ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԾԱԽՍՎՈՒՄ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՂԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ այս կառավարությունը պատմության մեջ հաստատապես հիշվելու է, պարզապես հարցն այն է, թե ինչպիսի երանգով: Պատմությունը մեզ ավանդել է տարաբնույթ կառավարություններ` «արհեստավարժների», «տեխնոկրատների», «սրբերի» եւ այլն, սակայն մեր այս կառավարության հարցում հավերժության այդ փաստաբանը անկասկած երկմտելու է՝ ինչպես անվանել այն:  Եւ քննելով ու զննելով՝ թերեւս ի վերջո կանգ կառնի «անգործունակների կառավարություն» բազմաբովանդակ եզրույթի վրա: Սա ասում ենք ոչ ամենեւին ծաղրելու համար, այլ անառարկելի փաստերի առկայությունից ու իրականությունը ներկայացնելու անհրաժեշտությունից դրդված: Ստորեւ ամփոփ կերպով անդրադառնանք «անգործունակների կառավարության» հզորագույն ճյուղերից մեկի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2011թ. գործունեությանը:
Այսպես, նախարարությունը 2011թ. իր գործունեության մասին ներկայացրել է կատարողական-հաշվետվություն, որի վրա լոկ հպանցիկ հայացք ձգելն իսկ բավական է հասկանալու համար դրա թերի լինելը: Հաշվետվության մեջ արձանագրված է միայն այն, թե ինչ է արել գյուղնախարարությունը նախորդ տարվա ընթացքում, մինչդեռ անհրաժեշտ էր խոսել այն մասին, թե ինչ ծրագրեր ու խնդիրներ են դրված եղել իրենց առջեւ, ապա՝ կոնկրետ որ հարցերում են հաջողություն արձանագրել եւ որտեղ թերացել:  Այնպիսի տպավորություն է, որ սույն նախարարությունը իր գործունեությունը սկսել է առանց որեւէ նախնական ծրագրի ու ձեռքի հետ ինչ հասցրել, դա էլ կատարել է ու այժմ հպարտանում է դրանով: Կատարողական-հաշվետվության առանցքը համեմատությունն է 2010թ. հետ՝ ներկայացված հիմնականում տոկոսային հարաբերությամբ, ինչպես, օրինակ, համախառն արտադրանքի աճը կազմել է 14.0%, ցորենի արտադրության ծավալը գերազանցել է նախորդ տարվա մակարդակը 20.9%-ով, իսկ գարնանը՝ 43.9%-ով, պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները՝ 35.2%-ով եւ այլն:
Հաշվետվության մեկ այլ թերություն կարելի է համարել արտադրատեխնիկական սպասարկումների մասին հատվածը: Մի քանի տողով «բացատրվում է», որ սահմանված կարգով կազմակերպվել ու իրականացվել է ներկրված գյուղատնտեսական տեխնիկայի (61 միավոր տրակտորներ) եւ գյուղմեքենաների իրացման գործընթացը: Կարծես ամեն ինչ կարգին է, եւ շարունակելով ընթերցումը՝ ակնկալում ես,  որ պետք է մեկնաբանվի՝  կոնկրետ ինչպես եւ ում են հանձնվել այդ տեխնկիայի միջոցները: Բայց ավա՜ղ, ոչ մի խոսք եւ ոչ մի պատշաճ հասցեատեր: Դեռ կպարզենք՝ գյուղնախարարությունն ում է հատկացրել այդ միջոցները, ինչ պայմաններից ու խնդիրներից ելնելով են կատարվել այդ բաշխումները: Հաշվետվության նույն այդ հատվածը նաեւ տեղեկացնում է, որ նախարարությունը կատարել է եւս մեկ տիեզերական նշանակության քայլ. տեխնիկայի հավաքակայանը նորացնելու նպատակով հանդիպումներ են կազմակերպվել տեխնիկա արտադրող եւ լինզինգային խոշոր ընկերությունների հետ («Ռոսգրոմաշ» ասոցիացիա, «Ռոստսելմաշ» ՍՊԸ, «Ռոսագրոլինզինգ»՝ բոլորը ռուսական ընկերություններ են): Եւ կրկին՝ ոչ մի խոսք բանակցությունների արդյունքների մասին: Ստացվում է, որ նախարարությունն արդեն իսկ մեծածավալ աշխատանք է համարում բանակցություն վարելը: Այսպիսով` «կարեւորը մասնակցությունն է» օլիմպիական սկզբունքը ներառված է պետական այս գերատեսչության տարեկան ամփոփիչ հաշվետվության մեջ՝ որակված որպես ձեռքբերում:
Հաշվետվության մեջ խորհրդային վերամբարձ հռետորաբանությանը բնորոշ տոնայնությամբ խոսվում է անտառամշակույթների տնկման ու դրանց խնամքի գործում նախարարության կատարած տիտանական աշխատանքների մասին: Բարեբախտաբար, այս մասին նույնիսկ Վերահսկիչ պալատը վերջերս նշեց իր սեղմ ու գրեթե ոչինչ չասող զեկույցում: Վերջինս թեեւ ենթարկվեց ֆունդամենտալ քննադատության, իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից իրավացիորեն գնահատվեց որպես տրիվիալ հայտարարությունների կույտ, այդուհանդերձ, անտառատնտեսության բնագավառում տեղ գտած խախտումների առումով արժանի է հիշատակման: Այն դեպքում, երբ գյուղնախարարությունն իր հաշվետվության մեջ հպարտանում է անտառամշակույթների տնկմամբ, ՎՊ-ն պարզաբանում է, որ անտառի պահպանման, պաշտպանման, վերականգնման եւ օգտագործման աշխատանքներն իրականացվել են անտառակառավարման հաստատված պլանների էական շեղումներով: Բացի այդ, պարզվում է, որ փաստացի մթերված փայտի ծավալը գերազանցել է անտառաշինական պլաններով սահմանված ծավալները: Հերթական մերկացումն արդեն վերաբերում է տնկարաններում սահմանված պայմանների բացակայության հետեւանքով սույն ոլորտում իրականացվող պետբյուջեից կատարված ներդրումների անարդյունավետությանը, որը կազմել է ոչ ավել, ոչ պակաս՝ 40%: Եւ նույնիսկ նման արդյունքների առկայության դեպքում ոչ ոք չի պատժվել:
Հաշվետվություն-կատարողականի մեջ հեղինակները, սակայն, մոռացել են հիշատակել բնական աղետների դեմ իրենց անձնուրաց պայքարի մասին: Չար լեզուներն ասում են՝ իբր տեղադրված կայանների անվտանգությունն ու արդյունավետությունը որեւէ պետական մարմնի կողմից չեն ստուգվել: Դրան էլ ավելանում է ՎՊ-ի հերթական ապտակը վերջին շրջանում մոդայիկ դարձած «ատկատների» կոնտեքստում, թե իբր ծրագրով նախատեսված մյուս տիպի կայանները, որոնց անվտանգության խնդիրները ճշգրտված են եղել միջազգային ստանդարտներով եւ 16 անգամ ավելի էժան են եղել, քան արդեն տեղակայվածները, անհայտ պատճառներով չեն տեղադրվել:
Հաշվետվության համառոտ տարբերակի վերջում արձանագրված է, որ գյուղնախարարության 2010թ. գործունեությունը նպատակաուղղված է եղել ոլորտի գերակա ուղղություններին համապատասխան աշխատանքների իրականացմանը, ընթացիկ հիմնախնդիրների լուծմանը: Ու այստեղ մենք կանգնեցինք լիակատար ցայտնոտի առաջ՝ կա՛մ այս հաշվետվությունը 2010թ.-ին է վերաբերում, կա՛մ ուղղակի արտագրել են նախորդ տարվա հաշվետվության այդ հուզառատ հատվածը, կա՛մ էլ իներցիայի մղումով ամեն տարի նույն խնդիրներն են դնում իրենց առաջ ու ցնծությամբ հաղթահարում:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս