ԱՊՐՈՒՄ ԵՆ ԲԱՆՏՈՒՄ՝ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աբովյանի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների համար նախատեսված հանրակացարանում, ՔԿՀ անձնակազմից բացի, բնակվում են նաեւ դատապարտյալներ: Այսինքն՝ բնակիչներն ու կալանավորները միասին են “նստած”: Դեռեւս խորհրդային տարիներից եկած կարգի համաձայն՝ Աբովյանի ՔԿՀ-ի աշխատակիցներին պետք է տրամադրեին բնակարաններ: Սակայն միության փլուզումից հետո այդ հարցն այդպես էլ մնաց չլուծված: Հանրակացարանի բնակիչների խոսքով՝  մինչ այդ նաեւ համաձայնություն է եղել, որ Աբովյանի քաղաքապետը որեւէ շենք տրամադրի ծառայողներին, իսկ հանրակացարանը մնա դատապարտյալներին: Սակայն հիմնարկի աշխատակիցներին մինչ օրս ո՛չ բնակարան է տրամադրվել, ո՛չ էլ տարածք` բնակարան կառուցելու համար:
Նրանք այս հարցով դիմել են ՀՀ կառավարությանը, Սերժ Սարգսյանին, Մարդու իրավունքների պաշտպանին: Ըստ ՀՀ արդարադատության նախարարի՝ այդ դատապարտյալներն անզգուշություն կատարած հանցագործներ են: Զրուցեցինք ՄԻՊ աշխատակազմի իրավապաշտպան Երանուհի Թումանյանցի հետ եւ տեղեկացանք, որ խնդրի առնչությամբ պաշտպանը` Կարեն Անդրեասյանը, դիմել է ՀՀ արդարադատության նախարարին երկու հիմնական հարցերով` թե ինչքանով է իրավաչափ, որ ՔԿՀ-ի հանրակացարանում բնակվում են ե՛ւ աշխատողները, ե՛ւ դատապարտյալները: Եւ երկրորդ հարցը. ինչպե՞ս է ԱՆ-ն մտադիր լուծել նախկին ծառայողների բնակարանային հարցը: Տեղեկացանք, որ ՄԻՊ-ը նորից է պատրաստվում դիմել ՀՀ արդարադատության նախարարին, քանի որ վերջինիս տված պարզաբանումներն այդքան էլ գոհացուցիչ չեն եղել: 
“Նախարարը պատասխանել էր հետեւյալը. գոյություն ունի կարգ` ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված, հատուկ նպատակի համար կացարան հասկացություն, ըստ որի՝ այնտեղ կարող են բնակվել այն անձինք, որոնք օրինապահ վարքագիծ են դրսեւորել, դրական բնութագրվող են, ամուսնացած են ու հիմնական աշխատանք ունեն: Միաժամանակ,  այդտեղ կա հիմնարկի պետի թույլտվությունը, որպեսզի նրանք կարողանան բնակվել հիմնարկի սահմաններում գտնվող նշված նպատակի համար նախատեսված հանրակացարանում: Այդ կապակցությամբ եւս պաշտպանը հարցրել է՝ արդյոք դա այդպիսի հանրակացարան է, եւ եթե դա այդպիսի կացարան է, ապա այնտեղ բնակեցված բոլոր դատապարտյալներն ունե՞ն այդ չափորոշիչները: Այս հարցին պատասխան է տրվել, որ դա հատուկ տիպի կացարան չէ, այլ ուղղակի բաց ուղղիչ հիմնարկ է: Եթե տվյալ հանրակացարանը բաց ուղղիչ հիմնարկ է, այդ դեպքում տարօրինակ է, որ բաց տիպի ուղղիչ հիմնարկում բնակվում են ՔԿՀ-ի ծառայողները”,-նկատեց իրավապաշտպանը: 
Հանրակացարանի բնակիչների պատմելով՝ իրենք սկզբում Մայակովսկի գյուղի գրանցում են ունեցել, ապա` Աբովյան քաղաքի: “Խորհրդային տարիներից գրանցվել ենք, որ տուն ստանանք: Մեզանից 7 հոգի ստացան բնակարան, բայց սովետի փլուզումից հետո մենք մնացինք այս վիճակում: Օդից կախված ենք: Իսկ հիմա բերել ու դատապարտյալներ են բնակեցրել: Իմ աղջիկը երրորդ շենքում ընկերուհի ուներ, ես ստիպված նրան ուղեկցում էի այնտեղ, որպեսզի դատապարտյալները հայհոյանք չտան, ո՞ւմ է հաճելի դրանք լսել: Այս պայմանների պատճառով գնաց Գերմանիաե,-ցավով նկատեց բնակիչներից ամենատարեցը: 
Շուրջ 18 ընտանիք այս կարգավիճակում է: ,Անհանգստացնում են: Գիշերվա կեսին երաժշտություն են միացնում ու ձայնը բարձրացնում: Երեխաները չեն կարողանում քնել: Իսկ երբ խնդրում ենք անջատեն կամ նման բաներ չանեն, մեզ անմիջապես հակադարձում են, թե դուք այստեղ ժամանակավոր եք, սա մեզ է պատկանում, ուղղակի ձեզ խղճալով՝ թողնում ենք, որ մնաք: Փոքր տարիքի երեխաներ են, բայց պարզ գիտեն, թե որ դատապարտյալն ինչ հանցագործության համար է ձերբակալվել: Երբ էրեխես առավոտյան տան դուռը բացում է, շրջվում է ինձ ու ասում՝ պա՛պ, էս կինը, գիտես, սպանություն է արել, դրա համար է ձերբակալվել, իսկ էն մյուսը Դուբայ է գնացել… Ինչքան էլ ճիշտ դաստիարակեմ երեխաներիս, միեւնույն է… ի՞նչ իմանամ, մեծանա ինչպիսի՞ մարդ կդառնա այսքան բան տեսնելուց հետո”,-մեծ ցավով նկատեց բնակիչներից մեկը, որը խուսափեց ներկայանալ:
ՀՀ արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից “Ժողովուրդ”-ին տեղեկացրին. “Ձեր օրաթերթի ընթերցողների բարձրացրած հարցն արդեն իսկ փոխանցվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությանը: Խնդիրն ուսումնասիրվում է: Արդյունքների մասին կտեղեկացնենք ուսումնասիրությունն ավարտելուց հետո՝ օրենքով նախատեսված ժամկետի շրջանակներում”:
Հ.Գ. “Ժողովուրդ” օրաթերթը հետամուտ կլինի՝ արդյոք ՀՀ ԱՆ-ն քաղաքացիներին կազատի դատապարտյալներից:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթ 17.10.12.




Լրահոս