ՔՈՉԱՐՅԱՆԸ ԳՆԱՑ ՄՈՍԿՎԱ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ երեկ կեսօրից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Ո՞րն է նրա այցի նպատակը, արդյո՞ք նախատեսված է հանդիպում ՌԴ իշխանությունների հետ, ի՞նչ կքննարկի նա հոկտեմբերի 10-ի հանրահավաքից եւ Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պետությունների ղեկավարների նիստից առաջ, ուր նախատեսվում է, որ Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միացման պայմանագիրը: Այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի հետ, ով ասաց. «Դեռ չի մեկնել, մեկնելու է, բայց ոչ Մոսկվա: Ուղղակի ՌԴ-ն, այսպես ասեմ, որպես տրանզիտ երկիր է: Մոսկվայի օդանավակայանից նա այլ երկիր է մեկնելու: Այսինքն՝ ձեր ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը»:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է առաջիկայում հայտարարել, որ սպասվող նախագահական ընտրությունների ժամանակ իր թեկնածությունն առաջադրելու է՝ լինեն դրանք հերթական, կամ՝ արտահերթ: Մեզ լուրեր հասան, որ Ծառուկյանը երբ հանդիպել է «Ազատամարտի նվիրյալներ» եւ «Երդվյալ ազատամարտիկների միություն» կոչվող հկ-ների կորիզի ներկայացուցիչների հետ, որոնք ղեկավարվում են ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Ռուստամ Գասպարյանի եւ Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո) կողմից, նույն կտրուկ շեշտադրությամբ հայտարարություն է արել: Ազատամարտիկները Գ. Ծառուկյանից պահանջել են երաշխիքներ, թե ինչու պետք է վստահեն իրեն, ինչին ի պատասխան ԲՀԿ նախագահն ասել է, թե այս անգամ ինքը վճռական է տրամադրված ու կես քայլ հետ չի գնա: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից: Վերջինս խոստացավ մեր լուրը ճշտել ու պատասխանել, բայց այդպես էլ ոչինչ չասաց:
ԱԺ ՀԱԿ խմբակցությունում կրքերն օր օրի թեժանում են: Ն. Փաշինյանից ու Հ. Բագրատյանից հետո կարծես էլի ինչ-որ մարդիկ են ցանկանում սառեցնել հարաբերությունները ՀԱԿ-ի հետ: Դեռ չէր մարել Արամ Մանուկյանի հետ կապված աղմուկը, երբ նա Աբովյանի հանրահավաքի ժամանակ ասել էր. «Իմ հպարտությունը, ձեր տեսակը էդ էն մարդն ա, որն ասում է՝ տո Սերժի տիրոջ մերն էլ, Սաշիկինն էլ, Միշիկինն էլ, էս երկրի տերը ես եմ», հիմա էլ ՀԱԿ-ի ներսում են խնդիրներ ծագել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ խորհրդարանական ոչ իշխանական 3 ուժերի կազմակերպած մարզային հանրահավաքների հռետորների ցանկը կազմվում է բացառապես ՀԱԿ կուսակցության անդամերի շարքերից: Նրանք, ովքեր կուսակցական չեն, չպետք է խառնվեն հանրահավաքային գործերին: Ու դա է պատճառը, որ եռյակի հավաքներին մասնակցում են Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը: Սակայն Մանուկյանին էլ են մեկուսացրել եռյակի հանրահավաքներից, քանի որ ԲՀԿ-ին դուր չի եկել Սերժ Սարգսյանի հասցեին հնչած հայհոյանքը: Մանուկյանը երեկ չխոսեց այս թեմայով:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի վերանշանակումից հետո մարզպետարանի աշխատակիցներն աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացնում: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց լուրը ճշտել Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, որտեղից տեղեկացրին, որ իրենց սեփական դիմումների համաձայն աշխատանքից ազատվել են մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը, կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը ու նրա տեղակալ Աշոտ Մարդյանը: Ինչո՞ւ: Զրուցեցինք նաեւ նրանց հետ: 18 տարվա աշխատանքային փորձ ունեցող Արշակ Ուստաբաշյանն ասաց. «Ինձնից մի հարցրեք, տեղեկացեք մարզպետարանից, ես քաղծառայող եմ, պատճառն այն է, որ հոգնել եմ աշխատելուց»: Իսկ կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ ինքը նպատակահարմար չի համարել շարունակել աշխատանքը մարզպետարանում:
ՀԱՐՎԱԾ ԹԻԿՈՒՆՔԻՑ
Եվ, այնուամենայնիվ, մինչ օրս ԱԺ ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչներից որեւէ մեկը չի պարզաբնել, թե աշնան իննսունմեկ օրերից ինչու ընտրվեց հենց հոկտեմբերի 10-ը` խոստացված «թեժության» դրսեւորման համար: Իհարկե` նախորդող ութ մարզային հավաքները եւս կարելի է «թեժ աշնան» սկիզբ համարել: Սակայն գործընթացի հիմնական, ու, թերեւս, որոշիչ միջոցառումը նախատեսված է հենց հոկտեմբերի 10-ին` Հայաստանի համար առանց այս էլ նշանակալի այդ օրը, երբ մի կողմից լրանում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հինգերորդ տարելիցը. գործընթաց, որը դեռ չի ավարտվել, մյուս կողմից էլ նախանշված է ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրումը. գործընթաց, որը ոչ մի կերպ չի սկսվում: Եվ այս իմաստով հոկտեմբերի 10-ը եռյակի համար քաղաքական ռեպերտուարը տեղում փոփոխության ենթարկելու բավականին մեծ հնարավորություններ է պարունակում, որոնք կարող են գործարկվել` ըստ անհրաժեշտության:
Իսկ անհրաժեշտությունը կարող է ծագել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի ստորագրման հարցում անցանկալի անակնկալների առաջացման դեպքում, եթե հանկարծ, օրինակ, Սերժ Սարգսյանը փորձի հրաժարվել Ղարաբաղի եւ ՀՀ միջեւ մաքսակետի տեղադրում ենթադրող պայմանագրի ստորագրումից կամ շարունակի վճռականորեն պնդել այդ մասին առնվազն ԵՏՄ անդամ երկրների միջեւ կուլիսային հմաձայնության անհրաժեշտության վրա:
Այդ պարագայում առանց այդ էլ Ղազախստանի եւ Բելառուսի հետ մեծ խնդիրներ ունեցող Վլ. Պուտինն ավելորդ ջանքեր գործադրելու փոխարեն պարզապես Սերժ Ազատիին կառաջարկի միացնել «Կենտրոն» հեռուստաընկերությունն ու լսել, թե ինչպես են Ազատության հրապարակում հավաքված բազմահազար քաղաքացիներ` արդեն եռյակի առաջնորդների ղեկավարությամբ պահանջում իր հրաժարականը:
Իհարկե, այս սցենարը կարող է նախատեսված լինել որպես պահեստային տարբերակ, որի գործարկումը շատ քիչ հավանական է, քանզի, վստահաբար, բանը դրան չի հասնի, եւ անգամ ցանկության դեպքում էլ, Սերժ Սարգսյանն ավելորդ շարժումներ չի կատարի: Ի վերջո, ինչպես հայտնի է, հենց նա է հանդիսանում «հաճախորդների» ինստիտուտի հիմնադիրը, ուստի հստակ գիտակցում է, որ ներկայում այդ ինստիտուտի դերակատարներն այլեւս դուրս են եկել միջազգային, իսկ ավելի հստակ` ռուսական շուկա: Ուստի` մեկ առ մեկ իմանալով իրեն թիկունքից հարվածելու պատրաստ դանակների սրությունը (ի վերջո, հենց ինքն է դրանք ժամանակին սրել), Սերժ Սարգսյանին չի մնում ոչինչ, քան հուսալ, որ այս անգամ էլ որեւէ նամակի ընթերցմամբ կամ հեռախոսազրույցի փոխանցմամբ իրեն (ցավոք` նաեւ Հայաստանը) կփրկի Բելառուսի նախագահը: