Ինչո՞ւ է գաղտնի պահվում կաթոլիկ եկեղեցու քահանայի ազատ արձակվելու փաստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ նախորդ տարվա նոյեմբերի 25-ին ԱԱԾ հատուկ ջոկատայինների կողմից «վնասազերծված զինված հանցախմբի անդամ» համարվող Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանը ազատության մեջ է: Նրա նկատմամբ, ինչպես նաև մի քանի այլ կալանավորվածների, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Մեզ հաջողվեց պարզել, որ Հայր Անտոնն արդեն իսկ հաճախում է աշխատանքի: Ինչպես հայտնի է՝ «Ռադիո Մարիամ Հայաստան» ռադիոյի հիմնադիրը Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թութունջյանն է: Այս օրերին նա ռադիոընկերությունում է:

Մեր տեղեկությունը հաստատեց նաև ռադիոյի աշխատակիցներից մեկը, սակայն պաշտոնապես, փաստաբանի միջոցով ճշտել չհաջողվեց: Քահանայի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանի հետ չկարողացանք կապ հաստատել: Մեր տեղեկություններով՝ նրա շահերի պաշտպանությամբ զբաղվում է մեկ այլ փաստաբան ևս: Խոսքը Սիրուշ Աղվանյանի մասին է, ով չհերքեց իր՝ Հայր Անտոնի փաստաբանը լինելու հանգամանքը: Սակայն Ս. Աղվանյանը հրաժարվեց հերքել կամ հաստատել Հայր Անտոնի՝ ստորագրությամբ ազատ արձակվելը: Նրա խոսքով՝ ինքն այդ իրավասությունը չունի: Մինչդեռ, մյուս բոլոր ազատ արձակվածների դեպքում փաստաբանների հետ այս խնդիրը չէր առաջացել:

Հարկ ենք համարում նկատել, որ կալանավորվածներից ոմանց ստորագրությամբ ազատ արձակելու հանգամանքը, կարծես,  աղմուկով եղավ, իսկ որոշներինը՝ գաղտնի: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ կալանավորվածներից Ավետիս Բարեյանը ևս ազատ է արձակվել: Սակայն այս մասին, չգիտես ինչու, լռում են: Թե ինչով է պայմանավորված ընտրողական վիճակը, դժվար է ասել:

Նշենք, որ որպես «հանցախմբի անդամ» էր կալանավորվել նաև ռադիոյի աշխատակիցներից Լիլիթ Թորոսյանը, ով ևս ստորագրությամբ ազատ է արձակվել: «Ռադիո Մարիամ Հայաստան»-ից տեղեկացանք, որ ամենայն հավանականությամբ՝ Լիլիթը վաղվանից կանցնի աշխատանքի:

ArmLur.am-ին չհաջողվեց նրա հետ կապ հաստատել. նրա մտերիմներից մեկի փոխանցմամբ՝ առայժմ Լիլիթը ցանկություն չունի շփվել լրագրողների հետ: Ինքնազգացողությունը լավ է, առողջական խնդիրներ չունի:

Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ հայր Անտոնի վրայից մեղադրանքը կհանվի, քանի որ նրա առաջ պայման է դրվել՝ հեռանալ Հայաստանից: ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հայր Անտոնը գրեթե բոլոր մեղադրյալների դեմ ցուցմունքներ է տվել:

Տաթև Հարությունյան




Լրահոս