձ տարածքներում՝ Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Ներկայում սահմանամերձ այդ տարածաշրջանների ֆուտբոլասերները կարող են միայն «Արմենիա« հեռուստաընկերությամբ դիտել ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի, իսկ Հ1-ով՝ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները:
Օգոստոսի 19-ին եւ 20-ին «Արմենիա» հեռուստաընկերությունը պետք է Տավուշի սահմանագոտում ցուցադրեր Եվրոպայի չեմպիոնների լիգայի «Բեշիկթաշ-Արսենալ» եւ «Պորտու-Լիլ» խաղերը: Սակայն այդ խաղերի միայն երկրորդ խաղակեսերը ցուցադրվեցին: Արբանյակային հեռարձակման հետ կապված տեխնիկական խնդիրներ կային, ինչի պատճառով ֆուտբոլասերները եթերում տեսնում էին լոկ արբանյակային հեռարձակման մենյուն: Հիշեցնենք, որ սահմանային վերջին լարվածության օրերին Տավուշի մարզ այցելած ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Երեւան վերադառնալուց հետո ուրախությամբ նշում էր, որ Դովեղ կատարած իր այցի ընթացքում գյուղի ծայրամասում, սահմանին ամենից մոտ գտնվող տան բնակիչ Կարեն Վարդանյանն իրեն ասել էր, թե իրենք կաշխատեն «կապրեն»,պետք է միայն Նոյեմբերյանի տարածաշրջանում վերականգնել ֆուտբոլային խաղեր ցուցադրող հեռուստաալիքների հեռարձակումը: Սրանից ԱԺ փոխխոսնակը հետեւություն էր անում, որ սահմանագոտու բնակիչներն ամուր կանգնած են իրենց հողի վրա եւ մտադիր չեն որեւէ պարագայում այն լքել: «Ժողովուրդ»-ը զրուցեց Կարեն Վարդանյանի հետ, ով պատմեց, որ օգոստոսի 1-ին ադրբեջանական խոշոր տրամաչափի գնդացրի գնդակն ընկել է իր տան մեջ եւ վախեցրել տանը գտնվող իր թոռնիկներին: Բացի այդ, 2002 թվականին էլ նա իր անասունները պաշտպանել է ադրբեջանցի անասնագողերից, ովքեր հրազենով ծանր վիրավորել են Կարենին: Կենսախինդ այս դովեղցու խոսքերով՝ վերջերս Հ2-ի հեռարձակման վերականգնման համար Նոյեմբերյան քաղաքում երիտասարդները դիմել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, ով խոստացել է լուծել այդ հարցը: Տավուշի սահմանագոտու բնակիչները պարբերաբար դիմագրավում են ադրբեջանական ոտնձգություններին եւ ապրում հոգսաշատ կյանքով: Ուստի իշխանությունները պարտավոր են առավել ուշադիր եւ հոգատար վերաբերմունք ունենալ նրանց հանդեպ: Մինչդեռ մեր բարձրաստիճան պաշտոնյաները գալիս, Տավուշի սահմանագոտում սելֆի են անում եւ դրանով իրենց հայրենասիրական պարտքը կատարված համարում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 
ՍՊՈՐՏ

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԽԱՂԻ ԺԱՄԱՆԱԿ
Ալժիրի ֆուտբոլի առաջնության «Կաբիլիա»-«Ալժիր» հանդիպման ժամանակ ողբերգություն է տեղի ունեցել: Տանտերերից կամերունցի լեգեոներ Ալբերտ Էբոսսեն մահացել է խաղադաշտ նետված քարից: Նա 24 տարեկան էր: Իր թիմի կազմում նա անցկացրել էր 33 հանդիպում եւ դարձել 19 գոլի հեղինակ: Նաեւ նրա օգտին Կամերունի հավաքականի կազմում անցկացրած վեց խաղերն են: Նախորդ մրցաշրջանում նա Ալժիրի առաջնության լավագույն ռմբարկուն էր:

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ Է
Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտված շախմատի աշխարհի 13-րդ ուսանողական առաջնությունում Հայաստանի հավաքականը (Կարեն Գրիգորյան, Զավեն Անդրիասյան, Տիգրան Ս. Պետրոսյան, Մարիա Գեւորգյան) թիմային հաշվարկում գրավել է երրորդ տեղը: Հայաստանի թիմը 27 հնարավորից վաստակել է 18 միավոր՝ արժանանալով բրոնզե մեդալի: Թիմային հաշվարկում առաջին տեղը գրավել են 20,5 միավոր հավաքած լեհերը, իսկ ռուսները 18.5 միավորով երկրորդն էին:
Հիշեցնենք, որ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն անհատական մրցումներում դարձել էր արծաթե մեդալակիր, Զավեն Անդրիասյանը զբաղեցրել էր 7-րդ տեղը, իսկ Տիգրան Ս. Պետրոսյանը 20-րդն էր: Կանանց մրցաշարում Մարի Գեւորգյանը գրավել էր 6-րդ տեղը:

 

80 ՄԻԼԻՈՆ ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄԱՑ
Մադրիդի «Ռեալ»-ի եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան օգոստոսի 26-ին պաշտոնապես կդառնա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ:
26-ամյա արգենտինացուն ձեռք բերելու համար Անգլիայի 20-ակի չեմպիոնը կվճարի 80 միլիոն եվրո: Դի Մարիան կդառնա «Ռեալ»-ի կողմից վաճառված ամենաթանկ ֆուտբոլիստը՝ գերազանցելով Մեսութ Օզիլին, ում ձեռք բերելու համար Լոնդոնի «Արսենալ»-ը 2013-ին վճարել էր 45 միլիոն եվրո:
Անխել Դի Մարիան 2010-ին Լիսաբոնի «Բենֆիկա»-ից է տեղափոխվել «Ռեալ»: Նախորդ մրցաշրջանում նա Կարլո Անչելոտիի թիմի կազմում մասնակցել է 45 խաղի՝ դառնալով 7 գոլի եւ 22 գոլային փոխանցման հեղինակ:

 




Լրահոս