Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՐ. ՕՐ-ի 202 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ) հատկանիշներով:
Նշված քրեական գործը հարուցվել է Երևան քաղաքի բնակիչներ, 21-ամյա Գուրգեն Գալստյանի և 21-ամյա Արմեն Խաչատրյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանություն են բերման ենթարկել նշված անձանց, ովքեր գունավոր պատճենահանման սարքով տպել են կեղծ ՀՀ թղթադրամներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գ. Գալստյանի տանը հայտնաբերվել է նաև պատճենահանման սարքը: Հայտնաբերվել են նաև կեղծ թղթադրամներ, որի ընթացքում էլ պարզվել է, որ երիտասարդները արդեն հասցրել են մի քանի կեղծ թղթարդամ դնել շրջանառության մեջ՝ գնումներ կատարելով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գ. Գալստյանը սովորում է Երևանի ագրարային համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիայի ֆակուլտետում, իսկ Ա. Խաչատրյանը՝ Գլաձոր համալսարանում:
Վերջինիս հայրը երկար տարիներ աշխատել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում և ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում:
Այսօր՝ ապրիլի 30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքի քննիչ Ազատ Դանիելյանի կողմից Գ. Գալստյանն ու Ա. Խաչատրյանը ձերբակալվեցին և տեղափոխվեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: