ԱՂՔԱՏՆԵՐԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մնացական Մնացականյանը, հասկանալով Հայաստանում ընդունված այս ճշմարտությունը, 2012-ին  թողեց  Թալինի քաղաքապետի պաշտոնը եւ թիվ 15 ընտրատարածքից դարձավ ԱԺ պատգամավոր: Դժվար էր հասկանալ, թե քաղաքապետն ինչու հանկարծ որոշեց խորհրդարան գնալ: Ենթադրաբար կարող ենք ասել, որ Մնացականյանը հոգնել էր լինել բազմաթիվ համայնքներից մեկի ղեկավար եւ մղվում էր դեպի հանրապետական մասշտաբ, մանավանդ որ պատգամավորին անհրաժեշտ ամենակարեւոր գործոնը` հարստությունը, ավելի քան առկա էր:  
Նա իր հայտարարագրում շատ բան չի հիշատակել, բայց մի քանի կարեւոր «բաներ» չի մոռացել: Պատգամավորը հայտարարագրել է տասնվեց անշարժ գույք: Սա արդեն շոշափելի կապիտալ է, մանավանդ որ այս անշարժ գույքից երկուսը բնակելի տներ են՝ 359,4 քմ մակերեսով: Համարյա իշխանի կալվածք՝ պալատին բնորոշ ընդարձակությամբ: Առանձնատանն էլ կից՝ օժանդակ կառույցներ՝ 286,85 քմ մակերեսով… Մնացականը, իհարկե, համեստորեն լռում է եւ չի էլ ուզում, որ հիշեն իր ունեցվածքի մասին: Դե, երկար ժամանակ ավտոտրանսպորտային եւ ճանապարհաշինական ոլորտում է աշխատել, բնականաբար, եղել են եկամուտներ, եղել են սեփական կարողությունները բազմապատկելու հնարավորություններ: Միայն Թալին քաղաքում նա ունի 13 տնամերձ հողամաս… Զարմանալ կարելի է: Չբավարարվելով Թալինում կուտակած ունեցվածքով, Մնացականյանը հայացքը հառել է նաեւ Արագածոտնի մարզի Լուսակն գյուղին, որտեղ էլ ունի 16,87 հա վարելահող: Բայց Թալինն ու Լուսակնը նեղ են եկել նրան, ու որոշել է, որ Երեւանում էլ պիտի իր հանգրվանն ունենա: Եվ ունի. մայրաքաղաքի կենտրոնում՝ Բաղրամյան փողոցում, 104.8 քմ մակերեսով բնակարան, հողամաս… Մոտ 20 հա գյուղատնտեսական նշանակության հողերի տերը ունի նաեւ արտադրական եւ հասարակական շինություններ… Նա «Թալինի ավտոտրանսպորտային եւ ճանապարհների» ՓԲԸ-ում ունի մոտ 100% բաժնետոմս: Այսինքն՝ այստեղ տեւական ժամանակ եղել է տնօրեն, իսկ հետո էլ ընկերությունը սեփականաշնորհել ու դարձել է միանձնյա տերը: Թալինում ասում են, որ քաղաքապետ եղած ժամանակ նա ավելի շատ ուշադրություն էր դարձնում ՓԲԸ-ին, քան քաղաքին:
Իհարկե, քաղաքում ինչ-որ բան արվում էր, Թալինը գտնում էր քույր-քաղաքներ, բարեկամանում, բայց քաղաքապետի հիմնական ուշադրությունն իր սեփականությունն էր ու մեկ էլ ընտանիքի բարօրությունը: Նա իր կնոջը գլխավոր բժիշկ էր նշանակել տվել՝ Թալինի միակ գործող բժշկական կենտրոնը եւս պահելով իր ընտանիքի վերահսկողության ներքո: Ճիշտ է, հետագայում կինն ազատվեց պաշտոնից, բայց Մնացականյանը չցանկացավ  մեկնաբանել այդ փաստը, ընդհակառակը, կարծես ձգտեց այն երեւութականությունը ստեղծել, թե քաղաքապետի ընտանիքն էլ ապահովագրված չէ պաշտոնանկություններից…
Մ. Մնացականյանն իր այս հսկայական հարստությունների կողքին, պարզվում է, շատ քիչ եկամուտներ ունի: Այսպես, 2011թ. ընթացքում որպես քաղաքապետ ստացել է ընդամենը 1 մլն 667 հազար 700 դրամ աշխատավարձ: Մեծ գումար չէ, բայց Թալինի քաղաքապետը նաեւ այլ միջոցներ է ունեցել՝ 3 մլն դրամից ավելի նա ստացել է բնամթերքի վաճառքից: Մի քիչ անհավատալի է. մոտ 20 հա վարելահողից այդքան քիչ եկամուտ… Դե, երեւի Մնացականյանը չի ցանկացել, որ իր եկամուտներն աչք ծակեն, կարող էր մեկն աչքով տալ, ու հաջորդ տարի նվազեր իր հողատարածքների բերքը: Պատգամավորը որպես ունեցվածք հայտարարագրել է 75 մլն դրամ եւ 25 հազար ԱՄՆ դոլար: Բավական լուրջ գումար է, իհարկե, սակայն թալինցիներից ոմանք մեզ ասացին, թե այդ բոլորը երեւացող մասն է միայն, մինչդեռ Մնացականյանն ավելին ունի: Ասենք, նա չի հայտարարագրել թանկարժեք գույք, ոսկեղեն, ավտոմեքենա, բայց գոնե Թալինում ո՞վ չգիտեր, որ նախկին քաղաքապետը մեքենաներ եւ ոչ քիչ ոսկեղեն ուներ:
Մ. Մնացականյանի անունն անցած տարի շատ շոշափվեց նախընտրական զարգացումների ընթացքում, երբ ՀՀԿ-ական պատգամավորը բացահայտորեն պաշտպանեց ԲՀԿ թեկնածուին՝ այսպես նաեւ յուրատեսակ պայքարի մեջ մտնելով Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ: Վերջինս անգամ սպառնացել էր Մնացականյանին: Սակայն պարզվեց, որ Մնացը շատ ավելի ուժեղ է, քան մարզպետը, որին հենց Թալինում չեն սիրում: Բայց միայն սիրել-չսիրելը չէ. եթե Մնացականն ակնհայտորեն պաշտպանում էր ԲՀԿ-ականին, նշանակում է՝ նա ՀՀԿ-ի կողմից շատ վստահելի անձ է, որովհետեւ հարազատ կուսակցությունը նրան չքննադատեց «կուսակցության գիծը» խախտելու համար…
Չնայած արտաքուստ հարթվել է ամեն ինչ, սակայն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Արագածոտնի մարզպետն ամեն ինչ անում է, որպեսզի Թալինում նվազի Մնացի ազդեցությունը, մի բան, որ մարզպետին առավել վստահ ու համարձակ կդարձնի: Բայց Մնացին էլ իր կուսակցությունն է սատարում, իհարկե, երբեմն «անհասկանալի ինտրիգներ» ներդնելով Մնաց-ՀՀԿ հարաբերություններում: Ի դեպ, շատերն են պնդում, որ Մնացականյանի կնոջը պաշտոնանկ անելը եղել է մարզպետի քաղաքական հաշվեհարդարը, չնայած Մնացը ժխտել է «քաղաքական ենթատեքստը»:
Խորհրդարանական ընտրություններից հետո «սեւ կատու» էր անցել նաեւ Մնացի ու մարզպետի եղբայր Նաիրի Սահակյանի միջեւ, որը շատ հարցերում էր սատարել նրան: «Ափսոս՝ ՀՀԿ-ում չկա էլեկտրական աթոռ, որ Մնացի նման դավաճաններին չորացնեն էլեկտրական աթոռին: Մնա՛ց, մի՛ մոռացիր, որ դու ի սկզբանե դատապարտված ես, կզած ես մնալու: Լավ տղա ես, թասիբ ունես, մանդատդ ցա՛ծ գցի ու գլուխդ ա՛ռ փախի Թալինից, ա՛յ մուրը քսեմ երեսիդ, ա՛յ չափառի տակի հոգնած դդում…»,-ահա այսպես էր ԱԺ պատգամավորին բնորոշել մարզպետի եղբայրը:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս