ՆԱԽԱՐԱՐ ԱՍԱՏՐՅԱՆՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՉԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տուն-ինտերնատում տարիներ շարունակ հիմնադրված «բեսպրիդելը» գործում է: «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած տուն-ինտերնատի աշխատակիցները պահանջում են, որ աշխատավայրում մարդկային նորմալ պայմաններ ստեղծվեն, եւ արդարության պակասը չխեղդի մարդկանց:

«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել Վարդենիսի տուն-ինտերնատում տիրող իրավիճակին: Ու որքան էլ այնտեղ ղեկավարներ են փոխվում, միեւնույն է, իրավիճակը շարունակում է նույնը մնալ: Դեռեւս փետրվարի 28-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ աշխատակիցների աշխատավարձերն անսպասելիորեն կրճատել էին, ինչը դժգոհության առիթ էր դարձել: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել էինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ, որը հայտնել էր, թե սխալ հաշվարկ է եղել: Իսկ ահա մեր հրապարակումից որոշ ժամանակ անց աշխատակիցների չվճարված աշխատվարձը վճարվեց:
Եվ, ահա, այս օրերին «Ժողովուրդ»-ի խմբագրություն են ահազանգել մի խումբ աշխատակիցներ եւ հայտնել, որ տուն-ինտերնատում տիրող իրավիճակը խիստ անհանգստացնում է իրենց: Ըստ աշխատակիցների, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում, եթե հնարավորություն ունենային այլ աշխատանք գտնելու, կլքեին տուն-ինտերնատը, սակայն օրվա հացի խնդիրը լուծելու համար ստիպված հանդուրժում են տիրող անարդարությունը:
Եվ այսպես, աշխատակիցների պատմելով՝ իրենց աշխատանքային հրամանները փոխել են առանց իրենց գիտության. «Ոչ ոք չգիտի՝ ինչ հաստիքի տակ է աշխատում: Մենք հստակ պայմանագիր չենք կնքում՝ հասկանալու համար, թե մեր աշխատանքը երբ է սկսվում եւ երբ ավարտվում: Մեզ ասում են, թե կրճատվելու եք, եթե մեր ուզածը չանեք, բայց անծանոթ մարդկանց են աշխատանքի ընդունում: Ու սա էլ դեռ քիչ չէ, կան մարդիկ, որոնք աշխատանքի չեն ներկայանում, սակայն աշխատավարձ են ստանում: Մենք կարող ենք երկու աշխատակցի անուն ասել, օրինակ՝ տուն-ինտերնատի կադրերի բաժնի վարիչ Կարինե Մաթեւոսյանի որդին չի գալիս աշխատանքի, մի հատ ներկա չունի, բայց աշխատավարձ է ստանում, այս նույն կարգավիճակի մեջ է նաեւ մեր հաշվապահի քրոջ որդին: Չկա որեւէ մեկը, որ ստուգում իրականացնի եւ այս խայտառակությունը կասեցնի»:
Աշխատակիցները բարձրաձայնեցին նաեւ, որ տուն-ինտերնատի ներսում ինչ-որ արտոնյալներ կրպակ են բացել եւ ինտերնատի բնակիչներից Ռիմային աշխատացնում են այդ կրպակում որպես վաճառողուհի. «Այնպես են արել, որ մենք՝ որպես այնտեղի աշխատակիցներ, միայն այդ խանութից պետք է գնումներ անենք, որ իրենց բիզնեսը ծաղկի: Ու երբ այս խնդիրը բարձրաձայնում ենք, մեզ ասում են՝ երբ տնօրենը վերադառնա, ձեզ հեռացնելու ենք աշխատանքից: Այս ի՞նչ վերաբերմունք է, ի՞նչ անարդարություն է, մեկը չկա՝ գա ու ստուգի, թե ինչ են անում սրանք այստեղ»:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը նախ զրուցեց տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ավագյանի հետ, որը վստահեցրեց, թե տեղեկությունները սուտ են եւ չեն համապատասխանում իրականությանը: Այնուամենայնիվ, փորձեցինք կադրերի վարիչ Կարինե Մաթեւոսյանից եւս տեղեկանալ, թե ինչ «բեսպրիդել» է նա հաստատել տուն-ինտերնատում, եւ ինչո՞ւ են աշխատակիցները բողոքում, որ Կարինե Մաթեւոսյանը ինչպես ցանկանում, այնպես էլ վարվում է: Ըստ մեր զրուցակցի` այն, ինչ կատարվում է տուն-ինտերնատում, օրենքի շրջանակում է. «Յուրաքանչյուր աշխատակից ունի իր պայմանագիրը, որտեղ նշված է, թե նա կոնկրետ ինչքան ժամ պետք է աշխատի: Մեր բոլոր աշխատակիցները ծանոթ են իրենց պայմանագրին: Օրինակ՝ պայմանագրում նշված է, որ աշխատակիցը պետք է աշխատի 4 ժամ ու ստանա այսքան աշխատավարձ, ապա հնարավոր է, որ նրա նկատմամբ այլ քայլ իրականացվի, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ հստակ ինչ օրենքով կա սահմանված, այդպես էլ իրականացվում է: Եթե հաստիք է փոխվել, ապա իրենք տեղյակ են լինում փոփոխման մասին»:
Կարինե Մաթեւոսյանը հաստատեց, որ իր որդին աշխատում է տուն-ինտերնատում որպես բաժանմունքի հսկիչ. «Նրա աշխատանքը սկսվում է երեկոյան ժամը 9-ից առավոտյան ժամը 9-ը: Եթե հարկավոր է՝ կարող եք գալ, ստուգել՝ նա գալի՞ս է աշխատանքի, թե՞ ոչ»:
Ավելին՝ մեր զրուցակիցը նաեւ հաստատեց, որ տուն-ինտերնատում կրպակ է գործում, եւ ավելին՝ կրպակն էլ պատկանում է իր որդուն. «Խանութի գործունեությունը երեք ամիս առաջ կասեցվեց, սակայն հիմա գործում է: Օրենքով, բժշկասոցիալական հանձնաժողովի թույլտվությունը կա, մի շարք աշխատողների դիմում-խնդրանքով ենք այն բացել, քանի որ տուն-ինտերնատը քաղաքից հեռու է գտնվում: 7-8 տարի այդ խանութը կա, հիմա են հիշել: Իսկ Ռիման մեր բնակիչներից է, որն ընդամենը գալիս է խանութ, գնում Է: Ռիման խելքը գլխին աղջիկ է, ինձ թույլ չեմ տա նրան ասել՝ ինչո՞ւ ես եկել: Իսկ Դուք ինչպես եք պատկերացնում՝ Ռիման ինչպես կարող էր այդ խանութն աշխատացնել: Կրկնում եմ՝ եթե ինձ չեք հավատում, կարող եք գալ, ստուգել: Իմ որդին ԱՁ ունի, որի մասնաճյուղն էլ կա տուն-ինտերնատում, որտեղ անհրաժեշտ բաներ ենք վաճառում` հաց, կոնֆետեղեն, եւ ամեն ինչ օրենքով է»:
Այս իրավիճակի մասին «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից:
-Պարո՛ն Ասատրյան, տուն-ինտերնատի աշխատակիցները բարձրաձայնում են, որ կադրերի վարիչ Կարինե Մաթեւոսյանը ինչպես ցանկանում, վարվում է իրենց հետ, աշխատակիցները չգիտեն, թե ինչ հաստիքով են աշխատում, քանի ժամ են պարտավոր աշխատանքի վայրում լինել: Ավելին՝ այնտեղ կան մարդիկ, ովքեր չեն ներկայանում, բայց աշխատավարձ են ստանում:
-Կադրերի վարիչն է անո՞ւմ:
-Ես չեմ կարող ասել: Հայտնի է նաեւ, որ տուն-ինտերնատում կրպակ է գործում, որտեղ աշխատում է ինտերնատի բնակիչներից մեկը:
-Ինչպե՞ս թե:
-Այո՛, բնակիչներից Ռիման որպես վաճառողուհի է աշխատում:
-Ո՞նց, խանութն աշխատացնում է հիվանդներից մե՞կը:
-Այո՛: Մենք այդպիսի ահազանգ ունենք:
-Ինձ կարո՞ղ եք տվյալներ տալ:
-Այն, ինչ ասացինք, արդեն տվյալ է: Կարող եք ստուգել: Փաստորեն, Դուք իրավիճակին չեք տիրապետում:
-Ձեր գնահատականները Ձեզ պահեք եւ մեզ ներկայացրեք բոլոր տվյալները:
Հ.Գ. Տվյալները հրապարակված են, մնում է տեսնենք, թե նախարարը ինչ քայլեր կիրականացնի: Ի դեպ, աշխատակիցները նշում էին, որ տնօրեն փոխելով՝ իրավիճակը տուն-ինտերնատում չի փոխվում. «Տնօրենները գալիս-գնում են, իսկ անարդարությունը շարունակվում է»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐԴԻՆ
«Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ապրիլի 5-ին Սեւան քաղաքում տեղի ունեցած սպանությունից:
Հիշեցնենք, որ նշված օրը Սեւան-Երեւան ավտոճանապարհին գործող ցեմենտի առաքման պահակակետից հիվանդանոց էր տեղափոխվել Սեւան քաղաքի բնակիչ, 44-ամյա Կառլեն Մնեյանի դին: Իրավապահները պարզել էին, որ դեպքից մի քանի ժամ առաջ նա մասնակցել էր Սեւան քաղաքի ռեստորաններից մեկում կազմակերպված մատաղի արարողությանը: Միջոցառման ավարտից հետո Մնեյանը նստել է Հմայակ Թադեւոսյանի ավտոմեքենան, որը վարել է Աթուր Ալեքսանյանը: Ավտոմեքենայում ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, եւ Ալեքսանյանը փոխելով ուղղությունը՝ գնացել է ռեստորանային համալիրին կից գտնվող ցեմենտի առաքման կետի տարածք ու այնտեղ Մնեյանին ավտոմեքենայից իջեցնելով՝ երկու հոգով ծեծել են: Մնեյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Հմայակ Թադեւոսյանը եւ Արթուր Ալեքսանյանը ներկայումս հետախուզվում են: Հետագայում պարզվեց, որ Արթուր Ալեքսանյանը Սեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի, որը առավել հայտնի է Մողես մականունով, որդին է:
Մեր տեղեկություններով՝ Սեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանը մտերիմ հարաբերությունների մեջ է ոստիկանության Գեղարքունիքի վարչության պետ Արսեն Ադամյանի հետ, եւ այս հանգամանքն էլ նպաստել է, որ նրա որդին կարողացել է դեպքից անմիջապես հետո փախուստի դիմել: Ըստ լուրերի՝ սպանությունից հետո Սեւանի ոստիկանությում իմացել են, որ կասկածյալները Չարենցավանում են թաքնվում, բայց նրանց հետքերով գնացել են հաջորդ օրը, ինչի արդյունքում նրանք հասցրել են փախչել:
«Ժողովուրդ»-ը փորձեց Սեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանից պարզել, թե ինչ կապ ունի իր որդին այս սպանության հետ, ինչին նա կարճ պատասխանեց. «Ոչ մի բան չեմ կարող ասել, տեղյակ չեմ, կներեք»:
Փորձեցինք զրուցել նաեւ ոստիկանության Գեղարքունիքի մարզի վարչության պետ Արսեն Ադամյանի հետ:
-Պարո՛ն Ադամյան, ապրիլի 5-ին Սեւան քաղաքում սպանվել է Կառլեն Մնեյանը, հանցագործությունը կատարելու կասկածանքով հետախուզման մեջ են գտնվում Արթուր Ալեքսանյանը եւ Հմայակ Թադեւոսյանը: Տեղեկություններ կան, որ Դուք Արթուր Ալեքսանյանի հոր հետ մտերիմ ընկերներ եք, եւ Դուք եք օգնել, որ նրա որդին կարողանա փախչել եւ թաքնվել:
-Չկա նման բան, չի կարող նման բան լինել:
-Դուք չե՞ք ճանաչում Աշոտ Ալեքսանյանին:
-Որպես սեւանցի՝ բոլորին էլ ճանաչում եմ:
-Մտերիմ չե՞ք նրա հետ:
-Չկա նման բան, ինչպես Սեւան քաղաքի մյուս բնակիչները, այնպես էլ Աշոտ Ալեքսանյանն է, մտերմություն չունենք:
-Տեղեկություններ կան, որ Սեւանի ոստիկանությունում իմացել են, թե որտեղ են կասկածյալները թաքնված եղել:
-Տեղյակ չեմ, չեմ կարող ասել, սուտ բաներ են: Ավելին ասեմ, որ ձեռնարկվում են լայնածավալ միջոցառումներ, որպեսզի այդ երկուսը հայտնաբերվեն, եւ բոլորիս աշխատանքն այս պահին դա է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԱՆՀԱՅՏ ԶԵՆՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ
ՀՀ քննչական կոմիտեն երեկ մեղադրանք է առաջադրել նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» Գյումրու գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանին` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի առաջին մասով` ապօրինի զենք-զինամթերք պահելու համար: Հիշեցնենք, որ Ա. Հակոբյանի տան կտուրին պայթուցիկ սարք էին գտել, որի մասին, սակայն, ո՛չ Արամ Հակոբյանը, ո՛չ էլ նրա ընտանիքի անդամները չեն իմացել:

 

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ
ԼՂՀ ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում նախօրեին մահացել է 19-ամյա զինծառայող Արթուր Առաքելյանը: ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Ա. Առաքելյանը մահացել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, ուր տեղափոխվել էր ապրիլի 5-ին, ժամը 17:45-ին՝ բաց գանգուղեղային վնասվածք, հիպովոլեմիկ շոկ, կոմա ախտորոշմամբ: Քննչական կոմիտեի հաղորդմամբ` զինծառայողը վնասվածքն ստացել էր կիրակի օրը՝ ժամը 17:20-ի սահմաններում, զորամասում ֆուտբոլ խաղալու ժամանակ, ձեռքերով դարպասաձողից կախվելիս վայր ընկնելու եւ դարպասը գլխին ընկնելու հետեւանքով:




Լրահոս