ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄԻ ՔԱՆԻ «ՃԱԿԱՏՈՎ» ԱԿՏԻՎԱՑԵԼ Է

Դատելով ոչ իշխանական կամ, այսպես ասած, այլընտրանքային դաշտում տեղավորված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերից, Գագիկ Ծառուկյանը որոշել է լրջորեն պատրաստվել «թեժ աշնանը»՝ նախագահի ընրություններին անձամբ կամ ուրիշի դեմքով մասնակցելու համար: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ Ծառուկյանն իր մի քանի հավատարիմների հետ երկար ժամանակ խորհրդակցություն է անցկացրել:

Այն, որ ԲՀԿ նախագահն իր թիմակիցների հետ խոսելու շատ բան ուներ, միանշանակ է: Ի վերջո, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը Սահմանադրության փոփոխություններին սեփական տարբերակի ներկայացմամբ մասնակցելու պատճառաբանությամբ հրաժարվեց քայլել ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգություն» կուսակցության հետ նույն ճանապարհով: Թեեւ մյուս կողմից՝ չի բացառվում, որ ԱՖԿ «Սիստեմա» ընկերության հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովին տնային կալանքի դատապարտելուց հետո 124-ամյա կուսակցությունը հասկացավ, որ Ռոբերտ Քոչարյանի վերադառնալու շանսերն առավել փոքրացան եւ հանուն Գագիկ Ծառուկյանի նախագահական նկրտումների, չարժե կանգնել ԲՀԿ-ի կողքին: Դրա համար էլ որոշեցին մի կողմ քաշվել:
Իսկ ի՞նչ են երեկ քննարկել ԲՀԿ-ականները Ծառուկյանի հետ: «Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցի պատասխանը ստանալ մի շարք կուսակցականներից, սակայն նրանց մի մասն անտեղյակ էր, իսկ տեղյակներն էլ լռեցին: Մեր աղբյուրներից հաջողվեց պարզել, որ ԲՀԿ-ում որոշվել է շարունակել ակտիվությունը տարբեր ուղղություններով, քանի որ վստահ են, որ Սարգսյանի իշխանությունը բավականին թուլացած վիճակում է: Նրանք մի շարք մարտավարական հարցեր են քննարկել՝ բազմակոմբինացիոն քայլեր իրականացնելու ուղղությամբ:
Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանի անուղղակի ֆինանսավորմամբ ազատամարտիկների մասնակցությամբ միաժամանակ երկու կառույցներ են ստեղծվում: Շաբաթ օրը Ծառուկյանին պատկանող «Փարավոն» համալիրում կայացավ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ «Երդվյալ ազատամարտիկների միության» առաջին համագումարը: Անկախության օրն էլ մյուս ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի մասնակցությամբ եւ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի նախագահությամբ ստեղծված «Ազատամարտի նվիրյալներ» հկ-ն էր Եռաբլուր այցելել: Այս միությունն արդեն ահագին «բարգավաճել է» եւ սկսել ոչ միայն մարզային հանդիպումները, այլեւ էլեկտրոնային կայք է բացել: Այսպիսով, Գագիկ Ծառուկյանը հաստատուն քայլերով ազատամարտիկներին տրոհում է, որը դժվար թե որեւէ լավ բանի հանգեցնի: Բայց մյուս կողմից էլ պետք է նկատենք, որ ԵԿՄ-ն սերտաճել է իշխանության հետ ու թույլ է տվել այս իրավիճակի ձեւավորմանը:
Բայց, ինչպես նշեցինք, Ծառուկյանի արշավը միայն այս ուղղությամբ չէ. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա նաեւ մի շարք քաղաքական ուժերի ու գործիչների է սկսել ստվերային կերպով ֆինանսավորել, որպեսզի անհրաժեշտ վճռական պահին նրանք կատարեն հենց ԲՀԿ առաջնորդի հրահանգները: Պարզվում է՝ այդպիսիք քիչ չեն:
Եվ այս ամենին զուգահեռ, բնականաբար, Ծառուկյանը մեծ հատկացում է արել քարոզչությանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդի կողմից անուղղակի կերպով մի շարք լրատվամիջոցներ են ֆինանսավորվում: Շատ «խայտաբղետ» անուններով էլեկտրոնային կայքեր են սկսել ի հայտ գալ կամ «վերակենդանանալ», որոնք եւս ծառայելու են ԲՀԿ-ի քարոզչությանը: Նրանք ակտիվորեն զբաղված են, օրինակ, ԲՀԿ երիտասարդական թեւի գործունեության լուսաբանմամբ՝ ներկայացնելով, թե քանի երիտասարդներ են կուսակցական դարձել եւ ինչքան է Ծառուկյանը կարեւորում երիտասարդների հետ համագործակցությունը:
«Ժողովուրդ»-ը փորձեց ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից պարզել, թե ի՞նչ նպատակով են սկսել նոր լրատվամիջոցներ հիմնել կամ ֆինանսավորել գործող լրատվամիջոցներին: «Մենք բազմաթիվ նման առաջարկներ ունենում ենք՝ հովանավորել լրատվական միջոցների գործունեությունը, բայց հրաժարվում ենք: Նման բան չկա, մենք չենք հովանավորում ԶԼՄ-ի աշխատանքը»,- պատասխանեց Ի. Տոնոյանը:
Մեր մյուս հարցին, թե ինչ գործընթացների է պատրաստվում ԲՀԿ-ն, որի համար մեծ ֆինանսներ է հատկացրել. ճի՞շտ են լուրերը, որ Ծառուկյանը ցանկանում է նախագահ դառնալ՝ պարաստվելով նախագահական արշավի, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Տրամաբանական է, որ ամառային համեմատաբար հանգիստ գործունեությանը հաջորդելու է ավելի ակտիվ գործունեություն: Որեւէ շեշտակի փոփոխություն, որի համար նախատեսված է լուրջ ֆինանսավորում, չկա, այդ ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում»:

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ՀԻՄԱ ԷԼ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
«Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպությունը պատրաստվում է սեպտեմբերի 26-ին Հրազդան քաղաքում նիստ անցկացնել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ ՀԿ-ի անդամները հավաքվել ու խորհրդակցություն են անցկացրել՝ հասկանալու, թե ինչ ֆորմատով է լինելու նիստը: «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի խոսքերով՝
-Մենք մեր թիմակիցներով այս անգամ հանդիպելու ենք Հրազդանում ու ընդհանուր հարցեր ենք քննարկելու, որոնք վերաբերում են Հայաստանին:
-Ինչպես հայտնի է, շաբաթ օրն էլ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանն (Ծաղիկ Ռուբո) էր «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումար արել: Հրավիրվե՞լ էր արդյոք «Ազատամարտի նվիրյալներ» ՀԿ-ից որեւէ ներկայացուցիչ:
-Ես այդ օրը զբաղված եմ եղել:
-Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր, պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ եթե Վ. Սարգսյանը ողջ լիներ, ապա այսքան շատ միությունների գոյությունն իր սրտով չէր լինի:
-Ես չեմ ցանկանում որեւէ մեկի խոսքը քննել, բայց մի բան կասեմ, որ եթե շատ բան այսօրվա իրականության պես չլիներ, եթե մենք այսպիսի պետություն չունենայինք, մասնատված չէին լինի ո՛չ ազատամարտիկների միությունը, ո՛չ կուսակցությունները եւ ո՛չ էլ ժողովուրդը: Մենք մեղավոր չենք, որ այսպիսի վիճակի մեջ ենք հայտնվել:

 

ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ առաջիկա քառօրյայում խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացնելու է ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը կղեկավարի հանձնաժողովը, քանի որ ընդդիմադիր խմբակցությունների մեջ եղած ամենամեծը՝ ՀԱԿ-ը, չի ցանկացել ղեկավարել հանձնաժողովը ու, առհասարակ, անդամ ունենալ այնտեղ: ԱԺ ՀՅԴ խմբակցությունից հանձնաժողովի կազմում լինելու է խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ԲՀԿ-ից՝ Վահան Բաբայանը, իսկ ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանը: Ինչ վերաբերում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցությանը, ապա այնտեղ այդ հարցում դեռեւս որոշում չի կայացվել:

 

ՉԵՆ ԼՌԵԼՈՒ
Նախորդ շաբաթ «Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած քաղաքացիներին հաջողվեց հանդիպել եւ զրուցել Սերժ Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ թեեւ Սարգսյանն այնքան էլ բարեհամբույր պահվածք չդրսեւորեց իր առանձնատան մուտքի մոտ հավաքված տուժած քաղաքացիների հետ զրուցելիս, այնուամենայնիվ, խոստացավ, որ համապատասխան մարդիկ կզբաղվեն այդ խնդրով՝ երկու օրվա ընթացքում: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Տոնուս»-ից տուժած քաղաքացիների հետ եւ պարզեց, որ խոստումից մեկ շաբաթ է անցել, սակայն դեռ արձագանք չկա: Տուժած քաղաքացիները վստահեցնում են, որ իրենք չեն պատրաստվում լռել:

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՆՇԱՆԱԿԱԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Daily Sabah-ի տեղեկություններով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Նյու Յորքում նախատեսում է հանդիպել հրեական եւ հայկական համայնքների առաջնորդների հետ: Ըստ աղբյուրի` Էրդողանը հանդիպելու է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արեւելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հետ:

 

ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ
Վերաքննիչ քրեական դատարանը երեկ մերժել է «Հրապարակ» օրաթերթի եւ ilur.am կայքի բողոքը` օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը, որով լրատվամիջոցներին պարտադրվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Հիշեցնենք, որ երկու լրատվամիջոցներն էլ, հղում անելով իրեց աղբյուրին, տեղեկացրել էին, որ Շիրակի ոստիկանապետը բռնություն է գործադրել մարզիկ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ: Այս կապակցությամբ ՀՔԾ-ն միջնորդությամբ դիմել էր Կետրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ երկու լրատվամիջոցներին պարտադրելով հրապարակել իրենց տեղեկատվության աղբյուրը:

 

ՏՀԱՃ ՄԻՋԱԴԵՊԵՐՈՎ
«Հայելի»-ի տեղեկացմամբ` նախօրեին Մարզահամերգային համալիրում կազմակերպված Անկախության տոնակատարության ժամանակ տեղի են ունեցել մի քանի տհաճ միջադեպեր: Նախ` տեխնիկական խոտանի պատճառով մոտ երեք րոպե հնարավոր չի եղել միացնել բարձրախոսի ձայնը, որով ելույթ է ունեցել Սերժ Սարգսյանը: Բացի այդ` մի քանի սփյուռքահայ տիկնայք սայթաքել եւ գլորվել են աստիճաններից` այդպիսով գրավելով բոլորի ուշադրությունը:

 

ԿԻՍԵԼԵՎԻ ԼԱՅԹՍ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Երեկ ԱԺ-ում կայացել է հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի 7-րդ նիստը: Ռուսական կողմից մասնակցել է ՌԴ նախագահի՝ միջազգային եւ մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: Նա նշել է, որ հայերը ռուսական կյանքի ամենաակտիվ ու լուրջ մասն են կազմում, ինչը շատ կարեւոր է: «Նրանք ուզում են պահպանել իրենց մշակույթն ու լեզուն, եւ Կրեմլում չեն որոշել, որ հայկական եկեղեցի պետք է կառուցվի Մոսկվայում, դա հանրության պահանջն է եղել»,-նշել է նա: Թեեւ Շվիդկոյն ավելի նրբորեն եւ դիվանագիտորեն է հանդես եկել, սակայն նա նույնպես այս ֆորմատում իր տխրահռչակ նախորդի` Դ. Կիսելեւի նման առաջ է քաշել ռուսաց լեզվի` Հայաստանում տարածման հարցը. «Այսօր, որպեսզի բիզնեսով զբաղվես Ռուսաստանի հետ, պետք է առաջին հերթին ռուսերեն իմանաս, անգլերեն չէ: Երբ դու քո գործընկերոջ լեզվով ես խոսում, դա վստահություն է առաջացնում նրա մոտ»,- ընդգծել է նա` չգիտես ինչու, չնկատելով, որ Հայաստանում գործող ռուսական ընկերություններում ոչ ոք իրենց գործընկերների հետ հայերեն չի խոսում:

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի գլխավորած պատվիրակությանը: Ի թիվս այլ հարցերի, Սերժ Սարգսյանն ընդգծել է այն հանգամանքը, որ Հայաստան կատարած այցերի ընթացքում ավելի մեծ թվով ֆրանսիացի օրենսդիրներ են ուղեւորվում ԼՂՀ, ինչը, նրա խոսքով, կարեւոր է Ղարաբաղի հիմնախնդրի մասին համակողմանիորեն իրազեկվելու տեսանկյունից։

 




Լրահոս