ԱՐՄԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ Արմեն Դանիելյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Այդ կապակցությամբ «ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց Արմեն Դանիելյանին:
-Պարո՛ն Դանիելյան, տեղեկություններ կան, որ Դուք ստիպված եք եղել աշխատանքից ազատման դիմում գրել, քանի որ չեք կարողացել աշխատել նորանշանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ: Իրականում նման բան կա՞:
-Այդ որոշումը կայացվել է նախագահի հետ համատեղ: Ու ասեմ, որ շատ հարգում եմ այդ որոշումը եւ հպարտ եմ, որ հնարավորություն ունեցա այս ժամանակահատվածում աշխատել դատախազության համակարգում: Կարծում եմ՝ ապագայում նորից հնարավորություն կընձեռնվի աշխատել դատախազության համակարգում` իմ իրավաբանական գիտելիքները, իմ անձը դրսեւորելու համար: Ես շնորհակալ եմ հանրապետության նախագահից:
-Նշեցիք, որ այդ որոշումը կայացրել եք Սերժ Սարգսյանի հետ համատեղ…
-Համատեղ ասելով՝ ես նկատի ունեմ, որ քննարկել եմ գլխավոր դատախազի հետ, եւ ընդհանուր որոշում է եղել, որ ցանկալի կլինի, որպեսզի ես չաշխատեմ: Ես նաեւ իմ համոզմունքներն ունեմ: Նոր գլխավոր դատախազը թող լինի անփորձանք, առողջ, մենք դեռեւս առիթ կունենանք շփվելու իր հետ մասնագիտական տիրույթում:
-Տեղեկություններ կան, որ Դուք հայտարարել եք, թե այլեւս անհնար է աշխատել Գեւորգ Կոստանյանի հետ: Իսկապե՞ս նրա հետ դժվար է աշխատել:
-Գիտեք ի՞նչ, չեմ ցանկանում հնարավորի կամ անհնարի հետ կապված մեկնաբանություն անել, մարդն ունի իր տեսակետը պնդելու իրավունք, ես այսօր ունեմ իմ իրավունքն արտահայտելու հնարավորություն: Ես հարգում եմ հանրապետության նախագահի որոշումը: Ես շատ ուրախ եմ ու անկեղծորեն ուզում եմ՝ իմանաք, որ ես կարողացել եմ այս տարիների ընթացքում ուղղակիորեն կամ անուղղակի պահել այն բոլոր պատգամները, որոնք ինձ հղել էր հանրապետության նախագահը: Եվ իմ գործունեությունը եւս մեկ անգամ ապացուցեց, թե ես ինքս ինչ սկզբունքային անձնավորություն եմ: Չնայած իմ երիտասարդ տարիքին՝ ես դատախազության համակարգում դրսեւորել եմ սկզբունքայնություն, անաչառություն եւ այդպես էլ լինելու եմ ամբողջ կյանքում:
-Իսկ Ձեզ այսուհետ ո՞ր համակարգում ենք տեսնելու:
-Ես վերադառնալու եմ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս