Ոստիկանությունը պարզաբանում է հրապարակել զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի՝ 9/11 ընտրական տեղամասի ցուցակներում առկա են այլ համայնքներում հաշվառված անձինք:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված է իրավական հնարավորություն, համաձայն որի՝ համապետական ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին ներկայացնում են դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: Դիմումի ձեւը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին տրամադրում է տեղեկանք` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից նրա տվյալները հանելու եւ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: Տեղեկանքի ձեւը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Նշված դիումները ներկայացնելու վերջնաժամկետը 2015 թվականի նոյեմբերի 29-ն էր: 9/11 ընտրական տեղամասի՝ ըստ գտնվելու վայրի քվեարկելու լրացուցիչ ցուցակում ընդգրկված են 81 անձինք, ովքեր բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են այլ համայնքներում: Ընդ որում, նշված ցուցակում չեն կարող ընդգրկվել Երեւան համայնքում հաշվառված անձինք, քանի որ ՀՀ ընտրական օրենգիրքը բացառում է նույն համայնքի տարածքում ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու դիմում ներկայացնելու հնարավորություն (Երեւանը մեկ համայնք է):
Անհրաժեշտ է նշել ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի յուրաքանչյուր ընտրության դեպքում ընտրողը կարող է ընդգրկվել ընտրողների միայն մեկ ցուցակում եւ միայն մեկ անգամ:
Վերը նշված նորմի պահանջները ապահովելու նկատմամբ հանրային վերահսկողություն կիրառելու համար ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված են հստակ մեխանիզմներ: Մասնավորապես, հիմնական եւ լրացուցիչ ցուցակները փակցվել են տեղամասերում, դրանք տեղադրվել են նաեւ ՀՀ ոստիկանության պաշտոնական www.police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Յուրաքանչյուր ոք կարող է ներբեռնել ամբողջական ցուցակները եւ համոզվել, որ անձի տվյալները ընդգրկված են միայն մեկ տեղ եւ մեկ ցուցակում:
ՀՀ ոստիկանությունը ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում պարբերաբար հրապարակել է քվեարկությանը մասնակցող անձանց ընդանուր թիվը, այդ թվում նաեւ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվածների թիվը՝ ըստ լրացուցիչ ցուցակների տեսակների:
Կոչ ենք անում հրապարակումներ տարածելուց առաջ հետեւել ՀՀ օրենսդրությամբ ամրագրված իրավական մեխանիզմներին: