Առևտրի ծավալը նվազել է 1 միլիարդ դոլարով. կրկին պարտքի կարիք կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այլեւս կարող ենք արձանագրել, որ պաշտոնական վիճակագիրներին հաջողվեց կատարել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ դեռեւս անցած տարվա մայիսին հնչեցրած հանձնարարականը: Նա ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի նիստում հայտարարել էր. «Համոզված եմ՝ տարեվերջին 2-3 տոկոս տնտեսկան աճ ենք արձանագրելու»: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները» հաղորագրությունը, որով փաստացի ավետել է, որ «շեֆի» հանձնարարականը կատարված է:

Այսպես, ըստ նշված հաղորդագրության՝ 2015 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014 թվականի համեմատ աճել է 3,1 տոկոսով: Ինչպես հայտնի է` պաշտոնական վիճակագիրները հենց տնտեսական ակտիվության ցուցանիշով են ներկայացնում տնտեսական աճը:

Մի խոսքով, վիճակագիրները Հովիկ Աբրահամյանի հանձնարարկանը ոչ միայն կատարել են, այլ նաեւ գերակատարել: Սակայն իրականում պատկերը առավել քան ողբերգական է, քանի որ նույն պաշտոնական վիճակագրությունում բերված տվյալները փաստում են Հայաստանի տնտեսության ծանր կացությունը: Այսպես, ըստ ԱՎԾ-ի՝ 2015 թվականին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 1 տրիլիոն 327 միլիարդ 75 մլն դրամ: Այս թիվը, ըստ պաշտոնական վիճակագիրների, նախորդ՝ 2014 թվականի նույն ցուցանիշից ավել է 5,2 տոկոսով: Թվում է, թե ամեն ինչ նորմալ է: Սակայն ողջ խնդիրն այն է, որ 2014 թվականի 1 տրիլիոն 288 միլիարդ 157 միլիոն դրամի արդյունաբերական արտադրանքը կազմում էր 3 միլիարդ 97 միլիոն 124 հազար դոլար, քանի որ 2014-ին մեկ դոլարի միջին փոխարժեքը եղել 416 դրամ: Իսկ 2015-ի դեպքում արդյունաբերական արտադրանքը դոլարով կազմել է 2 միլիարդ 776 միլիոն 772 հազար, քանի որ մեկ դոլարի տարեկան միջին փոխարժեքը եղել է 478 դրամ: Այսինքն՝ իրականում արդյունաբերական արտադրանքի ծավալը ոչ թե աճել, այլ նվազել է ավելի քան 320 մլն դոլարի չափով, կամ նույն է թե՝ 10 տոկոսով: Բայց, դե, նման թվերից մեր պաշտոնական վիճակագիրները նախընտրում են հեռու մնալ, քանի որ նման ցուցանիշների մասին եթե հիշեն, ապա չեն կարողանա աճ նկարել:

Ըստ ԱՎԾ-ի՝ անցած տարի առեւտրի շրջանառությունը կազմել է 2 տրիլիոն 282 միլիարդ 262 մլն դրամ՝ 2014-ի 2 տրիլիոն 402 միլիարդ 820 մլն դրամի դիմաց: Վերը բերված թվերով առեւտրի շրջանառությունը նվազել է 120 միլիարդ 558 մլն դրամով, կամ նույնն է թե՝ 8 տոկոսով: Սակայն իրական պատկերն ավելի լուրջ է: Բանն այն է, որ 2014-ին Հայաստանում առեւտրաշրջանառությունը կազմել է 5 միլիարդ 776 մլն դոլար: Իսկ 2015-ին մեր երկրի առեւտրաշրջանառությունը կազմել է 4 միլիարդ 774 մլն 600 հազար դոլար: Այսինքն՝ անցած տարի նախորդ՝ 2014 թվականի համեմատ, Հայաստանում առեւտրաշրջանառությունը նվազել է ավելի քան մեկ միլիարդ դոլարով: Սա է իրականությունը: Հենց այս փաստն է պատճառը, որ մեկը մյուսի ետեւից Հայաստանում խանութներ եւ կրպակներ են փակվում:

Բայց իրավիճակի ողբերգությունը ոչ թե վերը բերված թիվն է, այլ իշխանությունների վարքը այս պայմաններում: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Հայաստանի իշխանությունները պարտավոր էին միջոցներ ձեռնարկել, հակառակ դպքում մեր տնտեսությունը դատապարտված է: Իսկ միջոցներ ձեռնարկելը նշանակում է տնտեսությանը հնարավորություն տալ ավելի շատ ապրանք արտադրել: Շատ ապրանք արտադրելու համար անհրաժեշտ է վերացնել երկրում առկա մենաշնորհները: Բայց ողջ խնդիրն այն է, որ այդ մենաշնորհները հենց նույն իշխանություններն են ստեղծել: Դրանց շնորհիվ նույն այդ պաշտոնյաներն են հարստանում, որոնք պարտավոր են տնտեսությունն ազատել մենաշնորհներից: Այսինքն՝ ներկա իշխանությունները եւ Հայաստանի տնտեսության զարգացումը անհամատեղելի են: Այնքան ժամանակ, քանի դեռ ներկա իշխանությունները շարունակելու են պաշտոնավարել, Հայաստանի տնտեսությունը չի կարողանա զարգանալ, եւ պետության քայքայման հաշվին մի խումբ մարդիկ կհարստանան: Ներկա պայմաններում Հայաստանի տնտեսությունը վերջնական փլզումից հետ պահելու միակ գործիքն էլ ինչպես եղել է, այնպես էլ մնալու է նորանոր պետական պարտքեր վերցնելը: 2015 թվականին Հայաստանի պետական պարտքի ծավալը գերազանցեց 5 միլիարդ դոլարը: Կարող ենք կանխատեսել, որ ընթացիկ տարին ամփոփելուց հետո Հայաստանի պետական պարտքը կհասնի 6 միլիարդ դոլարի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս