Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ ծնունդով սյունեցի դատավոր Հովիկ Շահնազարյանը, որը անցած տարվա դեկտեմբերին է նշանակվել իր պաշտոնում, չնչին աշխատավարձով բավականին պատկառելի ունեցվածք է կուտակել: Ըստ նորանշանակ դատավորի՝ 2014 թվականի հայտարարագրի՝ նրա դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 61 հազար դոլար, 13 մլն դրամ, 170 հազար ռուսական ռուբլի:
Նկատենք, որ մինչեւ դատավոր նշանակվելը, Շահնազարյանի ամսական աշխատավարձը կազմել է ընդամենը 43 հազար դրամ: Աշխատավարձից բացի՝ նա անցած տարի ունեցել է նաեւ 1 մլն 234 հազար դրամի այլ եկամուտ: Իսկ դատավորի կնոջ դրամական միջոցները 2014-ի վերջին կազմել են 14 հազար դոլար, 600 հազար դրամ եւ 100 հազար ռուբլի: