ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՀՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս ընթացիկ տարվա մայիսի 16-ին եւ հունիսի 20-ին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջեւ տեղի ունեցած եռակողմ հանդիպումների ժամանակ կողմերը համաձայնություն էին ձեռք բերել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակի ավելացման, հետաքննող սարքերի տեղադրման մասին: Հանդիպումից արդեն յոթ ամիս է անցել, սակայն ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում: Ի վերջո, ե՞րբ պետք է տեղադրվեն հետաքննող սարքերը, ո՞ւմ պատճառով է ձգձգվում գործընթացի մեկնարկը, եւ ամենակարեւորը՝ ինչո՞ւ Մինսկի խումբը քայլեր չի ձեռնարկում ձեռք բերված պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար: Այս հարցերի պատասխանները «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքից: Ի պատասխան մեր հարցի` ՄԽ համանախագահը կրկնեց ավանդույթ դարձած հուսադրող պատասխանը. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնության են եկել դեսպան Կասպրշիկի թիմի կազմն ընդլայնելու շուրջ եւ համաձայն են կրկնապատկելու դիտորդների թիվը: Սա կարեւոր քայլ է հրադադարի պահպանումը երաշխավորելու համար, որպեսզի առաջընթաց լինի կարգավորման շուրջ բանակցություններում: Կազմի ընդլայնման մանրամասների հստակեցումը կարեւոր է, եւ մենք ԵԱՀԿ-ում` Վիեննայում, աշխատում ենք ապահովել բոլոր անդամ պետությունների լիակատար աջակցությունը: Հուսով ենք, որ կազմի գործնական ընդլայնումը տեղի կունենա մոտ ապագայում»: Այսինքն` դեռ ոչ մի խոսք հետաքննող սարքերի տեղադրման մասին, որպեսզի փաստացի ապացույցներ ունենանք, թե ով է խախտում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը:

 

 
«Հայկական վերածնունդ»-ի վերածված Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը կայացրել է հուսահատ որոշում: Մի շարք կուսակցությունների հետ բանակցություններ, քննարկումներ վարելուց հետո ՀՎԿ-ն որոշել է միայնակ մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Որեւէ կուսակցություն այլեւս չի համաձայնել միավորվել նրան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց. «ՀՎԿ-ն 20 տարի Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, նախկինում՝ ՕԵԿ, հիմա` ՀՎԿ, երբեւէ այլ կուսակցությունների հետ չի մասնակցել. մշտապես մասնակցել է մենակ: Դա մեր սկզբունքն է: Իսկ ում բախտը չի բերում՝ մեզ հետ բանակցի, թող մեզ վրա չքցի շառը»: Այս պատասխանը տալիս Բիշարյանը թերեւս մոռացել էր, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության կազմի մեջ են մտել 12 կուսակցություններ: Պարզապես դրանք այնպիսի կուսակցություններ են, որ նույնիսկ Բիշարյանն է մոռացել այդ մասին եւ կարծում է, թե իրենք էլի միայնակ են մասնակցում ընտրություններին:

 

 
Մեր երկրում, կարծես, «պաշտոնապես» ընդունված կարգ է, որ զավակներն իրենց ծնողների մասնագիտությունների, նաեւ պաշտոնների ժառանգները դառնան: Վառ օրինակը սեպտեմբերի 24-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լիլիթ Թադեւոսյանի` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում նշանակվելն է: Դատավորը, հիշեցնենք, հայտնի դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրն է: «Ժողովուրդ» օրաթերթը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած տվյալներից տեղեկացավ, որ դատախազի դատավոր դուստրը բավականին պատկառելի ունեցվածքի տեր է: Այսպես՝ նա հայտարարագրել է բնակարան, մեկ անհատական բնակելի տուն, MITSUBISHI PAJERO 3.0 L մեքենա: Թադեւոսյանին հաջողվել է «հետ գցել» նաեւ 35 միլիոն դրամ: Դատավորի եկամտի չափը կազմել է ավելի քան 5 միլիոն դրամ: Եկամտի աղբյուրը, ըստ Թադեւոսյանի ներկայացրածի, միայն աշխատավարձն է եղել: Նկատենք, որ նախկինում դատախազությունում աշխատած Թադեւոսյանի ունեցվածքը տարեցտարի հրաշքով աճել է:

 

 
Պահնորդական ծառայություններ մատուցող ընկերություններից «Ժողովուրդ» օրաթերթը դժգոհություն ստացավ այն մասին, որ շուկայում անհավասար մրցակցային պայմաններ են, որի պատճառը ՀՀ ոստիկանությունն է` պետական պահպանության գլխավոր վարչությունը: «Լեգիոն» անվտանգության ծառայության հիմնադիր տնօրեն Եղիշե Սիմոնյանի խոսքով՝ ոստիկանության վարչությունը հայտարարված մրցույթներին բավականին ցածր գին է առաջարկում, եւ մրցույթ հայտարարած կառույցը, բնականաբար, նախապատվությունը տալիս է հենց ոստիկանությանը: «Մինչդեռ մասնավոր ընկերությունները պահնորդական ծառայություն մատուցելու համար հսկայական ծախսեր են կատարում՝ մեքենաներ, համազգեստ եւ սարքավորումներ ձեռք բերելու, աշխատավարձեր տրամադրելու համար: Իսկ ոստիկանության ՊՊԳՎ-ն պետբյուջեից է այդ ամենը ստանում, բայց մեզ հետ հավասար մրցակցային դաշտում է»,- դժգոհեց Ե. Սիմոնյանը: Խնդրով այժմ զբաղվում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը այսպիսի լուրջ հարցերը կարգավորելու փոխարեն ձգձգում է որոշումը եւ մտնում ամենամրցակցային` գարեջրի շուկա` տուգանքներ նշանակելով:

 

 
ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ
Երբ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ-ում աղոտ սպասելիքներ առաջացան, որ նա որոշ քայլեր կձեռնարկի այդ միությունում ՀՀ-ի դիրքերի առաջխաղացման համար: Շուտով կլրանա Տ. Սարգսյանի պաշտոնավարման 1 տարին, սակայն որեւէ տեսանելի դրական փոփոխություն չկա: Եթե ԵՏՄ-ին անդամակցության առաջին տարում որպես արդարացում նշում էին, թե կանոնակարգերը դեռ նույնականացման փուլում են, ապա արդեն հաջորդող տարվա ընթացքում այլեւս ակնհայտ է դառնում, որ Հայաստանը ԵՏՄ-ից որեւէ օգուտ չի տեսել եւ դժվար էլ տեսնի, որքան էլ ՌԴ նախագահ Վ. Պուտինը հայտարարի, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ ՀՆԱ-ն աճել է ամբողջ 10 տոկոսով:
Այո՛, ՌԴ-ի տնտեսությունն անկում է ապրում, այո՛, համաշխարհային տնտեսական միտումներն ընդհանուր առմամբ բացասական են, սակայն այն, որ ԵՏՄ կազմում հենց ՀՀ-ի ցուցանիշներն են ամենավատթարը, միմիայն այդ կառույցում ՀՀ շահերը ներկայացնող պաշտոնյաների թերացումն է՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: «Ժողովուրդը» պարբերաբար ներկայացնում է հայ գործարարների բողոքները՝ սկսած գինեգործներից, որոնց պնդմամբ՝ ՌԴ պատկան մարմինները անազնիվ մրցակցային քաղաքականություն են վարում՝ հօգուտ ռուսական արտադրանքի, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներից, որոնց ապրանքանիշերը կրկնօրինակվում են ռուսական ընկերությունների կողմից, ավարտած ձկնարտադրողներով, որոնց խոչընդոտելու հարցում առհասարակ ՌԴ պատկան մարմինները ձեւականությունների հետեւից չեն ընկնում:
Այս ամենի մասին հայ գործարարները ամիսներ ի վեր բարձրաձայնում են, սակայն աստղաբաշխական աշխատավարձեր ստացող հայաստանցի եվրատնտեսական պաշտոնյաները մատը մատին չեն տալիս: Արդյունքում՝ ունենում ենք այսպիսի պատկեր. 2013-ին ՀՀ-ից ՌԴ արտահանվել է 334 մլն դոլարի ապրանք, իսկ 2015թ.՝ մոտ 244 մլնի: 2013-ին Բելառուս արտահանվել է ավելի քան 8 մլն դոլարի ապրանք, իսկ 2015-ին` մոտ 7 մլնի: Նույն թվին Ղազախստան արտահանվել է ավելի քան 7 մլն դոլարի ապրանք, իսկ 2015-ին՝ 4 մլնի: Իսկ Ղրղզստան, մինչ ԵՏՄ-ին անդամակցելը, արտահանվել է 1 միլիոն դոլարի ապրանք, մինչդեռ արդեն 2015-ին՝ ընդամենը 370 հազար դոլարի: Դե, իսկ Վերին Լարսի անցակետում հայ արտահանողների համար ամիսներ առաջ խոստացված «կանաչ միջանցքը» այդպես էլ չդարձավ իրականություն: ԵՏՄ անդամ հայաստանցի փոխադրողները ՌԴ մտնելիս անցնում են նույն քաշքշուկների միջով, ինչպես թուրքերը կամ ադրբեջանցիները:
Ահա այսպիսին է Տ. Սարգսյանի ղեկավարած կառույցում մեր երկրի «ձեռքբերումների» պատկերը: Մինչդեռ երեկ Տ. Սարգսյանին ընդունած Սերժ Սարգսյանը փորձում էր ինքնասփոփվել՝ ասելով, թե «մեր քաղաքացիների վերաբերմունքը ԵՏՄ-ին դեռեւս, մեղմ ասած, սպասողական է, թեեւ չանդամակցելու պարագայում, ես վստահ եմ, բացասական մոտեցումներն ավելի շատ կլինեին»:




Լրահոս