ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսելի ահաբեկչության ազդեցությունը զգալի կլինի թե՛ ընդհանրապես աշխարհաքաղաքական, թե՛ մասնավորապես ԱՄՆ-ի ներքաղաքական զարգացումների վրա: Ակնհայտորեն Եվրոպայի սրտում իրականացված տեռորը խորը հետքեր է թողնելու գերտերությունների արտաքին քաղաքականության մշակման վրա` ծայրահեղական գործելակերպը դարձնելով ավելի ընդունելի:

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում արտաքին քաղաքականությունը ամենաքննարկվող թեմաներից մեկն է: Ելնելով այն հանգամանքից, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը անմիջական ազդեցություն ունի աշխարհի բոլոր երկրների վրա, անհնար է գերագնահատել այն: Ամերիկացիները եւս շատ լավ են հասկանում սա, ուստի հատկապես նախագահական ընտրություններում մեծ տեղ են հատկացնում արտաքին քաղաքականությանը:
ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության ներսում ընթացող նախագահական մրցավազքում մնացել են երեք թեկնածուներ` գործարար Դոնալդ Թրամփը, Թեքսասի սենատոր Թեդ Քրուզն ու Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքը: Եվ, ահա, Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությանը համարժեք պատասխան տալու հարցում ԱՄՆ-ի նախագահական թեկնածուների միջեւ կարծես նոր ընդհանուր դաշտ ստեղծվեց: Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուի պատվանդանին հավակնող գործարար Թրամփը հայտարարեց, որ Բրյուսելի ահաբեկչությունն ապացուցել է իր իրավացիությունը: Նա հաստատել է իր պատրաստակամությունը փակել մահմեդականների մուտքը ԱՄՆ` առնվազն միջանկյալ ժամանակահատվածով: Թրամփը կրկնել է բազմաթիվ քննադատությունների արժանացած պնդումը, թե պետք է ավելի խստացնել տեռորիստների հարցաքննությունները: Իսկ, ահա, Թեքսասի սենատոր Քրուզը նկատել է, որ պետք է խստացնել ոստիկանական վերահսկողությունը երկրում եւ առանձնապես մահմեդական միջավայրում` զերծ պահելով նրանց ծայրահեղականացումից: Այս առաջարկը ոգեւորություն էր առաջացրել Դոնլդ Թրամփի մոտ, որն իր համաձայնությունն էր տվել դրան` որպես իր մեծ ծրագրի առաջին բաղադրիչ:
Հատկանշական է, որ նախագահական մրցավազքում հանրապետականների` արտաքին քաղաքականության ագրեսիվացման առաջարկները պարարտ հող են ստանում նմանօրինակ ահաբեկչական ակտերից: Կարծիք կա, որ Բրյուսելի ահաբեկչությունը լուրջ նշանակություն կունենա Թրամփի առաջխաղացման հարցում, որի հեռուն գնացող, ինչ-որ տեղ արեւմտյան ժամանակակից արժեհամակարգին հակասող ու հատկապես մարդու իրավունքները ոտնահարող ծրագրերը լայն մասսաների մոտ աստիճանաբար ավելի ընդունելի են դառնում: Դրա վառ վկայությունը նախորդ տարվա նոյեմբերին Ֆրանսիայի ահաբեկչությունն ու վերջինիս անմիջական ազդեցությունն էր նախագահական մրցավազքի վրա, երբ ավելի արմատական թեկնածուները միանգամից սկսեցին մեծ ժողովրդականություն վայելել: Թրամփը մեկ անգամ չէ, որ հայտարարել է հարցաքննության ժամանակ տեռորիստներին կտտանքների ենթարկելու նպատակահարմարության մասին: Նա կոչ է հղել Բելգիայի իշխանություններին լուրջ ճնշումներ բանեցնել ահաբեկչության մեղադրանքով ձերբակալված Սալահ Աբդեսլամին հարցաքննելիս. «Նա խոսելու է, սակայն կտտանքների դեպքում դա կլինի շատ ավելի արագ»,- հայտարարել է Հանրապետական կուսակցության թեկնածուն: Հատկանշական է, որ նույն տրամադրություններն է փոխանցում նաեւ Դեմոկրատական կուսակցության առաջատար Հիլարի Քլինթոնը: Վերջինս հայտարարել է, որ լինելով ԱՄՆ պետքարտուղար` ինքը մեկ անգամ չէ, որ ապացուցել է բարդ որոշումներ կայացնելու իր պատրաստակամությունն ու ունակությունը: Քլինթոնը ընդգծել է ծայրահեղականությանն ու ահաբեկչությանը հավասարակշիռ ու համարժեք պատասխան տալու անհրաժեշտությունը: Նախկին առաջին տիկինը կոչ է արել Եվրոպական երկրներին ուժեղացնել սահմանների վերահսկողությունը` մասամբ այդ բացթողումը դիտարկելով իբրեւ ահաբեկչության տարածման խթան: Նկատելի է, որ դեմոկրատների ճամբարում Քլինթոնի դիրքորոշման կոշտացումը ընտրողների շրջանում նրան հավելյալ աջակցություն է խոստանում` հաշվի առնելով քաղաքացիների բնական վախերի սաստկացումը: Նրա մրցակից սենատոր Բեռնի Սանդերսը ավելի ամուր դիրքերում է գտնվում երկրի տնտեսության կարգաբերման հարցերում, սակայն արտաքին քաղաքականության մեջ զգալիորեն զիջում է իր մրցակցին:
Հայաստանում քաղաքական ահաբեկչությունների շարքում հիշատակելի է հատկապես Հոկտեմբերի 27-ը: Հիշենք, որ այս ոճրագործությունից հետո ձերբակալված մի շարք անձանց հարցաքննությունների ժամանակ եւս, ըստ բողոքների ու մամուլի հրապարակումների, կտտանքներ էին կիրառվել: Այս հանգամանքը առաջացրել էր որոշ շերտերի խիստ դժգոհությունը, եւ հատկապես Արամ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո գործի բացահայտումը փաստացի դադարել էր, իսկ ձերբակալված ահաբեկիչները հապճեպորեն փոխել էին իրենց սկզբնական ցուցմունքները, որոնք, ի դեպ, կապվում էին ԱԺ պատգամավորների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Այսօր, սակայն, հայաստանյան քաղաքական դաշտն ու հասարակությունը անհաղորդ են ահաբեկչության վտանգի նկատմամբ, ինչը հատկապես դրսեւորվեց մի քանի ամիս առաջ Նորք-Մարաշում իշխանության պնդմամբ ահաբեկչություն նախապատրաստող խմբի ձերբակալության հարցում: Հատկանշական է, որ քաղաքական ահաբեկչության մասին լուրը միանշանակ չընդունվեց հասարակության ներսում` անգամ հարուցելով ոմանց ափսոսանքը տեռորի կանխման կապակցությամբ: Ձեւավորված այսպիսի մթնոլորտը նորմալ իշխանության համար շուտափույթ բարեփոխումներ նախաձեռնելու ազդակ կհանդիսանար, սակայն Հայաստանում տեղի է ունենում նույն «վարուցանքը», ինչը լեցուն է անկանխատեսելի հետեւանքներով` սպառնալով ետ գլորել Հայաստանը եւս մի քանի տասնամյակ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 
ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականի չորրորդ եռամսյակում մեր հանրապետություն ժամանել է 1 մլն 256 հազար 572 զբոսաշրջիկ: Մինչդեռ 2014 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը 3.2 տոկոսով նվազել է: Իսկ անցած տարվա չորրորդ եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 310 հազար 164 մարդ, որը 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը 1.3 տոկոսով է նվազել: Բացի այս՝ ԱՎԾ-ի տվյալներով՝ 2015 թվականին 4201-ով պակասել է նաեւ ՀՀ-ից մեկնողների թիվը:
Ի դեպ, 2015 թվականի չորրորդ եռամսյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների 29.4 տոկոսը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 23.3 տոկոսը` ԵՄ երկրներին եւ 47.3 տոկոսը` այլ երկրներին:
Նշենք, որ 2015 թվականի 4-րդ եռամսյակում ՀՀ է ժամանել ընդամենը 256 հազար 572 զբոսաշրջիկ: Մինչդեռ 2014 թվականի նույն ժամանակաշրջանին ՀՀ ժամանել է 264 հազար 938 զբոսաշրջիկ: Այսինքն՝ անցած տարվա 4-րդ եռամսյակին 2014-ի նույն ժամանակաշրջանի համեմատ 8366 զբոսաշրջիկ պակաս է ժամանել ՀՀ: Անցած տարի ՀՀ ժամանած զբոսաշրջիկներից միայն 37 հազար 566-ն է տեղավորվել հյուրանոցներում: Իսկ մյուս՝ 219 հազար 6 զբոսաշրջիկը տեղավորվել է, այսպես ասած, հարազատի, բարեկամի տանը կամ վարձով տրվող բնակարաններում:
Վրաստանից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը եւս 2015 թվականի 4-րդ եռամսյակին, 2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, նվազել է. 2015-ին Վրաստանից ՀՀ է ժամանել 7440, իսկ 2014-ին՝ 9272 զբոսաշրջիկ: Նախորդ տարվա 4-րդ եռամսյակում Միացյալ Նահանգներից ՀՀ ժամանել է 34 հազար 893 զբոսաշրջիկ: Իսկ, ահա, 2015 թվականի 4-րդ եռամսյակում Ֆրանսիայից ՀՀ ժամանել է 14 հազար 625 զբոսաշրջիկ: Գերմանիայից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվն է ավելացել. 2015 թվականի 4-րդ եռամսյակում Գերմանիայից ՀՀ ժամանել է 13 հազար 85 զբոսաշրջիկ, մինչդեռ 2014 թվականի նույն ժամանակաշրջանում այս թիվը կազմել է 9802:
Նկատենք, որ անցած տարվա 4-րդ եռամսյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների մեծ մասը ՌԴ-ից է եղել: Օրինակ՝ նախորդ տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ է ժամանել 62 հազար 347 զբոսաշրջիկ: Ի դեպ, 2014 թվականին ՌԴ-ից ՀՀ է ժամանել 93 հազար 788 զբոսաշրջիկ: Իսկ ՌԴ-ից ՀՀ հիմնականում ժամանում են մեր այն հայրենակիցները, ովքեր մշտական բնակվում են ՌԴ-ում եւ իրենց հանգիստը անցկացնում են Հայաստանում՝ հարազատների տանը:

Ս. Հ.

 

 

 

 
ԲՈԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԻՆԿՈՄԻՆ ՍՊԱՆԵԼ Է

Մարտի 23-ին Բերդ քաղաքում՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, մեկնարկել է Բերդի զինկոմ Դերենիկ Պապյանի սպանության գործով դատավարությունը:

Սպանության մեջ կասկածվող Մովսես գյուղի բնակիչ Արթուր Մկրտումյանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ինքը մեղավոր չէ, դեպքի ժամանակ խմած է եղել: Այդ նիստին ցուցմունք են տվել դատակոչված 10 վկաներից 6-ը: 2015 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 22.00-22.30-ի սահմաններում, Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում 41-ամյա Արթուր Մկրտումյանը սպանել է համագյուղացի, Բերդի զինկոմ, գնդապետ, 49-ամյա Դերենիկ Անուշավանի Պապյանին: Արթուր Մկրտումյանը Մովսեսում արագ է վարել իր «Նիվա» մակնիշի մեքենան, ինչի պատճառով զինկոմը դիտողություն է արել, արդյունքում նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել: Դ. Պապյանը հարվածել է Ա. Մկրտումյանին, ինչից հետո Ա. Մկրտումյանը վերցրել է որսորդական հրացանը եւ սպանել Պապյանին: Մովսես գյուղից տեղեկացանք, որ Արթուր Մկրտումյանը պատշար վարպետ է: Իսկ Դերենիկ Պապյանը մասնակցել է Բերդի տարածաշրջանի սահմանների պաշտպանությանը, նա եղել է գումարտակի հրամանատար: Ներկայումս նրա եղբայր Ռոբերտ Պապյանը Բերդի տարածաշրջանում գումարտակի հրամանատարի տեղակալ է անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով: Մովսեսից հայտնեցին, որ Դերենիկ Պապյանի՝ գումարտակի հրամանատար աշխատած ժամանակ Արթուր Մկրտումյանը եղել է նրա ենթական, դասակի հրամանատար եւ այդ ընթացքում նրանց միջեւ տարաձայնություններ են եղել: Դեպքին հաջորդած ձերբակալությունից հետո Ա. Մկրտումյանը ժպտացել է, որովհետեւ հարբած է եղել, նրա արյան մեջ ալկոհոլի պարունակությունը կազմել է 0,75 պրոմիլ: Մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ զինկոմ Դերենիկ Պապյանը հայհոյել եւ հարվածել է Մկրտումյանին, մինչդեռ քրեական գործով նման փաստ չկա. Դ. Պապյանը ընդամենը բոթել է Արթուր Մկրտումյանին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս