ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՀՈ ՊՈԶՈՎ ՈՒ ՊՈՉՈՎ ՉԻ՞ ԼԻՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք, չնայած ընդամենը գերատեսչական երկրորդ օղակի ներկայացուցիչ են, այսինքն՝ վարչության պետեր, այնուամենայնիվ, նրանց ստվերային ազդեցությունը կառավարման համակարգի վրա ավելին է: Այդ կարգավիճակին հասնելու համար բավական է, որ ցածր էշելոնի պաշտոնյան նախագահի նստավայրի հետ ուղիղ կոնտակտ ունենալու հնարավորություն ունենա: Այսպիսի պաշտոնյաներից մեկը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանն է:
Հովհաննես Հովսեփյանի՝ ՀՀ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո, այսպես կոչված, «կարգոների» թեման պարբերաբար մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվում: Բայց ողջ խնդիրն այն է, որ այդ համակարգը, որի մասին մամուլը բարձրաձայնում է, իսկ պատկան մարմինները առանձնապես չեն ջանում հերքել, չէր կարող գործել, եթե չունենար Սամվել Սանամյանի ղեկավարած վարչության բարեհաճությունը: Իսկ այդ բարեհաճությունը, ինչպես ընդունված է համակարգում, լինում է «փայ մտնելու» ինստիտուտի աշխատանքի արդյունքում: Հայկական իրականությունը հաշվի առնելով՝ կարելի է համոզված պնդել, որ «կարգոների» վերաբերյալ մամուլում բարձրացած աղմուկի արդյունքում ոչ թե կոռուպցիոն այդ համակարգը կվերացվի, այլ ընդամենը կփոխվեն «աշխատեցնողները», այն էլ ոչ լրիվությամբ: Օրինակ՝ ՊԵԿ նոր նախագահի առկայությունը որեւէ կերպ չի սպառնա Սամվել Սանամյանի ապագային, քանի որ նա շատ դաժան է պայքարում մաքսանենգության դեմ, եթե համակարգին օտար որեւէ մարդ փորձում է բիզնես սկսել մեր երկրում: Բացի այդ՝ ինչպես հայտնի է՝ Սանամյանը ունի մեկ գլխավոր հմայք՝ նա հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշ Բարսեղի հարազատ փեսան է` քրոջ ամուսինը: Սանամյանի կարիերայի վերելքը հենց այդ փաստով է պայմանավորված: Քանի որ Բարսեղ Բեգլարյանն իր հերթին սովորական օլիգարխ չէ. նա Սերժ Սարգսյանի պատանեկության ընկերն է, եւ նրանց միջեւ կա նաեւ խաչաձեւ քավոր-սանիկական կապ:

 

 
«Ժողովուրդ»-ը մարտի 18-ի իր համարում գրել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջիկայում Հայաստանի դեմ բազմաթիվ վճիռներ է կայացնելու, քանի որ ՀՀ-ից ուղարկված գործերը վերջին տարիներին արհեստականորեն «քնեցվել» են: Երկու օր առաջ ԵԴ-ն Հայաստանի դեմ հերթական վճիռը կայացրեց, մարտին սա արդեն 2-րդ վճիռն է: Սակայն հատկապես քաղաքական շրջանակները հետաքրքրությամբ սպասում են Մարտի 1-ի գործերի վերաբերյալ ԵԴ վճիռներին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարտի 1-ի գործերով ՀՀ կառավարությունը կարողացել է այնպես անել, որ գործերի մի մասը տեխնիկական պատճառներով ԵԴ-ի կողմից չքննարկվի: Իսկ մնացած մասը, որոնց դեպքում չեն կարողացել գործը «հետ» բերել, ՀՀ կառավարությունը սկսել է ժամանակ ձգելու մարտավարություն իրականացնել: Սակայն այս գործելաոճը ՀՀ իշխանությունների համար բումերանգի արդյունք կարող է ունենալ, քանի որ Մարտի 1-ի գործերի մի մասի վերաբերյալ ԵԴ վճիռները ենթադրվում է, որ կհրապարակվեն 2017 թվականի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրությունների նախաշեմին:

 

 
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն անցած տարի որոշել է իր դրամական միջոցները դրամից վերածել արտարժույթի: Այսպես՝ անցած տարվա սկզբին նա ունեցել է 6 մլն 300 հազար դրամ դրամական միջոց, որից տարվա վերջին մնացել է 2 մլն 950 հազարը: Փոխարենն արտարժույթով 5 հազար 200 դոլար եւ 2 հազար 800 եվրո դրամական միջոցները տարվա վերջին դարձել են համապատասխանաբար 7 հազար 800 դոլար եւ 6 հազար 900 եվրո: Ի դեպ, Գագիկ Հարությունյանը Հայաստանի ամենաբարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաներից է: Նրա՝ որպես ՍԴ նախագահի ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 270 հազար դրամ: Սա հարկված, այսինքն՝ մաքուր, առձեռն վճարվող աշխատավարձն է: Հարկ է նշել, որ ՍԴ նախագահի կինը` Անահիտ Խաչատրյանը, ինչպես մյուս շատ պաշտոնյաների կանայք, ամուսնուց հարուստ է եւ բիզնեսներ ունի: Մասնավորապես, ՍԴ նախագահի կինն անցած տարի իր բիզնեսներից իբրեւ եկամուտ ստացել է 6 մլն դրամի շահաբաժին, նրա դրամական միջոցները կազմել են 26 հազար 650 դոլար եւ 1 մլն 150 հազար դրամ:

 

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին գործազրկության միջին ցուցանիշը կազմել է 18,5 տոկոս` նախորդ տարվա միջին ցուցանիշից մոտ մեկ տոկոսով ավել: Սա այն դեպքում, երբ նույն ԱՎԾ-ի տվյալներով անցած տարվա չորրորդ եռամսյակի արդյունքներով գործազրկության մակարդակը եղել է 19,6 տոկոս: Այլ կերպ ասած՝ պաշտոնական վիճակագիրները շարունակում են իրենք իրենց գերազանցել: Ոչ մի «խաբեություն», այլ ընդամենը ձեռքերի ճարպկություն, արդյունքում գործազուրկների ընդհանուր թիվը մոտ 20 հազարով է, իսկ տոկոսին հաշվեկշիռը` ավելի քան մեկ տոկոսով: Ի դեպ, գործազրկության մակարդակն ավելի բարձր կլիներ, եթե Հայաստանից արտագաղթի մակարդակը անցած տարի այդքան մեծ եղած չլիներ: Հիշեցնենք, որ նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարի Հայաստանից հեռացել եւ չի վերադարձել 47 հազար 600 ՀՀ քաղաքացի:

 

 

 
ԿԱՏԱԿ ԷՐ, ԿԱՏԱԿ
Ինչպես արդեն նախօրեին տեղեկացրել էինք՝ համացանցում հայտնվել էր Սերժ Սարգսյանին ուղղված «ՊԵԿ աշխատակիցների բաց նամակ» անվանումով մի ձայնագրություն, որում ներկայացված էին կոռուպցիոն գործունեություն ծավալած ՊԵԿ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների անուններ: Մասնավորապես` «Տրանս Ալյանս» մաքսային տերմինալի զննման պետ Ռոբերտ Գայֆաջյանի, Բագրատաշեն մաքսակետի զննման պետ Կարեն Գրիգորյանի, զննման վարչության նախկին պետ Վահրամ Գյորողլյանի, ՀՀ ԱԱԾ մաքսանենգության դեմ պայքարի բաժնի ղեկավար Սեդոյի եւ ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի անունները: Տարածված ձայնագրությունը, սակայն, կարճ ժամանակ անց ջնջվել էր: Եվ, ահա, սա որպես առիթ օգագործելով` երեկ «Ժողովուրդը» տեղեկատվություն հրապարակեց այն մասին, որ «երբ Սերժ Սարգսյանին զեկուցել են այդ ձայնագրության եւ դրանում բերված փաստերի մասին, նա անմիջապես հանձնարարել է ՀՀ գլխավոր դատախազությանը քրեական գործ հարուցել եւ ներկայացված կոռուպցիոն համակարգում ներգրավված բոլոր պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել: Ըստ լուրերի՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում այլեւս ոչ ոք իրավունք չունի կոռուպցիայով զբաղվել: Նույնիսկ եթե կոռումպացված պաշտոնյան, «փայ մտնողը» իր հարազատ եղբայրը կամ փեսան լինի, միեւնույն է, ԿՊԱՏԺՎԻ»: Բնականաբար, դա ընդամենը ապրիլմեկյան կատակ էր, ինչի մասին, ի դեպ, հումորի օրը մոռացածների համար հատուկ տեղեկացրել էինք հրապարակման ներքեւում «Կ» տառի նշմամբ:
Սակայն, որքան էլ տարօրինակ է, մեր այս ապրիլմեկյան հրապարակումը ոչ միայն լայնորեն տարածվեց մեդիադաշտում, այլեւ առիթ հանդիսացավ, որ որոշ «վերլուծաբաններ» հանդես գան «լավաշ» հոդվածներով: Սա եւս մեկ անգամ ցույց տվեց մեր մեդիադաշտի տխուր պատկերը, երբ ցանկացած «օդից վերցված» տեղեկություն բավարար է, որպեսզի թիթեռի կյանք ունեցող «լրատվամիջոցները» սկսեն դրանց հիման վրա «աշխարհացունց» վերլուծություններ անել: Ընդ որում, նկատենք, որ նույն վիճակում է նաեւ մեր «փորձագիտական հանրույթը»: «Ժողովուրդ»-ի ընթերցողները կհիշեն, թե ինչպիսի ցնցում առաջացրեց մեր նախորդ տարվա ապրիլմեկյան կատակը, որտեղ գրել էինք, որ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին Մոսկվա է հրավիրել եւ հորդորել Գագիկ Ծառուկյանին վերադարձնել քաղաքական դաշտ: Այդ հրապարակումից ժամեր անց արդեն ոչ միայն լրատվական դաշտի «հաստիաքավոր փորձագետները», այլեւ որոշ քաղաքական գործիչներ շտապեցին հայտարարել, թե իրենք դա վաղուց էին կանխատեսել եւ անգամ ներկայացրին, թե ինչպիսին կլինեն Ծառուկյանի վերադարձի «տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական» հետեւանքները:
Սա իրականում չափազանց տխուր եւ խորքային դեգրադացիայի մասին վկայող երեւույթ է, սակայն քանի որ երեկ ապրիլի 1-ն էր, մենք Բարոն Մյունհաուզենի նման ընդամենն ասում ենք` ժպտացե՛ք, պարոնա՛յք, ժպտացե՛ք, խելացի դեմքը դեռեւս խելքի նշան չէ:




Լրահոս