Հուլիսի 7-14-ը Երեւանում կայանալիք 10-րդ հոբելյանական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը նույնպես հրավիրյալների շարքում է։ Նա մասնակցելու է իր անունով աստղի բացման արարողությանը:
Բայց մինչ կգա հուլիսը` իր հետ բերելով բազմաթիվ հյուրերի աշխարհի տարբեր երկրներից, մինչ կհասունանա ծիրանը, կինոսերների, կինոգետների ուշադրության կենտրոնում Կաննի 66-րդ կինոփառատոնի արդյունքներն են, որտեղ «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում մրցանակը շահել է «Նեբրասկա» ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորած Բրյուս Դերնը: Կնոջ լավագույն դերի գլխավոր մրցանակին է արժանացել «Արտիստը» համր ֆիլմի հերոսուհուն մարմնավորած Բերենիս Բեժոն: Կինոփառատոնի լավագույն ֆիլմ է ճանաչվել Թունիսում բնակվող ֆրանսիացի ռեժիսոր Աբդելատիֆ Քեշիշի «Ադելի կյանքը» կինոնկարը: Իհարկե, ամեն տարի էլ ինչ-որ ֆիլմ լավագույնն է ճանաչվում, դրանից ոմանք ուրախանում են, ոմանք` տխրում, բայց այս անգամ ֆիլմը հայտնվել է քննադատությունների կենտրոնում հիմնականում այն պատճառով, որ այն պատմում է երկու երիտասարդ աղջիկների սիրո մասին: Այսինքն` բնության նորմերից շեղված մարդկանց ապրելակերպը, բարոյական արժեքները ոչ միայն ազատ ցուցադրում են, այլեւ այդ ամենի մասին պատմող ֆիլմը համարում մեծ գնահատականի արժանի գործ: Դրանք էլ գուցե հենց եվրոպական նոր արժեքնե՞րն են:
Երեւի հայ կինոսերները կհիշեն, թե ինչպիսի բացասական արձագանք ստացավ սերբ ռեժիսորի` համասեռամոլների պայքարի մասին պատմող «Parada» ֆիլմը Երեւանում ցուցադրելու նախաձեռնությունը: Նախ այն ցանկանում էին ցուցադրել Տիկնիկային թատրոնում, սակայն թատրոնի տնօրենը մերժեց այդ առաջարկը: Ապա ցանկացան մայրաքաղաքի մեկ այլ վայրում ցուցադրել, սակայն այդ քայլն էլ բոյկոտվեց: Ի վերջո, այն մի քանի հոգու համար ցուցադրվեց Վանաձորում:
Դառնալով Կաննի մրցույթին` հավելենք, որ գրան-պրին շնորհել են Կոեն եղբայրներին` «Լյուին Դեւիսի ներսում» ֆիլմի համար: Լավագույն սցենարի համար մրցանակը շնորհվել է չինացի Ցզյա Չժանկեին՝ «Մեղքի հպում» ֆիլմի համար: Ի դեպ, կինոփառատոնի ժյուրիի կազմը գլխավորել է ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, որը, ըստ որոշ հրապարակումների, պատրաստվում էր հայկական կողմի առաջարկով Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել, բայց հետո հրաժարվեց այդ մտքից:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆՈՐ ԱՐԺԵՔՆԵ՞Ր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռ. ԹԱԹՈՅԱՆ