ԲԱՐԵՓՈԽԵԼՆ ԷԼ ԱՅԴՔԱՆ ՀԵՇՏ ՉԷ. ԳՈՐԾԱՐԱՐԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչիկ Մանուկյանը նշեց, որ եթե հնարավորություն ունենա հանդիպելու վարչապետին, գործարարների գործունեության հետ կապված առաջարկություններ կներկայացնի: Իսկ թե կոնկրետ ինչ առաջարկություններ ունի, գործարարը չգաղտնազերծեց, փոխարենը ներկայացրեց իր մտահոգությունները:

Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել էր Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) անդամներին: Վարչապետն անձամբ էր ցանկացել գործարարներից լսել այն խոչընդոտների մասին, որոնք խանգարում են բիզնեսի զարգացմանը. «Մենք ինչ պետք է անենք, որ դուք ձեզ զգաք ապահովագրված եւ համարձակ գործ անեք»,-հարցադրում էր արել Կարապետյանը, ապա լսել գործարարներին:
-Պարո՛ն Մանուկյան, մոտ 1,5 ամիս առաջ գործարարները հանդիպել էին նորանշանակ վարչապետի հետ, Դուք ներկա՞ էիք այդ հանդիպմանը:
-Ներկա չեմ եղել:
-Ինչո՞ւ:
-Երկրում չէի, նոր եմ եկել եւ նոր եմ իմացել, որ հանդիպել են վարչապետի հետ:
-Ինչեւէ, վարչապետը գործարարների հետ խոսել է դուխով լինելու, համարձակ գործելու մասին: Դուք դուխով չեք գործո՞ւմ:
-Միշտ էլ դուխով ենք եղել, մենք մեր աշխատանքն ենք անում, դուխի խնդիր չկա:
-2014 թվականի մայիսի 14-ին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւս հանդիպել էր գործարարների հետ, hավասար մրցակցային դաշտ ստեղծելու խոստումներ էր տվել… Նախկին վարչապետի հետ հանդիպմանը ներկա՞ էիք:
-Այո՛, ներկա եմ եղել:
-Նախորդ վարչապետի դեպքում մենք տեսանք, որ ոչինչ չփոխվեց, ի՞նչ եք կարծում՝ այս անգամ այլ կերպ կլինի՞:
-Եթե մի բանը մի քանի անգամ ասում են, ուրեմն տակը մի բան կա, փոխվելու միտում կա: Գիտեք՝ այսօր իսկապես տնտեսական վիճակը այդքան էլ լավ չի, եւ բարեփոխելն էլ այդքան հեշտ չէ: Իսկ բարեփոխելու համար շատ պետք է այդ մասին ասես, որ մարդկանց մեջ մտնի, դառնա օրվա խնդիր, հաց ուտելու նման մի բան, որ կարողանանք ճիշտ գնալ առաջ:
-Նշեցիք, որ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը չեք մասնակցել՝ երկրից բացակայելու պատճառով: Իսկ տեղյա՞կ եք Ձեր մյուս գործարար ընկերների՝ նորանշանակ վարչապետին ներկայացված առաջարկություններից եւ, առհասարակ, եթե առիթ լինի վարչապետի հետ հանդիպելու, Դուք ի՞նչ կոնկրետ առաջարկություններ կանեք:
-Տեղյակ չեմ մյուս գործարարներից՝ ով ինչ առաջարկություն է արել, բայց եթե ես առիթ ունենամ, հնարավորություն ունենամ, ես ունեմ առաջարկություններ, որոնք կներկայացնեմ վարչապետին:
-Կոնկրետ ի՞նչ առաջարկություններ, կմանրամասնե՞ք:
-Ես անձամբ իրեն կասեմ, Ձեզ էլ հետո կասեմ անպայման:
-Վարչապետը խոսեց նաեւ բարեխիղճ հարկատու լինելու մասին: Դուք հարկերը ժամանակի՞ն եք վճարել եւ արդյո՞ք բարեխիղճ եք գործել:
-Իհարկե, այո, բարեխիղճ եմ եղել:
-Նոր հարկային օրենսգրքի շուրջ գործարարները բավականին մեծ աղմուկ էին բարձրացրել՝ նշելով, որ դա բիզնեսի կործանմանը տանող փաստաթուղթ է: Իսկ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ այդ օրենսգիրքը որակեց դիվերսիա: Ուսումնասիրե՞լ եք օրենսգիրքը:
-Գիտեք ինչ, ամեն մի օրենք իր թույլ եւ ուժեղ կողմերը ունի, դեռ նոր օրենքին հասնելուն բավականին ժամանակ կա, դեռեւս խորությամբ չեմ նայել:
-Բայց օրենսգիրքն արդեն ընդունվել է: Այն մասով, որ հասցրել եք ուսումնասիրել, կարո՞ղ եք նշել, թե որոնք են այդ օրենսգրքի ուժեղ ու թույլ կողմերը:
-Ինձ հետոն է հետաքրքրում: Գիտեք՝ ինչպես պետք է նայենք, որ միայն Հայաստանի տարածքում չլինի, այլ ԵՏՄ երկրների եւ այլ երկրների մասով: Հարկային օրենսգիրքը ով գրել է, պետք է շեշտադրումը արվեր մեր հարեւան երկրների օրենքների, հնարավորությունների մասով, որովհետեւ մենք մի օղակի մեջ ենք, մեկ շղթայի մեջ ենք: Եվ հետո ինձ միշտ մտահոգել է, որ չստացվի այնպես, որ հարկային բեռի ավելացումը հնարավորություն տա, որպեսզի մարդիկ այստեղից տեղափոխեն իրենց ակտիվները, սարքավորումները, հնարավորությունները, մարդկային ռեսուրսները, սա է միշտ ինձ մտահոգել հարկային օրենսգրքի մասով: Երբ կողքից հարեւան հանրապետություններին` Իրան, Վրաստան, նայում ես, մտահոգություն կա:

 

 

 
ԿԼԻՆԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ, ԹԵ ՈՉ, ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԷ

ՀՀ հանրային խորհրդի նախագահը համաներում հայտարարելու հարցը քննարկել է Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ինքը՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:

Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել հանրային խորհրդի նիստ, որի ժամանակ նշվել է, որ այս օրերին հանրային խորհուրդը գրավոր եւ բանավոր դիմումներ է ստացել մի խումբ քաղաքացիներից եւ հասարակական կազմակերպություններից` դիմելու ՀՀ նախագահին Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ համաներում հայտարարելու վերաբերյալ:
Խորհրդի անդամները քննարկել են համաներում հայտարարելու անհրաժեշտությունը, այդ թվում եւ հուլիսյան դեպքերի հետ կապված: Ավելին՝ քննարկվել է քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության, ոլորտի բարեփոխումներին ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Հանրային խորհուրդը համաներման հարցը քննարկել է նաեւ հասարակության շրջանում հատկապես հուլիսյան դեպքերից հետո առկա լարվածության թուլացման, հասարակական համերաշխության մթնոլորտի ձեւավորման տեսանկյունից, որի պայմաններում կապահովվի նաեւ նոր կառավարության արդյունավետ գործունեությունը: Եվ, ահա, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նիստից հետո համաներման վերաբերյալ խորհրդի անդամների արտահայտած տեսակետները, համաներման տարածման շրջանակների առումով հնչած երբեմն հակադիր կարծիքները քննարկել է Սերժ Սարգսյանի հետ: Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց Վազգեն Մանուկյանը:
-Պարո՛ն Մանուկյան, կմանրամասնե՞ք, թե ի՞նչ եք խոսել Սերժ Սարգսյանի հետ:
-Ես իրեն տեղյակ եմ պահել հանրային խորհրդի որոշումների մասին, բայց մենք խոսակցությանը նորից պետք է վերադառնանք:
-Արդեն տեւական ժամանակ է՝ այդ մասին բարձրաձայնվում է, հասարակությունը սպասում է՝ ինչ տեսակետ ունի Սերժ Սարգսյանը անկախության 25-րդ տարեդարձի առթիվ համաներում հայտարարելու հետ կապված:
-Ես այլ բան չեմ կարող ավելացնել:
-Իսկ համաներման անհրաժեշտություն անձամբ Դուք տեսնո՞ւմ եք:
-Ես ինքս չեմ ուզում քննարկել, քանի որ ասել եմ, որ հանրային խորհուրդը քննարկել է, նախագահի հետ զրուցել եմ, պարտադիր չէ, որ մեր զրույցը Ձեզ մանրամասն պատմեմ եւ նշեցի, որ այդ խոսակցությունը դեռ շարունակություն ունի: Ավել բան, ճիշտն ասած, չեմ կարող ասել:
-Ի վերջո, համաներում կլինի՞, թե՞ ոչ:
-Դա ոչ մեկը չի իմանում, երբ մոտ լինենք դրան, ես Ձեզ կասեմ:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԱՐԶՊԵՏԸ
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը վերջապես հայտարարագրել է իր ունեցվածքը: Ըստ այդմ, նորանշանակ մարզպետը պաշտոնապես ունի մեկ բնակարան, «Lexus ES 250» մակնիշի ավտոմքենա եւ «Harley-Davidson Night Rod Special» մոտոցիկլ: Նա նաեւ հայտարարագրել է, որ մեկ ընկերությունում ունի 10 հազար դրամի բաժնետոմս: Սյունիքի մարզպետի պաշտոնը ստանձնելիս Վահե Հակոբյանի փոխառությունները կազմել են 50 հազար դոլար եւ 147 մլն 406 հազար դրամ: Երիտասարդ մարզպետը հայտարարագրել է, որ ունի 8 մլն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավել արժեք ունեցող թանկարժեք գույք: Դրանք են՝ 5 հատ ժամացույց, մեկական ջրանկար, մեկական յուղանկար, մեկական նկար եւ մեկական սրբապատկեր:
Մարզպետը ունի 195 հազար դոլար, 120 հազար եվրո, 35 մլն դրամ կանխիկ գումար: Վերջինս որպես եկամուտ հայտարարագրել է 3 վայրից ստացած աշխատավարձը, որը այս տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմում է 99 մլն 66 հազար 128 դրամ: Բացի այս՝ մարզպետը որպես եկամուտ հայտարարագրել է օտարած գույքի գումարը՝ 55 մլն դրամի չափով, եւ ստացած փոխառությունը՝ 192 հազար եվրոյի չափով:

 

 

ԿՍԿՍԻ ԹՌԻՉՔՆԵՐԸ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը՝ լոու-քոսթերը, նոյեմբերի 21-ից կսկսի դեպի Մոսկվա-Գյումրի ավիատոմսերի վաճառքը: Ընկերությունը թռիչքներ կիրականացնի «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան: Նախատեսվում է թռիչքներն իրականացնել շաբաթական 3 անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի եւ կիրակի: Դրանք կատարվելու են ցերեկային ժամերին: Իսկ դեկտեմբերի 15-ից ընկերությունը կսկսի մշտական թռիչքները: Մոսկվա-Գյումրի մինիմալ արժեքով՝ 999 ռուբլիով կամ 16 դոլարով (7760 դրամ), սակայն ավիատոմսերը սահմանափակ են լինելու:

 

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ եւ վերամշակմամբ զբաղվող գործարարների հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում գործարարները բարձրաձայնել են գյուղմթերքների արտահանմանը, ներմուծմանը, իրացմանը, տրանսպորտային փոխադրումներին, էներգակիրների մատչելիությանը վերաբերող եւ հարկային, մաքսային վարչարարության հետ կապված հարցեր: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հանդիպմանը ներկա թռչնամսի եւ հավկիթի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները վարչապետի հետ հանդիպմանը հիմնականում բարձրացրել են թռչնամսի, հավկիթի ներկրման եւ գազի գնի հետ կապված հարցերը: Նրանք առաջարկել են, որ թռչնամիս եւ հավկիթ ներկրողների համար սահմանվեն այնպիսի բարձր մաքսատուրքեր, որպեսզի վերջիններս ստիպված լինեն չներկրել: Համենայնդեպս, ինչպես պարզեցինք՝ գործարարները այնքան էլ մեծ ակնկալիքներ չունեն այդ հանդիպումից:




Լրահոս