Արփինե Հովհաննիսյանը մերժեց Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը մերժեց Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագիծը:

Նիկոլ Փաշինյանը ներկայացված նախագծով առաջարկում էր «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով՝ հետևյալ  բովանդակությամբ.

«3. Եթե սույն օրենքով նախատեսված կարգով արձանագրված խախտումն իրականացվել է առնվազն 15 տարվա գործարանային թողարկման, կամ առնվազն 10 տարվա գործարանային թողարկման և 250-ից 350 ձիաուժ հզորությամբ շարժիչով, կամ մինչև 120 ձիաուժ հզորությամբ շարժիչով թեթև մարդատար ավտոմոբիլով, կամ ավտոբուսով` վարչական ակտով տուգանքները նշանակվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված տուգանքների 50 տոկոսի չափով»:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` նախագծի ընդունման պարագայում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներ նշանակելիս որոշակի տարբերակում կդրվի և սոցիալապես պակաս ապահովված վարորդների տուգանքի չափերը կնվազեն 50 տոկոսով, ինչի արդյունքում կթեթևանա երթևեկությանը հետևող տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի գործունեության արդյունքում ՀՀ քաղաքացիների ուսերին ծանրացող ֆինանսական բեռը:

Արդարադատության նախարարը նշեց, որ   հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նախագծի ընդունման  դեպքում վարորդների համար կստեղծվեն պատասխանատվության տարբեր պայմաններ՝ կախված գույքային վիճակից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:




Լրահոս