ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ԴԵՐԱՍԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը դեկտեմբերի 5-ին խիստ անհանգստացած էր եւ մինչ օրս էլ անհանգստանում է իր թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանի հետ տեղի ունեցած միջադեպով: «Դա Սերգեյի անձնական գործն  է, թե նա իր հետ տեղի ունեցածին ինչ աստառ տվեց: Իր գործն է, թե ինչու նա աշխատակիցների մոտ այլ բան պատմեց իր հետ կատարվածի մասին, իսկ ոստիկանությանը՝ այլ բան: Ինձ եւ իմ աշխատակիցներին ավելի շատ այսօր անհանգստացնում է տղայի առողջական վիճակը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց թատրոնի տնօրենը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի հարակից բենզալցակայանում, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր), ծեծի էին ենթարկվել դերասան Սերգեյ Գրիգորյանը եւ նրա եղբայրը` Արտյոմ Գրիգորյանը: Պատճառը եղել էր հերթը. երբ մի քանի տղաներ նրանցից առաջ էին ընկել, դերասանը զգուշացրել էր հերթ կանգնել: Սակայն երիտասարդները (ենթադրվում է՝ Մհեր Սեդրակյանի թիկնապահները) ի պատասխան ծեծել էին դերասանին: Վերջինս կորցրել էր լսողությունը, որը հաջորդ օրերին սկսել էր վերականգնվել: Նշենք, որ ծեծի ենթարկվելու օրը դերասանը թատրոնում ներկայացում է ունեցել եւ ուշադրություն չդարձնելով կատարվածին՝ մասնակցել է ներկայացմանը եւ գործընկերներին պատմել, որ իրեն ծեծի են ենթարկել վերը նշված բենզալցակայանում: Ավելի ուշ, միգուցե համապատասխան սպառնալիքների արդյունքում, դերասանը ոստիկանությանը պատմել է այլ բան,  թե իբր տանը գործ անելիս է ընկել:
14 օր է անցել միջադեպից, եւ մինչ օրս, ինչպես մեզ հետ զրույցում պարզաբանեց թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը, Սերգեյը թատրոն չի հաճախում. «Բուլետեն է վերցրել եւ թատրոն չի գալիս»: Տնօրենը խիստ զարմացած է այս միջադեպի հետեւանքներից. «Թատրոնը չպետք է դիմի ատյաններ: Եթե ինքը՝ Սերգեյը, չի ցանկանում դա անել, թատրոնի ձեռքերն ու ոտքերը կապված են: Եթե դեպքը կատարվեր թատրոնում, դա արդեն այլ բան է եւ այլ հարց»: Նա չկարողացավ ասել՝ Սերգեյին իսկապես սպառնացել են, թե ոչ, եւ համարեց, որ դա նրանց գործն է:
Փորձեցինք զրուցել նաեւ Սերգեյի հետ, սակայն նրա հեռախոսին պատասխանեց եղբայրը` Արտյոմ Գրիգորյանը, եւ տեղեկացրեց, որ Սերգեյին հիվանդանոցից տեղափոխել են տուն: «Հիմա նա տանն է եւ այս պահին քնած է ու չի կարող խոսել Ձեզ հետ»,-կտրուկ ասաց  եղբայրը: Երբ փորձեցինք հետաքրքրվել, թե ինչն էր նրանց ստիպել թատրոնի աշխատակիցներին այլ բան պատմել, իսկ ոստիկանությանը՝ այլ, միգուցե վախեցրե՞լ են, Արտյոմը հրաժարվեց մեկնաբանել: «Ես չեմ ցանկանում Ձեր այդ հարցերին պատասխանել, մի՛ շարունակեք ինձ այդ տեսակ հարցեր տալ»,-նշեց նա եւ անջատեց հեռախոսը:
Այցելեցինք նաեւ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, սակայն, ինչպես տեղեկացրին թատրոնի ծառայողական մուտքի աշխատակիցները, այս օրերին թատրոնն արձակուրդի մեջ է: «Հիմա միայն ուսանողներն են տոնական ներկայացումների պատրաստվում: Իսկ մենք էլ Սերգեյին այդ օրվանից չենք տեսել ու ոչ էլ լսել ենք իր մասին»,-նշեցին աշխատակիցները: Նրանց չզարմացրեց այն հանգամանքը, որ միգուցե Սերգեյին սպառնացել  են. «Ո՞վ կուզենա տենց մարդկանց հետ գործ ունենալ»:
Հիշեցնենք, որ դեպքի վերաբերյալ նյութերը ոստիկանությունն ուղարկել է Վաղարշապատի բաժին, որպեսզի հանգամանքները պարզվեն, բայց, ինչպես նկատում ենք, այնտեղ դեռ չեն պարզել՝ Սերգեյ Գրիգորյանին ծեծի են ենթարկել, թե ոչ, քանի որ ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացանք, որ սույն գործով հետաքննությունը դեռեւս շարունակվում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս