«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի տարածքում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին գործում է արագաչափ: Ի տարբերություն Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան եւ Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղ բնակավայրերում տեղադրված, բայց չգործող արագաչափերի՝ Բերդավանի արագաչափը գործում է: Սեպտեմբերին 24-ին Բերդավանը ադրբեջանական զինուժի կողմից ուժգին հրետակոծվեց, բերդավանցի 2 կին արկերի բեկորներից զոհվեց, գյուղի 2 այլ բնակիչ էլ վիրավորվեց: Բերդավանցիները կրակի տակ շտապ կերպով իրենց երեխաներին տարհանեցին գյուղից, հասցրին ապահով վայրեր:
Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը «Ժողովուրդի» հետ զրույցում նշեց, թե հնարավոր է, որ այդ օրը գյուղի տարածքում տեղադրված արագաչափը լուսանկարած լինի իր ծառայողական ավտոմեքենայի կողմից թույլատրելի արագության գերազանցումը, քանի որ շտապ հիվանդանոց հասնելու խնդիր կար: Նա ասաց, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պետավտոտեսչության պետի տեղակալի հետ, ով հավաստիացրել է, որ սեպտեմբերի 24-ին բերդավանցիների կողմից թույլ տրված խախտումների համար տուգանքներ չեն կիրառվի: Համայնքի ղեկավարին հարցրինք սահմանամերձ գյուղում արագաչափ տեղադրելու նպատակահարմարության մասին: Ա. Գաբրիելյանն ասաց, որ Բերդավանում արագաչափն օգտակար է, քանի որ նախկինում, երբ այն տեղադրված չէր, գյուղի ավտոկանգառի մոտ մեծ արագությամբ սլացող մեքենաները մի քանի վթարի պատճառ են դարձել: Նրա խոսքերով՝ արագաչափի առկայությունը զսպում է բարձր արագության սիրահարներին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: