ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ԳԵՆԵՐԱԼԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ազատամարտիկ լինելը չի նշանակում, որ ամեն ինչ կարելի է անել:

-Պարո՛ն Երանոսյան, օրերս ծեծի ենթարկված հրամանատարներ Մանվել Եղիազարյանի, Ռազմիկ Պետրոսյանի ծեծի հանգամանքները դեռեւս պարզ չեն, բայց բոլոր «սլաքներն» ուղղվում են Ձեր կողմը, քանի որ այդ օրը Դուք եք նրանց հետ ռեստորանում եղել, այնտեղից դուրս գալուց հետո է դեպքը տեղի ունեցել: Չե՞ք փորձել պարզել՝ ինչ է կատարվել:
-Ես Ձեր հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ չգիտեմ, թե ովքե՞ր են այդ սլաքներն ուղղում, ովքե՞ր են այդ շահագրգիռները, որ նման հայտարարություններով են հանդես գալիս: Ես էլի եմ կրկնում, որ այդ հարցերն ուղղե՛ք Ռազմիկ Պետրոսյանին:
-Դուք միջադեպից հետո զրուցե՞լ եք Ռազմիկ Պետրոսյանի հետ, արդյո՞ք Ձեր ընկերը նույնպես այն կարծիքին է, որ Դուք եք հրամայել, որ իրենց ծեծի ենթարկեն:
-Ով ինչ է հայտարարում, ես չգիտեմ, բայց մինչեւ այսօր էլ ինքը չի կարող կասկածել, որ ես եմ իրեն ծեծել կամ ծեծել տվել:
-Եթե նշում եք, որ Ռ. Պետրոսյանն ու Մ. Եղիազարյանը Ձեր մարտական ընկերներն են, ու Դուք շատ մտերիմ հարաբերություններ ունեք նրանց հետ, այդ դեպքում, ըստ Ձեզ, ովքե՞ր կարող էին նման կերպ վարվել նրանց հետ: Ի՞նչ խնդիրներ ունեն նրանք, որի պատճառով կարող էին բռնության ենթարկվել:
-Տարբեր մարդիկ, ի՞նչ է եղել, այսօր կարող է մարդու հայացքը մի մարդու հայացքին չհամապատասխանի, խոսակցություններն իրար չբռնի, ծեծեն իրար, դա չի նշանակում, որ գնացինք, նստեցինք, իրար հետ հաց կերանք, Երանոսյանն էլ բռնեց ու իր մարտական ընկերոջը ծեծեց: Եթե մտածողն այդքան է, ուրեմն թող մտածեն, ոնց ուզում են, դա իրենց խնդիրն է, ես բան չունեմ ասելու:
-Լավ, այդ դեպքում ի՞նչ եք քննարկել Ձեր մարտական ընկերների հետ, ինչո՞ւ էիք որոշել նրանց հետ «հաց» ուտել, ի վերջո, հանդիպման նախաձեռնողը Դուք եք եղել, որից էլ ենթադրվում է, որ կոնկրետ նպատակ է հետապնդել այդ հանդիպումը: Քննարկել եք Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության, երկրում տիրող իրավիճակի մասի՞ն:
-Ես ով եմ, որ երկրի մասին ինչ-որ բաներ քննարկեմ, կարող է Ռազմիկը հռետորի պես խոսել՝ սենց-նենց… Ես ոչ մեկի հետ կիսելու բան չունեմ, իմ մարտական ընկերների հետ՝ առավել եւս: Ինչ հնարավորությունների տեր իրենք են, կարող ենք ասել, ու ես իրենցից սահմանափակ հնարավորությունների տեր եմ, եթե կիսելու բան կար, կիմանայիք: Ես հանցանք չեմ կատարել՝ իրենց հետ հանդիպելով:
-Այսօրվա դրությամբ ծեծի միակ հեղինակը, հասցեատերը համարվում եք Դուք, մինչեւ այսօր որեւէ մեկի անունը չի շոշափվել…
-Դա ո՞վ է շոշափում, դա շոշափում են լրատվամիջոցները, որի մասին գրում են, թե դու ու Ռազմիկը ծեծ ու ջարդ եք արել, հարց տվեք նաեւ Ռազմիկին էլ… Ինքն էլ թող խոսի:
-Ռազմիկ Պետրոսյանն արդեն պատասխանել է, որ ինքը հայհոյել է, բայց իր ականջները չեն կտրել, ինչպես որ Դուք հայտարարել էիք, թե ով Ձեր դեմ հայհոյի Սերժ Սարգսյանին «շան թուլի պես ականջները կկտրեմ»:
-Ես իմ խոսքը պնդում եմ, որ եթե որեւէ մեկը կա էդքան տղա, իմ ներկայությամբ, դեմս նստած, փորձի գերագույն հրամանատարի հասցեին որեւիցե մի բան ասի, գլուխը կջարդեմ ու չգիտեմ՝ կհասնի իր էրեխեքին, թե չէ:
-«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հայտարարել է, որ եթե անգամ զրույց է եղել, որի ժամանակ անհամաձայնություն է եղել Ձեր եւ ազատամարտիկների միջեւ, ապա կարող էիք այդ պահին լուծում գտնել «տղամարդավարի» ու դրսում շարունակություն չտայիք: Ինչո՞ւ նման կերպ չեք վարվել:
-Մեր մեջ խնդիր չի եղել, մենք հետո հեռախոսազրույց էլ ենք ունեցել, ու մեր միջեւ որեւէ խնդիր չի եղել, հիմա էլ որեւէ խնդիր չկա, ես չեմ պատկերացնում դա, երբ ասում եք, որ Ռազմիկը սենց բաներ է ասել, չգիտեմ՝ ինչի ազդեցության տակ է ինքն այդպիսի բաներ խոսում, ովքեր են նման բաներ ասում:
-Իսկ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի կարծիքով «հրամանատարների վրա ձեռք բարձրացրածների արարքը չի տարբերվում թուրքերի արարքներից, իսկ ինձ համար թուրքը մնում է թուրք. ես թուրքի դեմ զենքով եմ կռվել»: Դուք այդ կարծիքին չե՞ք:
-Չգիտեմ՝ Սասունն ինչ է ասում, բայց ես մի բան կարող եմ ասել, որ եթե ազատամարտիկ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կանես ու անպատասխան կմնաս: Եթե ես այսօր ազատամարտիկ եմ, չի նշանակում, որ կարող եմ կանգնել մի տեղ ու ում ուզեմ, հայհոյեմ, ինչ ուզենամ, անեմ: Պատերազմը, եթե վերջացել է, դա չի նշանակում, որ դրանից հետո ազատամարտիկը պետք է անի այն, ինչ ուզում է, եթե ես էլ ինձ անշնորհք պահեմ, կարող է եւ 20 տարեկան մի երեխա իմ վրա ձեռք բարձրացնի: Ու եթե ես զգամ, որ ինձ անշնորհք եմ պահել, կասեմ՝ ներողություն: Եթե ազատամարտիկ ենք, վե՞րջ, ում ուզենք, ինչ ուզենք՝ ասենք, ոչ մեկ իրավունք չունի մեզ բան ասելո՞ւ, չի՛ կարելի այդպես:
-Բայց այս դեպքում Դուք կարող էիք հարգել այն ուսադիրները, որը կրում եք, ի վերջո, պաշտոնյան իրավունք չունի սպառնալ, որ «շան թուլի պես ականջները կկտրի»:
-Ես մարդ չեմ ծեծել, որ ասեմ՝ սխալ եմ թույլ տվել: Իսկ ինչ վերաբերում է դրան, ասեմ, որ կան բառեր, որ պահ է լինում, ասում է՝ անկախ պաշտոնից, պաշտոնը չեմ վերցրել, որ ձայնազուրկ լինեմ, մարդ եմ: Բայց ես նորից իմ խոսքերը պնդում եմ, եթե որեւիցե մեկը փորձի իմ ներկայությամբ գերագույն հրամանատարին որեւիցե մի վատ արտահայտություն անի, ես իմ ասած բառերն անելու եմ:
-Իսկ ինչպե՞ս են Ձեր հայտարարությանն արձագանքել Սերժ Սարգսյանն ու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
-Ես նախարարից նկատողություն եմ ստացել իմ հայտարարության հետ կապված: Սերժ Սարգսյանից՝ ոչ, քանի որ ես ունեմ իմ ղեկավարը, եթե ես որեւիցե սխալ եմ թույլ տալիս, խոսքերն իմ ղեկավարով է ուղղվում ինձ:
-Այսօր ազատամարտիկները որոշել են Եռաբլուրում քննարկել այն, ինչ կատարվել է իրենց զինակից ընկերների հետ…
-Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել… Եռաբլուրը զորամաս է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ՝ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՆԵԼՈՒ

«Ազատամարտիկների դաշինքն» այսօր Եռաբլուրում հավաք է անցկացնելու` վերջին օրերին իրենց մարտական ընկերների նկատմամբ տեղի ունեցող ոտնձգությունների վերաբերյալ քննարկում անցկացնելու նպատակով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Ապարան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանն ասաց, որ ինչպես ռազմի դաշտում էին իրենք միասնական որոշումներ ընդունել կարեւոր քայլեր անելուց առաջ, այնպես էլ հիմա են հավաքվելու եւ իրենց հետագա գործողությունները մշակելու:

«Այսօրվա քննարկումից հետո մեր հետագա գործողությունները պարզ կլինեն: Դեկտեմբերի 10-ին եռյակի հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ մենք ամսի 13-ին հավաքվելու ենք Եռաբլուրում: Մեզ համար շատ կարեւոր է հասկանալ, թե այս զազրելի իրադարձությունների հիմքում ինչն է ընկած, սա հարված եւ սպառնալիք է մեր պետականությանը, անկախությանն ու ազատ արտահայտվելու իրավունքին»,- նշեց Ռազմիկ Պետրոսյանը: Վերջինս նշեց նաեւ, որ իրենք անընդունելի են համարում մեր երկրի ներսում տեղի ունեցող ցանկացած բռնություն, էլ ուր մնաց՝ ազատամարտիկների նկատմամբ իրականացված ծեծը:
Ռազմիկ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ին ասաց նաեւ, որ իրենք միտումնավոր հայտարարություն չեն տարածել վերջին դեպքերի հետ կապված: «Մենք իմաստ չտեսանք հայտարարություն տարածելու մեջ, էլ ո՞րն էր իմաստը որեւէ հայտարարություն տարածելու, եթե դեպքից ընդամենը ժամեր հետո բոլորն էլ տեղյակ էին: Ամբողջ մամուլը հեղեղված էր մեզ հետ տեղի ունեցած դեպքերով: Արտերկրից էին մինչեւ անգամ մեզ զանգահարում եւ հարցնում, թե ի՞նչ է տեղի ունեցել: Մենք հայտարարություն տարածելու անհրաժեշտությունը չտեսանք»,-ասաց ազատամարտիկը:
Վերջինս խոսեց նաեւ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին՝ նշելով, որ իր դիտարկմամբ ազատամարտիկների եւ պատգամավորի հետ տեղի ունեցած դեպքերի մեջ ընդհանրություն կա: «Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցած դեպքը նույն գործելաոճով է տեղի ունեցել, նույն ձեռագիրն է: Ո՞ւր ենք հասել, որ մեկը մյուսին հաջորդում են նման զազրելի դեպքերը: Այս ամենը գալիս է նրանից, որ մենք շատ թույլ իշխանության հետ գործ ունենք, նրանք պետք է թույլ չտան, որ նման իրադարձություններ լինեն եւ անպատասխան մնան: Իրականում մենք գործ ունենք ամենաուղիղ հանցագործության հետ, էլ հանցագործությունը ո՞նց է լինում: Եթե մեր իշխանական օղակն այսքան թույլ չլիներ, մենք չէինք հասնի այս օրվան»:
Ռազմիկ Պետրոսյանը որեւէ կերպ չէր ցանկանում հավատալ, որ այս բռնությունն իրականացնողները ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի կողմից են ուղղորդվել. «Չեմ հավատում, որ նա կարող է նման հրահանգ տալ, սա կրկնակի ամոթ կլինի: Նորմալ բանականության շրջանակներում չի կարող տեղավորվել այդ տարբերակը»:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՑԵՄԵՆՏ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ
Հրազդանի «Միկա ցեմենտի գործարան»-ի աշխատակիցները դեռ շարունակում են պահանջել իրենց աշխատավարձերը: Ցեմենտի գործարանի տնօրինությունը սկսել է աշխատակիցներին պարտք մնացած աշխատավարձը ցեմենտով փոխհատուցել: «Ժողովուրդ»-ը աշխատակիցներից տեղեկացավ, որ տնօրինությունը ցեմենտն իրացման գնից ավելի թանկ է «հաշվարկում»: Սկզբում մեկ տոննա ցեմենտը գործարանի տնօրինությունն աշխատակիցներին տվել է 49 հազար դրամի փոխարեն, մինչդեռ այդ օրերին ցեմենտը հնարավոր է եղել իրացնել 47 հազար դրամով: Հետագայում ջերմաստիճանի նվազումից եւ շինարարության ծավալների պակասելուց հետո գործարանի տնօրինությունը ցեմենտը սկսել է հաշվարկել մեկ տոննան 47 հազար դրամով: Սակայն աշխատակիցները նույնիսկ 43 հազար դրամով չեն կարողանում իրացնել: Ի դեպ, գործարանը ներկայումս չի գործում:

 

ՁՈՒ ԵՆ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան ասացին, որ այս տարվա նոյեմբերի 1-ից մինչ օրս Հայաստան է ներմուծվել 6 մլն 19 հազ. 200 հատ ձու: Այն ներմուծվել է Բելառուսից, Ուկրաինայից եւ Իրանից: ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ»-ին հավաստիացրեց, որ մինչեւ տարեվերջ այլեւս ձու չի ներկրվի: Իսկ ներմուծված ձուն ձեռք են բերել հրուշակեղեն եւ երշիկեղեն արտադրող ձեռնարկությունները:

 

ԱՅՑԵԼԵԼ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Աժ-ում ՀՀ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը հիվանդանոցում այցելության է գնացել ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին: Վ. Դալլաքյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը: «Մարդկայնորեն ես պարտավոր էի նման քայլ կատարել: Նախ առաջինը՝ ես դատապարտում եմ ցանկացած բռնություն, եւ մեղավորները պետք է շտապ կարգով հայտնաբերվեն եւ խիստ պատասխանատվության ենթարկվեն, իսկ երկրորդն էլ՝ Արամ Մանուկյանն իմ համաերկրացին է, վանաձորցի է, ու 1995 թվականներին մենք երկուսս էլ պատգամավոր ենք եղել»,- ասաց Դալլաքյանը:

 

ՓՈՂԵՐՍ ՏՈՒՐ
Շրի Լանկայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության պատվո հյուպատոս նշանակված Սարգիս Թարվերդյանին պատկանող «Սարգիս Կարոլինա» ընկերությունը փորձում է դատարանի միջոցով ետ ստանալ իր գումարները: 2014թ. հոկտեմբերի 24-ին հյուպատոսին պատկանող ընկերությունը դիմել է դատարան՝ ընդդեմ «Մոնբլան» ՍՊԸ-ի` պահանջելով նշված ընկերությունից բռնագանձել 2 միլիոն 271 հազար 500 դրամ: Ի դեպ, «Սարգիս Կարոլինա» ընկերությունը միջնորդել է, որ «Մոնբլան» ՍՊԸ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի՝ իբրեւ հայցի ապահովման միջոց, դատավոր Արայիկ Մելքումյանը միջնորդությունը բավարարել է:




Լրահոս