Հայաստանը հեղափոխության շեմին է. Նարինե Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում ընտրություններն ավարտվեցին  հազիվ մեկնարկած, ավարտվեցին` կրկին ի ցույց դնելով հայաստանյան ընտրական համակարգի անպատվությունն ու բռնադատվածությունը եւ ներկա քաղաքական համակարգի հակամարդկային բնույթը` Ընտրական օրենսգրքով սահմանելով 8 միլիոն դրամի հասնող ընտրագրավ` 228 անգամ բարձր նվազագույն եւ 67 անգամ՝ միջին աշխատավարձի չափից: Այդ մասին ասվում է Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի տարածած հայտարարության մեջ:
“Ընտրագրավի անվամբ քողարկված ունեցվածքային ցենզի կանխադրույթը կիրառվեց որպես լծակ՝ ի ցույց դնելով իշխանությունների անթաքույց ցինիզմը ՀՀ այն հազարավոր քաղաքացիների հանդեպ, ովքեր ապավինում են իրենց ազնիվ աշխատանքին եւ աշխատավարձին: Ունեցվածքային ցենզ սահմանելով քաղաքական գործունեության իրականացման համար՝ այս իշխանությունը Հայաստանում դասակարգային խտրականություն է սահմանում: Աշխարհը վաղուց է հրաժարվել սոցիալական այսօրինակ խտրականությունից, որը սահմանափակում է քաղաքականությամբ զբաղվելու բոլոր քաղաքացիների իրավունքը՝ բռնազավթելով ոչ միայն իշխանությունը, այլեւ այդ իշխանությունը փոխելու` քաղաքացիների համամարդկային իրավունքները:
Գործող քաղաքական վերնախավը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, փշալարեր է անցկացրել գրեթե ամենուր, որպեսզի անհամաձայնության, դիմադրության, ընդվզման, արդարացի ձգտումների եւ նպատակների ճանապարհները դարձնի անանցանելի: Փշալարերը դրված են ոչ միայն քաղաքականության, այլեւ ազատական տնտեսության ճանապարհին: Գործարարները չանսացին փոփոխությունների իմ առաջարկած ուղեգծին: “Մենք չենք ուզում խառնվել ընտրություններինե ասելով` նրանց մեծ մասը խառնվելու է առաջիկայում ընտրակաշառքի բաժանման գործընթացին, մոռանալով նաեւ, որ սոցիալական բեւեռացման խորացմամբ` նրանք՝ իշխանությունը եւ գործարար աշխարհը միասին, Հայաստանը կանգնեցրել են փաստացի դասակարգային առճակատման դեմհանդիման: Ես ցավակցում եմ հայաստանցի գործարարներին, ովքեր չգիտակցեցին, որ փողով չեն կարող գնել կարեւորները` ազատություն եւ արժանապատվություն, համարձակություն եւ խիզախություն, եւ սերը հայրենիքի հանդեպ: Նրանց հոգում տեղ չկա Հայաստանի հանդեպ սիրո, հոգատարության եւ քնքշանքի համար: Հայաստանի գործարար աշխարհին ես հղում եմ իմ խորին ցավակցությունները”,- նշել է Մկրտչյանը:
Նրա խոսքով, ընտրապայքարի այս կարճ ժամանակահատվածում ինքը փորձեց հույս արթնացնել փոփոխությունների հանդեպ եւ իր առաջադրմամբ ձեզ հնարավորություն ընձեռել աջակցել փոփոխություններին: “Թեւաթափ, հուսախաբ հասարակության մեջ աստիճանաբար ծայր առավ ներքին պայքարը եւ ներքին լարումն առկայծեց փոփոխությունների հույսից: Ես շնորհակալ եմ ՀՀ այն արժանապատիվ քաղաքացիներին, ովքեր ընկալեցին պահի լրջությունը, քաջալերեցին ինձ, արձագանքեցին հույսին եւ  փոփոխությունների իմ ուղեգծին: Ընտրապայքարի այս կարճ ժամանակահատվածում իմ թիմակիցների հետ մենք արեցինք հնարավորն ու անհնարը փոփոխությունների դուռը բացելու եւ այն բաց պահելու համար: Համոզված եղեք, այդ դուռը շարունակում է բաց մնալ, եւ ոչ ոք չի կարող այն փակել, եթե միայն դուք թույլ չտաք:
Ցանեք, տարածեք փոփոխությունների սերմերը բոլորի հոգիներում”:
“ՀՀ արժանապատիվ եւ ազատատենչ քաղաքացիներին ես հղում եմ իմ ուղերձը` բաց պահեք փոփոխությունների դուռը եւ արթուն պահեք հույսը, որը կհասցնի հաղթանակի:
Հասարակական-քաղաքական կյանքի վերընձյուղմանը նպաստեցին բազմակարծությունը եւ լրատվության անկողմնակալությունը, որոնք ապահովեցին եւ ապահովում եմ իմ գործընկերները` այն լրագրողները, ԶԼՄ-ների ղեկավարները,  ովքեր ապացուցեցին, որ հասարակական բարձր արժեքներն են լրագրության արժեքներն ու սկզբունքները: Ես շնորհակալ եմ նրանց աջակցության համար: Իմ գործընկերներին ես հղում եմ այս կոչը` պահպանել այդ արժեքները, չկորցնել ներքին ազատությունը եւ այն փոխանցել հասարակությանը:
Ընտրապայքարն ինձ համար սկսվեց ուսանողների հետ հանդիպումներով: Նրանց ելույթներում եւ նրանց լռության մեջ տեսա հույսը եւ հուսահատությունը: Խորապես գիտակցելով հայոց պետականության՝ մեր հայրենիքի գլխին կախված վտանգը եւ Սերժ Սարգսյանի կառավարման համակարգի արատները՝ կոռուպցիան, կաշառակերությունը, անպատժելիությունը, անօրինականությունը, անարդարությունը` որպես հետեւանք՝ աննախադեպ արտագաղթը, ես առաջադրվեցի ՀՀ նախագահի ընտրություններում: Իրենց ապագան այդ ուսանողներից շատերը չեն կապում Հայաստանի հետ: Ես հղում եմ նրանց` ուսանողներին իմ կոչը` թույլ չտալ կողոպտեն իրենց եւ իրենց հայրենիքի ապագան”,- նշել է չկայացած թեկնածուն:
“Իմ զրույցները, ելույթներն ու հանդիպումները ոչ այս ընտրապայքարով են սկսվել, ոչ էլ ավարտվելու են դրանով: Ես խոսելու եմ ձեզ հետ youtube-ով, իմ հոդվածներով, տալու եմ քաղաքական գնահատականներ:
Առաջիկայում վարչակարգը շարունակելու է ի ցույց դնել իր արատավոր դեմքը. համոզված եմ՝ արժանապատիվ եւ չհարմարվող քաղաքացիները երես են թեքելու նրանից՝ անհամաձայնությամբ եւ ընդվզմամբ:
Ազատության եւ փոփոխութունների համար մղվող պայքարը շարունակվում է, պայքարի միջոցները սպառված չեն բնավ: Ոչ ոք չի կարող մեզնից խլել ի վերուստ տրված մեր իրավունքները:
ՀՀ ազատ եւ հպարտ քաղաքացիներին ես հղում  եմ իմ ուղերձը`ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՊԱՆՎԱԾ Է. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ Է”,- ամփոփել է Նարինե Մկրտչյանը:




Լրահոս