ՀԵՏ ԵՆՔ ԳՆՈՒՄ ԴԵՊԻ ՍՈՎԵՏՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի եւ նրա ընկերների ձերբակալությունը հայ հանրության շրջանում դժգոհության ալիք բարձրացրեց: Ու թեեւ այսօր այդ դժգոհությունը դրսեւորվում է սակավաթիվ մարդկանց մասնակցությամբ հավաքներով, այդուամենայնիվ հանրության մտավորական հատվածում բազմաթիվ են կատարվածը դատապարտողները:

Դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սէֆիլյանի եւ ընկերների ձերբակալությունը որակեց որպես ոտնձգություն մարդու իրավունքների, ազատության նկատմամբ: «Մարդկանց, սովորաբար, ձերբակալում են հանցագործություն կատարելու համար, իսկ տվյալ դեպքում ձերբակալման համար կոնկրետ հիմնավորում չկա: Հիմա ես ո՞ւմ հավատամ` Ժիրայր Սէֆիլյանի՞ն, որ ասում է, թե ինքը ոչինչ չէր պատրաստվում անել, թե՞ իշխանությանն ու ոստիկաններին, որոնք բստրում են սուտ, հնարովի հանցագործությունների մասին. ես հակված եմ հավատալու Ժիրայր Սէֆիլյանին: Ամբողջ երկիրը թաղված է հանցագործությունների մեջ, թող գնան, հանցագործներին բռնեն: Սա, միանշանակ, քաղաքական պատվեր է, մենք երեխա չենք, ամեն ինչ շատ լավ հասկանում ենք, այնպես որ տեղի է ունենում այն, ինչ պետք է տեղի ունենար…»,-կարծիք հայտնեց դերասանը:
Գրող Հուսիկ Արայի համոզմամբ էլ ձերբակալվածները հակասահմանադրական ոչինչ չեն արել. «Եթե անեին, թող պատժեին, բայց հիմա նախապես ի՞նչն են կանխել, սա, ուղղակի, ժողովրդավարական երկրին պատիվ չբերող, հակաժողովրդական քայլ էր: Նույն հաջողությամբ կարող են մեկին բռնել, ասել` դու կարող ես վաղն անկարգություն անես, Կառավարության շենքը պայթեցնես, եւ ձերբակալեն: Այս ամենն այնքան ծիծաղելի է… Ուզում էին երթ անցկացնել, հավաք անել, թող անեին, ի՞նչ է պատահել: Բռնապետական քայլ են արել… Սէֆիլյանը փոփոխություններ է ուզում, ինչպես բոլորս: Այնինչ մարդը, ով Ղարաբաղի ազատագրմանն է մասնակցել, մտնում է Բերձոր, ծեծում են. դրանից ավել ի՞նչ խայտառակություն կարող է լինել…»,- մեզ հետ զրույցում նկատեց նա:
Երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանն էլ կատարվածը որակեց որպես բռնություն: Նրա համոզմամբ` եթե մեր երկրում ձերբակալում են թռուցիկ բաժանելու համար, դա արդեն չափանիշ է. «Նման բաներ Խորհրդային Միության տարիներին էին արվում, պարզվում է` հիմա էլ են արվում: Նույնիսկ գողին, մարդասպանին, որ նոր դուրս է գալիս բանտից, ու բոլորը գիտեն, որ պոտենցիալ հանցագործ է, չեն ձերբակալում` կանխարգելիչ նկատառումներից ելնելով: Բազմաթիվ մարդիկ հանցագործություններ են անում ու չեն բռնվում: Հասարակությունը գիտի, որ էսինչ մականունավոր մարդը հանցագործ է, բայց քանի դեռ չի բռնվել, նրան չեն կարող բերման ենթարկել»:
Է. Զորիկյանի համոզմամբ` Սէֆիլյանն ազատամարտիկ լինելուց զատ` նախեւառաջ սովորական քաղաքացի է, իսկ քաղաքացիական դիրքորոշման իրավունք ցանկացածն ունի, անգամ հանցագործը: «Եթե դեմոկրատական ուղին ենք բռնել, այդպես պետք է լինի, իսկ եթե ոչ, թող մեզ բացահայտ ասեն այդ մասին: Մենք առաջ ենք գնում դեպի Սովետ, դեպի բռնություններ, միակուսակցական երկիր: Որքան մտածում եմ, կատարվածի եւ Պուտինի կամ այլ ռուս պաշտոնյայի` Հայաստան կատարելիք առաջիկա այցի միջեւ զուգահեռներ եմ տանում: Երբ որ գեներալն այցելում է զորամաս, չար զինվորներին մեկուսացնում են, զորամասը կարգի են բերում: Նույն կերպ ցանկացած անգամ, երբ Ռուսաստանից խոշոր կալիբրի գործիչ է գալիս, որ «ստուգումներ» անցկացնի, մեզ մոտ սկսում են այսպիսի բաներ անել: Չանկախացանք, էլի…»,-եզրափակեց նա:

 

 

 

 

«ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԵՂԾ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

Ամերիկահայ հեռուստաաստղ, մոդել Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան ոչ միանշանակ ընդունվեց հայ հանրության կողմից, ոմանք նույնիսկ դիմեցին ծայրահեղ քայլերի: Արդեն հայտնի է, որ «Հայաստանի սոցիալիստական շարժումը» եւ «Ազգային արժեքների պահպանման ճակատ» հասարակական կազմակերպությունը շաբաթ օրը նախաձեռնում են պիկետ Կառավարության շենքի դիմաց: Մասնակիցները նախատեսում են նամակ ուղարկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` «պոռնոսաստղին պետական մակարդակով ընդունելու եւ մեր արժեհամակարգը վտանգի տակ դնելու համար»:

Տարածված հայտարարության մեջ նշվում է. «Քիմ Քարդաշյանն իր ամբողջ կյանքում ոտնահարել է հայ կնոջ կերպարը, ով միշտ դեմ է գնացել հայկական արժեքներին, միշտ բիծ է քաշել ավանդական հայ կնոջ կերպարի վրա: Այսօր մենք նրան ընդունում ենք հայկական տարազով ու աղուհացով, այնուհետեւ պետական մակարդակով ընդունում է ՀՀ վարչապետը: Իհարկե, բոլոր առիթները պետք է օգտագործենք Հայաստան բրենդն աշխարհով մեկ տարածելու համար, բայց ամեն ինչ ունի իր սահմանը: Եկեք չմոռանանք մեր արժեհամակարգի մասին ու չվտանգնեք այն` պոռնոաստղին Հայաստանում գովազդելով»:
Այս նախաձեռնությունը մի շարք քաղաքացիների կողմից ընկալվեց որպես կեղծ պահպանողականության եւ շինծու հայրենասիրության դրսեւորում: Երգիչ Գուրգեն Դաբաղյանն, օրինակ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման մոտեցումը համարեց ոչ ռեալ եւ ոչ սթափ: «Ինչ եղել, եղել է, Քիմն արդեն այստեղ է, եւ այդ ակցիայով ոչինչ փոխել հնարավոր չէ, եւ հետո, եթե ուզում են ինչ-որ բան անել միայն աչքի ընկնելու համար, դա անիմաստ է: Երբ մարդիկ ուզում են մեր ազգային արժեքները պահպանել՝ իրենք իրենց մեջ պարփակվելով, ես դա համարում եմ գավառամտություն: Այդ մարդիկ այն կարծիքին են, որ բոլոր մշակույթները վատն են, պետք է ընդունել միայն մերը, այնինչ դրանով գնում են ինքնաոչնչացման»,-կարծիք հայտնեց նա:
Երգիչ, գործիքավորող Գուժն էլ (Գուժ Դուրգարյան) ակցիա անցկացնել ցանկացողների մտածելակերպը համարում է ծիծաղելի. «Քիմ Քարդաշյանը հայ կնոջ կերպարը չի ոտնահարել, քանի որ նա առաջին հերթին ամերիկացի է` իր կենցաղով, մենթալիտետով, ըստ որի՝ աստղի գործողություններն այնքան էլ անվայելուչ չեն: Քարդաշյանին պետք է դիտարկել որպես ամերիկյան աստղ: Գաղտնիք չէ, որ պոռնովիդեոներում հայտնվել են նաեւ Մադոննան, Ջենիֆեր Լոպեսը, Ջեսիկա Սիմփսոնը, Բրիթնի Սփիրսը, բայց նրանցից եւ ոչ մեկի հայրենիքում իրենց չեն քարկոծել»,-եզրափակեց Գուժը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

ՀՈՂԱՏԱՐԱԾՔ` ՔԱՐԴԱՇՅԱՆՆԵՐԻՆ
Քլոե Քարդաշյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում երկրպագուներին տեղեկացրել է, որ այսուհետեւ իրենց հայտնի ընտանիքը հողատարածք ունի պապենական հայրենիքում` Հայաստանում:
Ինչպես գրված է նրա ներկայացրած վկայականում` «Հովնանյան Ինտերնեյշնլ»-ը Քարդաշյանների գերդաստանին պարգեւում է հողատարածք Երեւանի Վահագնի թաղամասում, որը կատարյալ վայր է Հայաստանում երազանքի տուն կառուցելու համար:
Քլոեն, լուսանկարը հրապարակելով, գրառում է կատարել` քրոջն ու եղբորը` Քորթնի եւ Ռոբ Քարդաշյաններին, տեղեկացնելով, թե վերջիններիս համար հուշանվեր ունի:
Հիշեցնենք, որ օրերս ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ընտանիքի անդամների, այդ թվում քրոջ` Քլոեի հետ ժամանել է Հայաստան:

 

ԳՈՒԼԵԳԻՆԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Երեւանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համերգը տեղի կունենա ապրիլի 27-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Գուլեգինան ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ մաեստրո Էդուարդ Թոփչյանի հետ: Ծրագրում կհնչեն Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչինիի, Ումբերտո Ջիորդանոյի օպերաները:
Հիշեցնենք, որ Մարիա Գուլեգինան ռուս օպերային երգչուհի է: Նրա հայրը հայ է, մայրը` ուկրաինացի: 1983-ից Գուլեգինան սկսել է ակտիվ գործունեություն ծավալել, հանդես է եկել տարբեր երկրներում, մի շարք մրցույթների դափնեկիր է:

 

ԲԱՆԴԵՐԱՍԸ` ԴԻԶԱՅՆԵՐ
Հայտնի դերասան Անտոնիո Բանդերասի կարիերայում կտրուկ փոփոխություն է սպասվում: Նա որոշել է համալրել նորաձեւության դիզայներ-աստղերի ցանկը: Այս մասին Բանդերասը հայտնել է «Loose Women» թոք-շոուի ժամանակ: Նա նույնիսկ տեղեկացրել է, որ մտադիր է տեղափոխվել Լոնդոն եւ քայլեր անել նորաձեւության ոլորտում: Բանդերասը նշել է, որ ցանկություն ունի սովորել Սուրբ Մարտինի համալսարանում: «Սա մի միտք է, որը երկար ժամանակ ուղեկցել է ինձ»,-ասել է նա:




Լրահոս