Ցույցի կազմակերպիչները որոշել են սադրանքների դիմել և բախումներ հրահրել. ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը տվյալներ ունի, որ իրենց Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի կազմակերպիչներ համարող որոշ անձինք որոշում են կայացրել սրել իրավիճակը, դիմել ոստիկանության նկատմամբ սադրանքների: Այս մասին Բաղրամյան պողոտայում ցուցարարներին հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք ունենք տեղեկություններ, որ որոշ մարդիկ, ովքեր իրենց համարում են այս հավաքի կազմակերպիչներ, գիշերը նստել և մտածել են, որ այսպես հետաքրքիր չէ, և որոշել են, բացի աղբամաններից, բերել վրաններ, բարիկադներ տեղադրել, սրել իրավիճակը, ոստիկանության նկատմամբ սադրանքների դիմել, փակել փողոցներ»,­ «Արմենպրես»-­ի հաղորդմամբ` հայտնեց Ահարոնյանը:

Նա հայտարարեց, որ զերծ կմնա անուններ տալուց, սակայն ցանկանում է հայտնել, որ որոշ մարդկանց մոտ նման տրամադրվածություն կա: «Շատ կարճ ժամանակ անց դուք այս մասին կլսեք արդեն իրենցից, և ես ցանկանում էի նախօրոք ձեզ այդ մասին տեղյակ պահել: Արդեն կա որոշում, որ մի քանի անձինք պետք է այս շարժումը ղեկավարեն: Նրանք առաջարկելու են բարիկադներն ավելի մոտեցնել ոստիկանությանը: Նրանց դուր չի գալիս, որ ոստիկանությունը պասիվ է, ինչը մարում է շարժումը: Ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ այս ամենը որոշ անձինք այստեղ հնչեցնելու են:

Հորդորելու են մարդկանց ոստիկանության հետ բախումներ հրահրել, բարիկադներն առաջ տանել»,-­ նշեց Ահարոնյանը: Նա ցուցարարներին հորդորեց ուշադիր լինել և թույլ չտալ, որ խաղաղ հավաքն այլ բանի վերածվի: Ահարոնյանը հստակեցրեց, որ կան 4­5 անձինք, ովքեր որոշել են առաջնորդել շարժումը և ամեն ինչ անելու են, որպեսզի իրենց սցենարով գնա շարժումը:




Լրահոս