Խուժան-խուլիգանի հետ ի՞նչ հույս կապել. Փ. Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղեկությունը, թե հոկտեմբերի 8-ին կկայանա Փայլակ Հայրապետյան-Աշոտ Սուքիասյան առերեսումը, դեռևս հաստատված չէ: Այս մասին Armlur.am-ին հայտնեց օֆշորային սկանդալի հետևանքով սնանկացման եզրին հայտնված գործարար Փայլակ Հայրապետյանը, ում փոխանցմամբ` այսօր նրան իրավապահ մարմինները հայտնել են, որ առերեսման օրը դեռևս հստակ նշանակված չէ. հնարավոր է լինի այս չորեքշաբթի:

Փայլակ Հայրապետյանի խոսքով` նա կայանալիք առերեսման հետ որևէ հույս չի կապում, պարզապես ներկայանալու է` իմանալու համար, թե ինչ կարող է իրեն ասել կալանավորված ադամանդագործը:

«Արդեն ոչ մի բանի հետ էլ հույս չեմ կապում: Ի՞նչ հույս կարող եմ կապել խուժան-խուլիգանի, գողի, ավազակի, այլասերվածի հետ: Իմ նպատակը նախկին վարչապետի ու Կճոյանի հետ առերեսում ունենալն է: Սա էլ, հաստատ, չլնող բան է»,- շարունակելով խոսքն` ասաց գործարարը:

Մեր հարցին` դժվար չի՞ լինելու արդյոք առանց փաստաբանի ծառայությունների և աջակցության, Փայլակ Հայրապետյանը նշեց, որ ոչ մի պաշտպան չի կարող օգնել իրեն:

«Պաշտպան-մաշտմանն ավելորդ ծախսեր են: Առանց փաստաբանի շատ ավելի լավ է անցնում ամեն ինչ: Փաստաբաններն ավելորդ խոսակցություններ են վարում: Մեկ է` պաշտպան լինի, թե չլինի, մեծ հաշվով բան չի փոխվելու»,- նշեց գործարար Փ. Հայրապետյանը` հավելելով, որ ինքը վերջնականապես հույսը չի կտրել, և իր միակ հույսը արդար քննության ընթացքն է: Գործարարը շարունակում է վստահաբար նշել, որ եթե Կիպրոսից ուղարկված տվյալները ճիշտ լինեն, նախկին վարչապետ  Տիգրան Սարգսյանը կազատազրկվի:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը կասկածվում են Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերեր լինելու մեջ:




Լրահոս