“Գևորգ Կոստանյանի գլխավոր դատախազ դառնալուց հետո համակարգում համառ լուրեր կային, որ դատախազությունում կադրային ջարդ է սկսվելու։ Օրեր առաջ, երբ ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանին հարցրել էինք՝ վհուկների որս լինելո՞ւ է, նա պատասխանել էր, “Չէ, ի՞նչ վհուկների որսե։ Երեկ, սակայն, Շահեն Տոնոյանը հաստատեց տեղեկությունները, որ առավոտյան հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանը։ Ի դեպ, նրա անունն անմիջապես հանվել էր դատախազության պաշտոնական կայքից։
Նոր նշանակում սույն պաշտոնում դեռ չկա։ Երեկ առավոտյան հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը։ Արդեն երեկոյան Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց վերջինիս պաշտոնից ազատելու մասին։ Մնացական Սարգսյանի անունն ու տվյալները ևս շատ օպերատիվ կերպով հանվեցին դատախազության կայքից։ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակվեց Երևանի դատախազ Հրաչյա Բադալյանը։ Հիշեցնենք, վերջինս մի պահ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուների ցանկում էր։ Երևանի գլխավոր դատախազի պաշտոնում առայժմ նշանակում չկա։ Աղվան Հովսեփյանի հեռացումից հետո ևս երեք հոգի հրաժարականի դիմում էին գրել։ Հրաժարականների շքերթը դեռ շարունակվելու է”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: