Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում “Խղճի եւ կրոնական ազատությունների մասին” ՀՀ օրենքի նախագծի շուրջ, որին մասնակցել են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հասարակական կազմակերպությունների, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, Հայ ավետարանական ընտանիքի 9 եկեղեցիների եւ այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Վարդան Խաչատրյանը, Հրանուշ Խառատյանը, Հովհաննես Հովհաննիսյանը եւ այլ փորձագետներ: Ինչպես այս մասին armlur .am-ին տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից, քննարկման ընթացքում եւ դրանից հետո սահմանված ժամկետում բոլոր կողմերը ներկայացրել են օրենքի նախագծի շուրջ իրենց դիտողություններն ու առաջարկությունները:
Բոլոր կողմերի տեսակետներն ու առաջարկությունները ուսումնասիրելով եւ ամփոփելով՝ Օմբուդսմենը ներկայացրել է “Խղճի եւ կրոնական ազատությունների մասին” ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ տասնյակ առաջարկություններ:
Առաջարկներից մեկն է “հոգեւորսություն” հասկացությանը տալ հստակ իրավական սահմանում։ Առաջին հերթին պարզաբանել ,հոգեբանական բռնությունե հասկացությունը եւ դրա համար պատասխանատվության ենթարկելու հիմքերը։ Պարզաբանման կարիք ունի նաեւ օրենքի նախագծում տեղ գտած ,սոցիալական առավելությունե հասկացությունը, որը հաճախ օգտագործվում է անձին որեւէ հավատքի հետեւորդ դարձնելու նպատակով եւ չպետք է նույնացվի կամ շփոթեցվի բարեգործության հետ։
Մեկ այլ խնդիր է երեխայի կրոնական դաստիարակությունը։ Չնայած նրան, որ օրենքի նախագիծը թույլ է տալիս ծնողին իր համոզմունքներից ելնելով կրոնական դաստիարակություն տալ երեխային, միեւնույն ժամանակ այն չի կարգավորում այն դեպքերը, երբ ծնողներից յուրաքանչյուրը տարբեր կրոնական ուղղությունների հետեւորդներ են եւ համաձայնության չեն գալիս երեխայի կրոնական դաստիարակության հարցում։
Կրոնական կազմակերպությունների արտերկրից ֆինանսավորումը նույնպես խնդրահարույց է։ Եթե օրենքի նախագիծը արգելում է կրոնական կազմակերպությունների ֆինանսավորումը օտարերկրյա պետություններից, ապա արդյո՞ք Հայաստանում բնակվող որոշ ազգային փոքրամասնությունների եկեղեցիների ֆինանսավորումը, օրինակ՝ Ռուս Ուղղափառ եկեղեցին, նույնպես պետք է կարգավորվի տվյալ նախագծով։
Այս եւ օրենքի նախագծի վերաբերյալ Օմբուդսմենի այլ առաջարկություններին եւ դիտողությունների մանրամասներին կարելի է ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի կայքէջում: