«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Անկեղծ հարցուպատասխանի միջոցով մենք կբացահայտենք նրանց անհատականությունը, կանդրադառնանք վերջիններիս կյանքի` քչերին հայտնի դրվագներին: Այսպիսով` մեր հերթական զրուցակիցը երգիչ Էրիկն է (Էրիկ Կարապետյան):
-Էրի՛կ, ինքնուրո՞ւյն եք արթնանում, թե՞ զարթուցիչի օգնությամբ:
-Հաճախ ինքս եմ արթնանում, զարթուցիչից էլ շուտ (ծիծաղում է):
-Այս երեք գործոններից, ըստ Ձեզ, ո՞րն է ավելի շատ ազդում մարդու աշխարհայացքի ձեւավորման վրա` գեները, միջավայրը թե՞ դաստիարակությունը:
-Միջավայրը:
-Մեր շոու-բիզնեսում ովքե՞ր են Ձեր մտերիմները:
-Մեծ հաճույք եմ ստանում իմ մոտ ընկեր Հայկոյի հետ աշխատելիս. մենք հաճախ նույն կերպ ենք մտածում: Արսեն Սաֆարյանն է իր խորհուրդներով միշտ իմ կողքին, Անդրեն, ում հետ ես զուգերգ ունեմ: Ճիշտ է, նա այժմ Միացյալ Նահանգներում է, բայց մեր կապը պահում ենք:
-Ձեր պոետը:
-Շատ եմ սիրում Լերմոնտովին, Եսենինին, վրաց բանաստեղծներից ոմանց, իսկ հայերից` Սեւակին:
-Մի բան, որ մարդ երբեք չպետք է ցույց տա:
-Իր թույլ կողմերը, այլապես մարդիկ հաճախ օգտվում են դրանից:
-Եթե սաստիկ զայրացնեն, ունակ եք նույնիսկ…
-Դա կախված է այն բանից, թե ով է զայրացնողը: Եթե նա տղամարդ է, շատ տարբեր բաներ կարող են լինել, իսկ եթե կին, կարող եմ ինչ-որ բան բացատրել, կամ պարզապես կարեւորություն չտալ տեղի ունեցածին: Ամեն դեպքում, իմ կյանքում չի եղել մի դեպք, որ ես զայրանամ ու ծայրահեղ քայլերի դիմեմ:
-Մի բան, որի հետ առ այսօր չեք համակերպվել:
-Շատ բաներ կան, բայց ես իմ կյանքում կարեւորում եմ նույնիսկ այդ ամենի դերը: Օրինակ` շատ կցանկանայի, որ այն մենահամերգով, որ ես հանդես եկա 2015-ին, Երեւանում, կարողանայի ներկայանալ նաեւ Հայաստանի տարբեր քաղաքներում: Ես չեմ համակերպվում այն մտքի հետ, որ մայրաքաղաքից դուրս մարդիկ դժվարությամբ են կարողանում գումար տրամադրել համերգի տոմսերի համար:
-Ձեր թուլությունը:
-Լավ երաժշտությունը, բեմը: Կյանքում այլ կերպ եմ ապրում, իսկ բեմում դառնում եմ լրիվ ուրիշ մարդ: Այդ համարձակությունը, որ ունեմ բեմում, չունեմ կյանքում: Մի ուրիշ թուլություն էլ ունեմ` երեխաները:
–Ավելի շատ պաշտպանվող, թե՞ հարձակվող տեսակ եք:
-Ո՛չ մեկն եմ սիրում, ո՛չ մյուսը. նախընտրում եմ չեզոք վիճակ, խաղաղություն:
-Ինչպիսի՞ կինը կարող է գրավել Ձեր ուշադրությունը:
-Միայն խելացի: Գեղեցկությունը, որով գերվում է տղամարդկանց զգալի մասը, խաբուսիկ է: Բայց որպեսզի հարաբերությունները շարունակական լինեն, անհրաժեշտ է, որ կինը ուշիմ լինի:
–Ամենածիծաղելի կամ անսպասելի իրավիճակը, որի մեջ երբեւէ հայտնվել եք:
-Եղել է, որ բեմում խոսափողը ձեռքիցս ընկել է, բայց, բարեբախտաբար, շատերը գլխի չեն ընկել: Պատահել է, որ անձրեւի տակ լարով միկրոֆոնով երգելիս հոսանքահարվել եմ… Շատ զվարճալի կամ անսպասելի դեպքեր են եղել նաեւ այլ մարդկանց հետ կապված: Օրինակ` մի անգամ Գեղարդում մի կին, որն իր ամուսնու հետ էր, մոտեցավ ինձ եւ փոխանակ ասեր. «Կարելի՞ է Ձեզ հետ նկարվել», շփոթվեց, ասաց. «Կարելի՞ է Ձեզ հետ ամուսնանալ»: Ես էլ կատակով ասացի. «Միայն եթե Ձեր ամուսինը դեմ չէ…» (ծիծաղում է):
–Ձեր լսած ամենատպավորիչ խոսքը, խորհուրդը:
-Շատ եմ լսել: Բայց դեռ տարիներ առաջ ինձ հաճախ են ասել. «Բալիկ ջան, ինչ էլ լինի, քիթդ չբարձրացնես»: Դա իմ մեջ առանձնակի տպավորվել է: Ու թեեւ մի շարք հաջողություններ եմ գրանցել իմ կարիերայում, քիթս չեմ բարձրացրել. նման բան դեռ չեմ զգացել:
-Ինչպիսի՞ն եք պատկերացնում աշխարհի վերջը:
-Բոլորը կարծում են, որ այդ ժամանակ երկնքից կրակ է թափվելու, իսկ ես այն համոզման եմ, որ այդ ժամանակ վերանալու է սերը: Միակ բանը, որ պահում է երկրագունդը, հենց սերն է: Սիրո ավարտն է աշխարհի վերջը:
-Մեկ օր էլ չեք ձգի` առանց…
-Առանց իմ ընտանիքի. այն ինձ պարգեւում է երաժշտություն, որը միայն ես ունեմ:
Աննա Բաբաջանյան