Ադրբեջանցիները քվեարկեցին Ալիևի լիազորությունների ժամկետի երկարաձգման օգտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի բնակչության մեծ մասը երեկ տեղի ունեցած հանրաքվեի ընթացքում քվեարկել է երկրում սահմանադրական բարեփոխումներ կատարելու օգտին, որի մեջ մտնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լիազորությունների ժամկետի երկարաձգումը: Այս մասին վկայում են էկզիտպոլի տվյալները, փոխանցում է BBC-ն:

«Ռյաի» մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ Ադրբեջանի բնակչության շրջանում հարցվածների 92,5%-ը կողմ է նախագահի լիազորությունների ժամկետի երկարաձգմանը 5-7 տարի: Ընտրողների ևս  89,3%-ը քվեարկել է առաջին փոխնախագահի և փոխնախագահի պաշտոնների սահմանման օգտին: 91,1%-ը կողմ է նախագահի պաշտոնում թեկնածուների տարիքային սահմանափակումների հանման օգտին:

Ամերիկյան Arthur J. Finkelstein & Associates ընկերության տվյալներով՝ ադրբեջանցի ընտրողների 88,9%-ը կողմ է սահմանադրական բարեփոխումների փաթեթին:

Երկրի սամանադրության 29 հոդվածներում կատարված փոփոխությունները ենթադրում են Ալիևի նախագահական լիազորությունների ժամկետի երկարաձգում, ինչպես նաև այդ փոփոխությունների համաձայն՝ վերջինս կարող է ցրել երկրի խորհրդարանը և այլն:

Իլհամ Ալիևը զբաղեցնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնը 2003թ.-ից: Մինչ այդ Ադրբեջանը 1993-2003թթ. ղեկավարում էր նրա հայրը՝ Հեյդար Ալիևը:




Լրահոս