ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ.
«Սիրելի՛ մայրեր, քույրեր, սիրելի՛ կանայք, հայոց աղջիկներ.
Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ, ընդունեք իմ, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների, եռասերունդ երկրապահի անկեղծ շնորհավորանքները:
Այս գեղեցիկ տոնն է՛լ ավելի է արժեւորվում՝ գարնան գալուստն ազդարարելով, եւ գարունն էլ գեղեցիկ է հատկապես ձեզ նվիրված տոնով: Մարտի 8-ը գարնանային առաջին տոներից մեկը լինելով` նաեւ ազդարարում է կանաց միամսյակի սկիզբը:
Սիրելի հայուհիներ, մենք միշտ էլ գնահատել ու գնահատում ենք կնոջ դերը պետական, հասարակական կյանքում: Ավելի գնահատելի է ձեր դերը հայապաշտպանության, ընտանիքի շենացման, օջախի պահպանման եւ երեխաների դաստիարակման գործում:
Պատմականորեն ապացուցված է, որ հայուհին ոչ միայն քույր է, կին ու մայր, այլեւ՝ օրհասական պահին երկրապահավարի միշտ էլ նեցուկ է կանգնել եղբորը, ամուսնուն, որդուն, մարտնչել է հանուն ընտանիքի եւ երկրի պաշտպանության: Արցախյան ազատամարտում դա եւս անգամ հաստատվեց՝ ապացուցելով, որ հայ կինը ոչ միայն հայրենիքի պաշտպան երկրապահ է ծնել, այլ նաեւ՝ մարտադաշտում զենքը ձեռքին՝ պատրաստ կանգնեց իր երկրապահ մարտնչող եղբոր, ամուսնու, զավակի կողքին:
Մեր հերոսական մայրեր, քույրեր, սիրելի կանայք, ձեզանից շատերն անդառնալի կորուստներ ունեցան՝ հայրենիքի զոհասեղանին դնելով ամենաթանկագինն ու նվիրականը: Հատկապես ձեզ եմ շնորհավորում, հերոսներ ծնած հերոս մայրեր, մեր սիրելի մեծ մայր Գրետա մայրիկ, խոնարհվում եմ ձեր հզոր կամքի ու անսահման հավատի առաջ, ցանկանում ձեզ առողջություն, ուժ ու կորով:
Յուրահատուկ շնորհավորանքներս եմ հղում ձեզ Արցախի հերոսական մայրեր, դուք արեցիք ամեն ինչ ազատագրական պայքարում ձեր տունը պաշտպանելու համար, մեզ պարտադրված պատերազմում հաղթանակի հասնելու համար:
Փա´ռք ձեզ:
Առանձնահատուկ շնորհավորում եմ ազգային բանակում ծառայող հայուհիներին, կին ազատամարտիկներին, հայոց բանակի սպաների կանանց եւ այն բոլոր մայրերին, ում որդիներն այսօր ծառայում են մեր բանակում, պաշտպանում են երկրի սահմանները:
Իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում նաեւ բոլոր այն մայրերին, ում զավակները մարտի 5-ի երդմամբ համալրեցին «Պատանի երկրապահ» ակումբի շարքերը, ովքեր վերջերս ավարտեցին սերժանտահրամանատարական դասընթացները: Նրանք են մեր բանակի վաղվա զինվորները, սպաներն ու երկրի իսկական տերերը: Հպարտացե՛ք Ձեր զավակներով: Յուրահատուկ շնորհավորում եմ «Պատանի երկրապահ» ակումբի աղջիկ սաներին՝ ձեզ եւ ձեր մայրերի վրա մեծ վստահություն է դրված: Ջերմագին շնորհավորանքներ նաեւ Երկրապահի հետ գործակցության հուշագրեր ստորագրած կառույցների կին աշխատակիցներին, բոլոր գործընկերների ընտանիքների կանանց ու աղջիկներին:
Զորեղ են Աստված` երկնքում, մայրը, կինը` երկրի վրա եւ հայ ազգի անկախությունը:
Մարտի 8-ի առիթով մեկ անգամ եւս շնորհավորելով բոլոր հայ կանանց` մաղթում եմ առողջություն, երջանկություն, ցանկությունների իրականացում եւ խաղաղություն հայոց աշխարհին»: