Ֆոտոմոդել, նախկինում նաեւ մանեքենուհի ԱՆՆԱ ԲԱԲԱՅԱՆԸ մասնագիտությամբ արատաբան-դեֆեկտոլոգ է, սակայն եւ ոչ մի օր չի աշխատել այդ բնագավառում: 2000 թվականից մինչ օրս Աննան ֆոտոմոդել է աշխատում: Այս պահին նա զբաղվում է ու նաեւ սովորեցնում արեւելյան ոճի դիմահարդարում:
-Ինչպե՞ս ընտրեցիք մանեքենուհու ճանապարհը:
-Դեռ ինստիտուտից ինձ առաջարկեցին մասնակցել «Միսս ուսանողուհի» մրցույթին, սակայն մինչեւ վերջ չմասնակցեցի: Բայց դրանից հետո առաջարկներ շատ եղան թե՛ նորաձեւության շաբաթներից, թե՛ տարբեր նախագծերից:
-Քանի՞ տարի է, որ մոդելային բիզնեսի մեջ եք:
-2000-2003 թվականին որպես մանեքենուհի եմ աշխատել, իսկ 2000 թվականից մինչ այսօր` ֆոտոմոդել: Հիմա ես որպես մանեքենուհի չեմ աշխատում, հագուստի ցուցադրություններին չեմ մասնակցում, միայն ֆոտոնկարահանումներին եմ հանդես գալիս:
-Որպես այդ ոլորտի ներկայացուցիչ՝ Ձեր գնահատմամբ` որքանո՞վ է Հայաստանում զարգացած այդ շուկան:
-Իմ կարծիքով՝ զարգացած չէ: Եթե խոսքը մանեքենուհիներին է վերաբերվում, այդ ոլորտը չի կարող զարգանալ առանց դիզայներների: Բան չունեմ ասելու, դիզայներներ հիմա կան ու ավելի շատ են, քան այն տարիներին, երբ ես էի սկսում աշխատել, բայց նաեւ այնքան շատ չեն, որ Հայաստանը շատ զարգանա: Մենք ունենք մեր երկրին համապատասխան մոդելային ու դիզայներական շուկա:
-Չե՞ք փորձել դրսում աշխատել: Որքան շուկան մեծ է, այնքան հնարավորությունները` շատ:
-Դե ես՝ որպես ֆոտոմոդել, աշխատում եմ նաեւ Իսպանիայում, բայց ավելի լուրջ աշխատանքի համար պետք է պայմանագիր կնքել, իսկ շատ հաճախ պահանջվող կետերը չափազանց խիստ են լինում: Օրինակ՝ այս վերջին պայմանագիրը, որն ինձ առաջարկեցին, 5 տարով էր, եւ այնտեղ կետեր կային, որոնց ես չէի կարող համաձայնել` սկսած սննդակարգից, վերջացրած անձնական կյանքով: Եվ ի՞նչն էր հետաքրքիր, որ 2 տարի դու պետք է սովորեիր այդ ամենը, ու կապ չունի, թե դու ինչքան աշխատանքային փորձ ունես: Երկու տարուց հետո էլ պետք է սկսեիր աշխատել ու համաձայն լինեիր տարբեր առաջարկների: Իհարկե, լավ էին վճարում, բայց պայմանները շատ խիստ էին:
-Իսկ ինչո՞ւ հենց Իսպանիա:
-Ես քույրիկ ունեմ այնտեղ ու 2007թ. սկսած՝ տարվա կեսը հենց այնտեղ եմ ապրում: Երեւի թե մոտակա ժամանակներս տեղափոխվեմ:
-Վերջնական բնակությա՞ն եք գնում:
-Չեմ կարող հստակ ասել, որովհետեւ ծնողներս այստեղ են ապրում: Չեմ կողմնորոշվում՝ որտեղ ապրեմ, շատ դժվար է ինձ համար: Բայց եթե վերջնական որոշելիս լինեմ, Իսպանիան կընտրեմ:
-Հիմա դիմահարդար եք աշխատում ու նաեւ դասավանդում եք, որտե՞ղ եք սովորել:
-Ես 2005 թվականից եմ դիմահարդար աշխատում: Առաջին մարդը, ում մոտ սովորել եմ, եղել է պարսկուհի, հետո Իրանում եւ Դուբայում վերապատրաստման եմ գնացել հենց արաբական ոճի դիմահարդարման համար: Իսկ ահա եվրոպական ոճի դիմահարդարումը սովորել եմ Իսպանիայում:
-Հայ աղջիկների ու կանանց մեջ շա՞տ են այնպիսիք, որոնք ուզում են արեւելյան ոճով դիմահարդարվել:
-Հիմա շատ են, ու շատ են նաեւ այնպիսի դիմահարդարում ցանկացողները, որ ես սովորել եմ որպես բեմական, երեկոյան, ավանգարդ ոճի, բայց հաճախորդներ ունեմ, ովքեր առօրյայում են նման դիմահարդարում ուզում: Ավելին ասեմ` նույնիսկ ուսանողներ կան, որ նման կերպ դիմահարդարվում են ու նոր գնում դասի:
-Ներկայումս հայուհիները կարողանո՞ւմ են ճիշտ դիմահարդարվել:
-Կարողանում են, որովհետեւ ինտերնետում կան շատ վիդեոներ, վիճակագրությունն էլ ցույց է տալիս, որ Հայաստանից աղջիկները շատ են հետեւում ու կարողանում են ինքնուրույն սովորել: Ես համեմատություն եմ անում իսպանացիների հետ, որոնք ընդհանրապես դիմահարդարվել չեն կարողանում: Առհասարակ Եվրոպայում այդպես է: Իսկ այստեղ ցանկացած աղջիկ մինիմալ դիմահարդարում կարողանում է անել:
-Դուք նկարահանվել եք նաեւ «Կարգին սերիալ»-ում, այլ տեղերից առաջարկներ չունե՞ք:
-Առաջարկներ եղել են սերիալներից, բայց ես չեմ համաձայնել, դրանք շատ երկարատեւ են, չեմ կարող այդքան այստեղ մնալ, իսկ ուրիշ առաջարկներ էլ չունեմ:
-Համաձա՞յն եք այն կարծիքին, որ գեղեցիկ կանայք սովորաբար դժվարություններ են ունենում անձնական կյանքում եւ շատ հաճախ հաջողակ լինում կարիերայի հարցում:
-Գիտեք, ես միշտ հերքել եմ այդ խոսքը, բայց հիմա հասկանում եմ, որ դրա մեջ կա ճշմարտություն: Գեղեցիկ լինելն անձնական կյանքում ինչ-որ տեղ խանգարում է, ավելի ճիշտ՝ վախեցնում է: Ցանկացած տեղ էլ կա նման բան, բայց մեզ մոտ դա ավելի ընդգծված է:
ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԱԽԵՑՆՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ