Աշխատանքները սկսեց «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 25-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը աշխատանքները սկսեց «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովը, որին մասնակցում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամներ, տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, գիտական և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի օրակարգի առաջին մասում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունների, տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կատարած և առաջիկայում կատարելիք աշխատանքների վերաբերյալ զեկուցումներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:
Ողջունելով ներկաներին՝ Վ. Սարգսյանն ընդհանուր գծերով ամփոփեց Ցեղասպանութան 100-րդ տարելիցին նվիրված ակնառու աշխատանքները՝ նշելով, որ այն արդյունքը, որը ձեռք բերվեց ցեղասպանության 100-րդ տարելիցին իրականացված միջոցառումների շնորհիվ, նախանշելու և կողմնորոշելու է մեր ազգային կյանքի հետագա ընթացքը:
«Գործնական հարթությունում, 100-րդ տարելիցի միջոցառումները հանգեցրին Հայաստանի և Սփյուռքի միջև փոխգործակցության նոր մոդելների ձևավորմանը: 100-րդ տարելիցի միջոցառումների հաջողությունն ապացուցում են փոխգործակցության այդ հսկայական ու բացառիկ ուժը, ազգային խնդիրներին պետական միջոցներով տեր կանգնելու մոտեցումը»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ վաղը՝ պետական հանձնաժողովի նիստում, կընդունվեն մի շարք կարևոր որոշումներ: Մասնավորապես, կքննարկվի ՀՀ նախագահի կողմից Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում հնչեցված գաղափարը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հենքի վրա Համահայկական խորհուրդ ձևավորելու մասին: Խորհուրդը պետք է մշտական հարթակ դառնա Հայաստան-Սփյուռք երկխոսության և ազգային խնդիրների կանոնակարգված քննարկման համար:
Իրենց կառույցների կողմից իրականացված աշխատանքներն ամփոփեցին ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ծավալուն աշխատանքները ներկայացրեց նախարար Հրանուշ Հակոբյանը:
Շնորհակալություն հայտնելով սփյուռքյան հանձնախմբերին, համայանքային, հոգևոր, բարեգործական, մշակութային կառույցներին, մտավորականներին ու արվեստագետներին փայլուն գործակցության համար՝ նախարարը նշեց այն 7 հիմնական ուղղությունները. որոնք եղել են իրենց աշխատանքների առանցքում. քաղաքական, քարոզչական, գիտահետազոտական-հրատարակչական աշխատանքներ, գիտաժողովներ-համաժողովներ, համայնքային ձեռնարկներ, հոգևոր-եկեղեցական արարողություններ:

Համառոտ անդրադառնալով իրականացված աշխատանքներին՝ նախարարն ընդգծեց, որ այդ ամենի շնորհիվ տեսանելի և շոշափելի արդյունքներ գրանցվեցին: Սփյուռքը համախմբվեց, ավելի վստահություն ձեռք բերեց իր ուժերի հանդեպ, ավելի Հայաստանակենտրոն դարձավ: Բազմաթիվ ժողովուրդներ իրազեկվեցին տեղի ունեցածի մասին և ավելացան այն երկրների, կառույցների, անհատների թիվը, ովքեր դարձան «Այլևս երբեք»-ի գաղափարակիր: Հազարավոր ծպտյալ հայերի մոտ արթնացավ ազգային ինքնագիտակցությունը, Հայաստանի և հայերենի հանդեպ հետաքրքրությունը:
Խոսելով ապագա անելիքների մասին՝ Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ կուտակված փորձի, ունեցած ռեսուրսների շնորհիվ ավելի նպտակային, ավելի ակտիվորեն և ուղղորդված կպատրաստվեն 100+1-ին, 100+2-ին և հետագա տարելիցներին:
Ավարտելով խոսքը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շեշտեց վերազարթոնքի ապրեցնող հսկայական ներուժի մասին, որը կուտակվեց այս ամենի արդյունքում և որի ճիշտ ուղղորդման խնդիրները կարող է լուծել համահայկական այն կառուցը, որը առաջիկայում ՀՀ Նախագահի առաջարկով կստեղծվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հենքի վրա:
Այնուհետև, նախարար Հրանուշ Հակոբյանը նախագահեց «Տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքների ընթացքը և առաջիկա անելիքները» թեմայով նիստը, որի ընթաքում ելույթ ունեցան Եգիպտոսի, Իսրայելի, Իրանի, Լիբանանի, Հորդանանի, Սիրիայի, Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կիպրոսի, Հունաստանի, Շվեդիայի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Կանադայի, Ավստրալիայի տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարներն ու ներկայացուցիչները, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովի աշխատանքները շարունակում են:




Լրահոս