Նախկին նախարարի օրոք թույլ տրված չարաշահումները «ջրի երես» են դուրս եկել. Սերժ Սարգսյանի խորհրդակցությունից մինչև կեղծ ուղեգրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես նկատում ենք՝ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաների ձերբարակումը եւ մեղադրանք առաջադրելու պատմությունը խորը արմատներ ունեն: Այս աղմկահարույց գործը հասնում է ՀՀ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանին: Ու պատմության մեջ ուշագրավն այն է, որ մինչ աղմկահարույց գործի բացահայտումը, 2014 թվականին առողջապահության նախարարությունից որոշ աշխատակիցներ են հեռացվել:

Ինչպես հայտնի է՝ 2016 թվականի հունիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել էին ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երեւանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը: Վերջիններս կասկածվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Նրանց բոլորի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական դիրքը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):

Հեռացրին ու հանձնեցին իրավապահներին

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու եւ իրացնելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ մինչ այս քրեական գործի հարուցումը, 2014 թվականին ՀՀ առողջապահության նախարարության երկու աշխատակից ազատվել են աշխատանքից, որոնց ազատումն էլ կապված է եղել առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու գործընթացի հետ: Եվ աշխատակիցների ազատումից հետո իրավապահները քրեական գործընթաց են սկսել: Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ, ըստ էության, իրավապահ համակարգը 2 տարի հետո նույնաբովանդակ կամ հենց նույն քրգործով պաշտոնյաների է ձերբակալում ու մեղադրանք առաջադրում: Ի դեպ, նկատենք, որ 2012 թվականից մինչեւ 2014 թվականը ՀՀ առողջապահության նախարարը եղել է Դերենիկ Դումանյանը, եւ չի բացառվում, որ հետագայում պարզվի՝ հենց նա է կանգնած եղել այս գործընթացի թիկունքում:

Ինչպես կարող էին կեղծել

«Ժողովուրդ»-ը ՀՀ առողջապահության նախարարությունից խնդրեց ներկայացնել նախկին եւ ներկայիս ուղեգրերի տեսքը, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարող էին կեղծել դրանք նախկինում: Հրապարակումներ եղան, որ այլեւս անհնար է կեղծել նմանատիպ փաստաթղթերը: Լուսանկարում հստակ երեւում է, որ նախկին ուղեգիրը ընդամենը սովորական թուղթ է՝ առանց համապատասխան կոդավորման եւ պաշտպանիչ շերտի, որի վրա կարել է փոխել ամեն ինչ՝ առողջարանային կենտրոնի անունից սկսած, մինչեւ այլ տվյալներ:

Տեղեկացնենք, որ ուղեգրերի պաշտպանիչ կոդերով փոփոխություններին առողջապահության նախարարությունում գնացել են 2014 թվականից հետո: Այսինքն՝ այն ժամանակ, երբ արդեն բացահայտվել է կեղծիքը, եւ ազատումները եղել են:

«Ուր ենք գնալու, Դերո՛»

Ըստ շրջանառվող լուրերի՝ կեղծ ուղեգրերի համար բյուջեից հափշտակված գումարի չափը հասնում է մոտ 2 միլիարդ դրամի, իսկ թե ով պետք է պատասխան տա այս իրավիճակի համար, դեռեւս մնում է օդից կախված հարց, քանի որ վերոնշյալ պաշտոնյաները ստորագրությամբ ազատ են արձակվել եւ այսօր շարունակում են իրենց աշխատանքը:

Այս ֆոնին ուշագրավ է հիշեցնել 2012 թվականին Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ կառավարությունում անցկացված հատուկ խորհրդակցությունը, որի ընթացքում դիմելով ՀՀ առողջապահության նախկին նախարարին՝ Դերենիկ Դումանյանին՝ ասաց. «Ինչպես կարելի Է դեղերի շուկան այդպես թողնել, Դերո՛… արդեն դու ահագին աշխատում ես, առաջինը քո խնդիրն է, առաջինը… քո տեսչությունների միջոցով դու կարող էիր վաղուց արդեն, այդտեղ, ինչպես արդեն պայմանավորվել էինք, բեկում մտցնել: Երբ հարցնում եմ՝ տեսչություն ենք միավորում, մարմիներ ենք միավորում, դե, տենց տեմպերով մենք ուր ենք գնալու, հասնենք»:

Ահա, այդպիսի տեմպերով հասանք այնտեղ, որ նախկին նախարարի օրոք թույլ տրված ահռելի չափով չարաշահումներն այսօր «ջրի երես» են դուրս եկել: Թե ինչ ընթացք կունենան իրավական գործողությունները, դեռ վաղ է կանխատեսել: Հուսանք՝ կոռուպցիայի դեմ պայքարող ՀՀ կառավարությունը տարածությունն ու ժամանակը հաշվի չի առնի:

Քնար Մանուկյան




Լրահոս