Ինչպես կվարվեր ՌԴ-ն, եթե այնտեղ պատանդներ վերցնեին և պահանջեին Վլադիմիր Պուտինի հրաժարականը. մեկնաբանում է ռուս փորձագետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման, ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի արձագանքի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի հետ:

– Պարո′ն Եվսեև, նախ ձեր տպավորություններն այն մասին, ինչ այս օրերին տեղի է ունենում Երևանում, և ինչպե՞ս է այս ամենին արձագանքում Ռուսաստանը:

– Ռուսաստանն այս ամենը ընդունում է որպես Հայաստանի ներքին խնդիր, չի խառնվում այդ դեպքերին, սակայն նա հետաքրքրված է կայունությամբ, որպեսզի Հայաստանի ներսում լուրջ բախումներ չլինեն և, որ Հայաստանն անձամբ կարողանա լուծել այս խնդիրը: Իսկ ինչ վերաբերում է տպավորություններին և վերաբերմունքին, ապա ես կարծում եմ, որ հայ հասարակության այն արմատականները, ովքեր գրավել են ոստիկանության ՊՊԾ գունդը, նրանք իրենք էլ չգիտեն, թե ինչ անեն հետագայում: Իմ կարծիքով, ի սկզբանե նրանք հույս են ունեցել, որ երևանցիների զգալի մասն իրենց կողքին կկանգնի, սակայն դա այդպես չեղավ, իհարկե, մարդիկ հավաքվում էին, սակայն նրանց քանակը բավարար չէր: Իշխանափոխության ծրագիրը ևս տապալվեց: Իրավիճակը վատթարացնում է գնդապետի սպանությունն ու պատանդների առկայությունը, հատկապես հաշվի առնելով, որ ակնհայտ երևում է` նրանք ահաբեկիչներ չեն: Այնպիսի տպավորություն է ինձ մոտ, որ այդ մարդիկ այնքան էլ չեն պատկերացնում, թե ինչ անել հետագայում:

– Այդ դեպքում ո՞րն է ելքը, ի՞նչ քայլեր պետք է իրականացնել:

– Ամեն դեպքում ես չէի ցանկանա, որպեսզի գրոհ լիներ: Հասկանալի է, որ գրոհի հնարավորությունը պահպանվում է, ներսում բժշկական անձնակազմից դեռ երեք պատանդ է առկա: Ցանկացած դեպքում գրոհը կարող է բերել նրանց մահվան: Մարդիկ եկել են բժշկական օգնություն ցուցաբերելու և նրանց բաց չեն թողնում, ես կարծում եմ հակաօրինական քայլ է և հասկանալի է նաև, որ եթե հարցն ի վերջո խաղաղ հանգուցալուծում ստանա, ամեն դեպքում ինչ-որ մեկը պետք է պատասխան տա գնդապետի մահվան, վիրավորների համար: Հարց է առաջանում` որտեղից են նրանք զենք ձեռք բերել: Կան օրինախախտումներ, որոնց համար մարդիկ պետք է պատասխան տան: Իմ կարծիքով, հենց դա է ներսում գտնվողներին ետ պահում հանձնվելուց: Պետք է հաշվի առնել նաև, որ իրենք չկարողացան իրականացնել իրենց`  նախօրոք մտածված ծրագրերը: Իհարկե, շատերը կարող են ասել, որ դեմ են իշխանություններին, բայց լրիվ այլ բան է գնալ զենք վերցնել և այդպես հարցեր լուծել:

Միանգամայն հասկանալի է, որ իրավիճակի ցանկացած ապակայունացում Երևանում, վատթարացնում է իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության հարցում: Այդպիսի վատթարացումները կարող են Բաքվի համար նպաստավոր պայմաններ ստեղծել ուժային ճանապարհով Ղարաբաղի վերադարձի համար: Ես կարծում եմ, որ հենց դա էլ երկու կողմերին ետ է պահում ուժային լուծումներից: Այս իրավիճակը պետք է որևէ կերպ կարգավորվի:

– «Սասնա ծռեր» խմբավորման անդամները, որոնց թվում կան նաև Արցախյան պատերազմի մասնակիցներ, ի սկզբանե դեմ են եղել տարածքների վերադարձմանը և շատերի կարծիքով, նրանք այդպիսի քայլի են դիմել հենց տարածքների վերադարձը կանխելու համար: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Երևանում ցանկացած ապակայունացում նպաստում է, որ այդ տարածքները վերադարձվեն Ադրբեջանին: Ես հասկանում եմ, որ նրանց համոզել են կամ ներկայացրել, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հինգ տարածքներ վերադարձնել, բայց դրա ապացույցը չկա և ես չեմ հասկանում` ինչպես կարելի է  խոսել տարածքների վերադարձի մասին առանց վստահության մեխանիզմների առկայության, դրանք պետք է  առջևում լինեն: Հիմա, եթե տարածքները վերադարձվեն, ապա հետագայում Ադրբեջանը կրկին կդիմի սադրանքի` ամբողջ Ղարաբաղի համար: Իրադարձությունների այդպիսի զարգացման հնարավորությունը և Ղարաբաղի` բանակցային սեղանին չվերադառնալն անհնարին է  դարձնում այդ տարածքների վերադարձը: Խմբավորման անդամներին միգուցե ներշնչել են, սակայն դա չի համապատասխանում իրականությանը: Ես չեմ հասկանում, ինչպես կարելի է նման ծրագիր իրականացնել այն դեպքում, երբ պատերազմը կարող է կրկնվել:

– Դուք նշեցիք, որ դեմ եք գրոհին: Այդ դեպքում հարցի լուծման ինչպիսի՞ տարբերակներ և մեթոդներ եք տեսնում և ինչպե՞ս կվարվեր Ռուսաստանը նման դեպքում:

– Մեզ մոտ չկա այն, ինչ ձեզ մոտ, մենք չունենք մեր Ղարաբաղը: Այստեղ իրավիճակն այլ է: Եթե օրինակ, Ռուսաստանում ինչ-որ մեկը գերիներ վերցներ, և դրանից հետո պահանջեր Պուտինի հրաժարականը, ապա արդյունքում գրոհ կլիներ: ՌԴ-ի գործողություններն այդպիսին կլինեին: Հայաստանում, հատկապես այն մարդիկ, ովքեր Ղարաբաղում կռվելու փորձ ունեն, այնտեղ անհրաժեշտ են և նրանց սպանել ՊՊԾ գնդի տարածքում, սխալ կլիներ: Սակայն հասկանալի է, որ նրանց կողմից առաջարկված պահանջները ևս չեն կարող կատարվել: Այս դեպքում ճիշտ կլինի ժամանակ ձգելն ու բանակցություններ շարունակելը, սակայն անվերջ սպասել և ձգել պետք չէ, քանի որ այն կմոտեցնի գրոհի հնարավորությունը: Որպես ռազմական փորձագետ, ես կարող եմ ասել, որ գրոհն անցանկալի կլիներ, սակայն ես այժմ չեմ տեսնում լուծման տարբերակներ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս