ՀՀԿ-ԱԿԱՆԸ ՀԱՂԹԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 2-ին  Գյումրու մի քանի թաղամասեր ու Ախուրյանի շրջանն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում կայացան Ազգային Ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ: Պատգամավորի մանդատ ստանալու համար պայքարեցին գործարար, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, ՀՀԿ-ական Արման Սահակյանը եւ ՀԱԿ Գյումրու կառույցի համակարգող Մուրադ Գրիգորյանը: Ձայների մեծամասնությամբ հաղթող ճանաչվեց ՀՀԿ-ական Արման Սահակյանը՝ հավաքելով 13 327 քվե: Իսկ Մուրադ Գրիգորյանը իր իսկ մարզում հավաքեց ընդամենը 3237 քվե:  
ԿԸՀ նախնական տվյալներով՝ թիվ 35 ընտրատարածքի ցուցակներում ընդգրկված 55 971 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 17 390-ը, այսինքն՝ ընտրողների 31.07 տոկոսը: Որ ընտրությունների նման ցուցանիշ կգրանցվեր, արդեն իսկ պարզ էր ընտրողների ոչ այնքան ակտիվ հոսքից: Մի քանի ընտրատեղամասերում շրջելով` մեզ պարզ դարձավ, որ օրվա կեսի դրությամբ ընտրությանը մասնակցել էր ընտրողների չնչին տոկոսը: Թիվ 18 դպրոցում տեղակայված թիվ 35/39 ընտրատեղամասի նախագահ Սամվել Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 1773 ընտրողներից օրվա կեսին ընտրությանը մասնակցել էր ընդամենը 64-ը: Թիվ 35/40 ընտրատեղամասում նույն այդ պահի դրությամբ ցուցակներում ընդգրկված 1913 ընտրողներից  մասնակցել էր 140-ը:
Ընտրատեղամասերի ներսում ինչ-որ խախտումներ, խոչընդոտներ չնկատեցինք, փոխարենը գրեթե բոլոր ընտրատեղամասերի տարածքում նկատեցինք 3-4 հոգու, որոնք համարյա միշտ տարածքում էին, չգիտես ինչու, ընտրության եկածներից շատերին ճանաչում էին, ուղեկցում մինչեւ ընտրատեղամաս ու նորից վերադառնում իրենց տեղը՝ ընտրատեղամասից մի փոքր հեռու: Մի քանի ընտրատեղամասերում նկատեցինք եւս մի հետաքրքիր մի փաստ. ընտրության էին բերում տարեցների, որոնք ինքնուրույն տեղաշարժվել անգամ չէին կարողանում, ուր մնաց՝ կարողանային ինքնուրույն քվեարկել: Որոշ տեղամասերում էլ ինչ-որ մարդիկ, այսպես ասած, «օգնում էին» ընտրողներին՝ նրանց ընտրատեղամաս բերելով գազելներով կամ մեքենաներով: Սպասում էին, մինչ նրանք կընտրեն, դուրս կգան տեղամասից, որ նույն մեքենայով նրանց հետ տանեն:
Տեղեկություններ ստացանք, որ թիվ 10 դպրոցում տեղակայված 35/30-րդ ընտրատեղամասի տարածքում նկատվում են մարդկային կուտակումներ, հետո էլ՝ մեքենաներով ու անգամ գազելներով ընտրողների են բերում: Այդ ընտրատեղամասում Մուրադ Գրիգորյանի վստահված անձ Ռուզաննա Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց. «Տեղամասում ուղղություն ցույց տվող չեմ տեսել, բայց տեսնում եմ, որ տեղամասից դուրս մեկը բերում իջեցնում է: Դրսում չեմ եղել, ուղղակի դուրս նայող ապակիներից ամեն ինչ պարզ երեւում է»:
Ի դեպ, նշենք, որ ընտրատեղամասերում կամ դրանց տարածքներում ընտրակաշառքի բաժանման դեպքեր չնկատեցինք: Մեր քաղաքացիների փոխանցած տեղեկություններով՝ իրենց ուղղակի հորդորել են ընտրել ՀՀԿ-ական թեկնածուին, փոխարենն առաջարկել. «Հետո կգաք, դիմում կգրեք, մի բան կանենք»:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս