Երեվանի բարեգործական բոլոր 16 ճաշարաններն էլ գործում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանում վերաբացվել են շուրջ մեկ ամիս առաջ գործունեությունը դադարեցրած բարեգործական 7 ճաշարանները։ Երևանի քաղաքապետարանի և հասարակական կազմակերպությունների սոցիալական գործընկերության սկզբունքով՝ մայրաքաղաքում գործում է 16 բարեգործական ճաշարան, որոնց 2400 շահառուներ երկուշաբթիից ուրբաթ օրական մեկ անգամ ճաշում են լիարժեք սննդակարգով։ Պետական և եկեղեցական տոներին բարեգործական ճաշարաններում տոնական ճաշկերույթներ են կազմակերպվում։ Ժամանակավորապես չգործող ճաշարանները վերաբացվել են խաղողօրհնեքի արարողությամբ։
“Այսօրվանից վերաբացվել են բարեգործական այն 7 ճաշարանները, որոնք մոտ մեկ ամիս չէին գործում. ավելին, քաղաքապետի հանձնարարությամբ, սոցիալական գործընկերության սկզբունքով, մի քանի կազմակերպությունների հետ քննարկում ենք բարեգործական ճաշարանների շահառուների ցանկն ընդլայնելու հնարավորությունը։ Այս ճաշարաններում շահառուները միայն սնունդ չէ, որ ստանում են. այնտեղ նրանց ցերեկային ժամանցն է կազմակերպվում, բուժսպասարկում է իրականացվում։ Նման կենտրոններն ունեն նաև ենթաբաղադրիչ. սպասարկում են ֆիզիկական տկարության խնդիր ունեցողներին, այսինքն՝ նրանց ճաշ են մատուցում տնային պայմաններում”,- նշել է Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը։
Բարեգործական ճաշարանների շահառուները հավաքագրվում են կառավարության հաստատած կարգով։




Լրահոս