ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԱՏԱՆԱՆԵՐԻ՛Ն ՀԱՐՑՐԵՔ
ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է վերաբերում հնչող գնահատականներին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդիմության դաշտի «թիվ մեկ սատանան» է, ասել է. «Էն աշխարհի հետ շփվողների հե՛տ այդ հարցերը պարզեք: Ես գտնվում եմ մի քիչ ավելի երկրային չափողականության մեջ»:

ԷԺԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ
Galatv-ի տեղեկացմամբ` Հայաստան ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների քանակը 2012թ. կտրվածքով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 16 տոկոսով: ՊԵԿ մաքսային ծառայության տվյալներով` ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների մեջ գերակշռում են մինչեւ 5 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ավտոմեքենաները, որոնց ընդհանուր քանակը կազմել է 20.592 կամ ընդհանուրի շուրջ 60 տոկոսը:

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԶԲՈՍԱՆՔԸ
Երեկ՝ երեկոյան, Հյուսիսային պողոտայում զբոսանքի է դուրս եկել ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:  «Առավոտ»-ի հարցին՝ քաղաքական զբոսանքի՞ եք դուրս եկել, Տեր-Պետրոսյանը ժպտալով պատասխանել է. «Այո՛, դուք մոռանում եք, որ ես ապրում եմ Երեւանում»: Նա նշել է, որ պարբերաբար շարունակելու է զբոսանքները:

ՉԷԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմության հաղթանակով էականորեն կթուլանան ռեժիմի դիրքերը, ու պետական կառավարման համակարգում հակակշիռների մեխանիզմ կստեղծվի: Ընդ որում, ՀԱԿ քննադատության թիրախը միմիայն լինելու է իշխանությունը: Այս տրամաբանության շրջանակներում նա երեկ չպատասխանեց ՀԱԿ նախկին անդամների` ՀԱԿ եւ անձամբ իր հասցեին հնչեցրած քննադատություններին: Երեկ Լ. Զուրաբյանը նաեւ սենսացիոն հայտարարություն արեց. պարզվում է՝ ՀԱԿ կուսակցության համագումարին հրավիրված չի եղել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը վերջերս իրեն հեռու է պահում ՀԱԿ-ից: «Մենք հրավիրել էինք այն քաղաքական ուժերին եւ այն քաղաքական գործիչներին, ովքեր սերտ համագործակցության մեջ են գտնվում մեզ հետ եւ պատրաստ են համագործակցել ՀԱԿ կուսակցության հետ»,-ասել է նա: Իսկ Փաշինյանը, ըստ նրա, որեւէ կերպ չի արտահայտվել դրա մասին:

ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԺԱՆԸ
Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Մաքարունը:




Լրահոս