ԻՆՉՊԵ՞Ս Է ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԸ «ԵՐԳԵՑՐԵԼ» ՈՍՏԻԿԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Միլիոնից մեկը» խորագրով շարքը, որի շրջանակում անդրադարձ ենք կատարում հայ հանրության կողմից ճանաչում վայելող անձանց, պարզում, թե ինչպես են նրանք դարձել հայտնի, մինչ այդ ինչ դժվարություններ են ստիպված եղել հաղթահարել, եւ ինչ խոչընդոտներ ու նոր հնարավորություններ է իր հետ բերել հանրային անձ լինելու հանգամանքը: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Քրիստինե Պեպելյանն է:

Հայտնի լինելը փորձություն է
Հայ հանրության լայն զանգվածները ինձ սկսեցին ճանաչել «Հրաժեշտ» երգիս թողարկումից հետո. այն, իսկապես, ինձ համար դարձավ այցեքարտ, առաջին «ստարտ»: 1999-2000-ական թվականներն էին: Դա շատ կարեւոր ու նոր շրջան էր իմ կյանքում: Մի շարք զգացողություններ պարզապես անծանոթ էին ինձ: Ճանաչված լինելուն մարդ միանգամից չի հարմարվում. դա նրան միանգամից չի էլ տրվում: Հայտնի լինելը փորձության պես մի բան է, ինչպես նաեւ` շատ փող, պաշտոն ունենալը: Դրանք մարդուն դնում են այնպիսի իրավիճակների մեջ, որոնք նա կա՛մ հաղթահարում է, կա՛մ ոչ: Դրա համար շատ կարեւոր է, որ այդ ճանապարհին քո կողքին լինեն մարդիկ, որոնք միշտ սթափ կպահեն քեզ, որպեսզի այդ ճանաչվածությանը չտրվես, չթռչես օդերով: Ուրախ եմ, որ ինձ մոտ ստացվել է գետնին կանգնած մնալ, մնալ մարդկանց հետ այն նույն հարթության վրա, որտեղ միշտ եղել եմ:

«Չեմ կարծում, որ տաղանդավոր եմ. միգուցե շնորհալի եմ»
Չեմ կարծում, որ տաղանդավոր եմ. տաղանդավորը Արամ Խաչատրյանն էր, Առնո Բաբաջանյանը: Ես երաժշտական եմ, միգուցե` շնորհալի: Կարծում եմ` ինձ ճանաչում բերեց իմ տեսակը, աշխարհից չկտրվելը: Մի գործոն չի, որ մարդուն դարձնում է հանրային, այլ մի քանի գործոնների հանրագումարի արդյունքը:

«Լավ մարդու համար բաց դռներ միշտ էլ կլինեն»
Հայտնի լինելու դժվարություններն ավելի շատ են, քան մարդիկ կարող են պատկերացնել: Առաջինը, թերեւս, քո խոսքի ու գործի նկատմամբ պատասխանատվության զգացումն է, որ ուղեկցում է քեզ: Չէ՞ որ շատերի համար դու կարող ես լինել օրինակ: Ճանաչված լինելս երբեք չեմ օգտագործել ինչ-որ դռներ բացելու համար: Ինձ համար ավելի բարձր արժեքներ կան, քան այն դռները, որոնք պետք է բացվեն: Կարեւորը մարդկանց վերաբերմունքն է, նրանց ասած ամենահասարակ, լավ խոսքը: Այն, որ մայրս կարող է ասել, թե ինչ լավ է, որ ինձ նման զավակ ունի, դա ամենամեծ հաճոյախոսությունն է, որ երբեւէ կարող եմ լսել: Թե չէ դռները այսօր բացվում են, վաղը կարող են փակվել: Իսկ լավ մարդու համար բաց դռներ միշտ էլ կլինեն, անկախ այն բանից` ճանաչված է նա, թե ոչ:

Թե ինչպես «երգեցրեց» ոստիկանին
Բնական է, որ հայտնի անձանց կյանքում շատ են պատահում ուշագրավ, հետաքրքիր դեպքեր: Օրինակ` վերջերս ղեկին էի, ինձ կանգնեցրեց մի ոստիկան, հենց ինձ տեսավ, ասաց. «Վա՜յ, Քրիստինե ջան, Դո՞ւք եք: Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսնում եմ»: Ես գիտեի, որ խախտում էի արել, եւ նա ինձ տեղին էր կանգնեցրել: Հարցրի. «Հիմա պետք է ակտ գրե՞ք»: Ոստիկանը ժպտաց, ասաց. «Չէ, չէ, չէ»: Ես էլ կատակով ասացի. «Տեսնո՞ւմ եք` երգիս կեսը երգեցիք»: Շատ հումորով մարդ էր, անմիջապես հասկացավ` ինչ եմ ասում ու լիաթոք ծիծաղեցինք: Ասաց. «Միայն այն բանի համար, որ միասին «երգեցինք», գնացեք…»: Այսպիսի իրավիճակներ կան, որ չես կարող չգնահատել…

Հրաժարվելն անշնորհակալություն կլիներ
Եթե երկրորդ հնարավորություն տրվեր, միանշանակ, կընտրեի նույն ճակատագիրը, որովհետեւ հրաժարվելն այն սիրուց, որ ունեմ, անշնորհակալություն կլիներ:

 

 

 
ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ՀԱՅՖԻԼՄԸ» ԿՀԵՏԱՔՐՔՐԻ՞

Արդեն մի քանի ամիս է` «Հայֆիլմի վերածնունդ» մշակութային նախաձեռնությունը կինոստուդիայի ճակատագրով մտահոգ անձանց միավորման կոչեր է անում: Նախաձեռնությանն արդեն հասցրել են միանալ մշակույթի մի շարք գործիչներ: Կինոստուդիայի հետ կապված առաջին խնդիրը, որ հարկավոր է լուծել, ըստ ռեժիսոր, նախաձեռնության հեղինակ Հայկ Բաբայանի, վերաբերում է շենքային պայմաններին. «Հայֆիլմի» շենքը պետք է վերանորոգել, տաղավարները, ռեկվիզիտը վերականգնել, որպեսզի հնարավոր լինի մեծամասշտաբ նկարահանումներ իրականացնել: Անհրաժեշտ կլինի գոնե մեկ դահլիճ, որտեղ կինոգործիչները կկարողանան հավաքներ կազմակերպել:

Հիմա արդեն հայտնի է, որ «Հայֆիլմի» հարցով մշակույթի նախարարությունը մշակում է ներդրումային ծրագիր` գոնե նկարահանման տաղավարների մասնաշենքը վերանորոգելու համար: Նախարարությունը նախատեսում է սեփական ներդրումներով կամ նախարարության գործընկեր կազմակերպությունների միջոցով «Հայֆիլմում» ստեղծել կինոմիջավայր: Այնինչ՝ Հայկ Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ դա այնքան էլ իրատեսական ծրագիր չէ. «Չցանկանալով արժեզրկել այն պատրաստակամությունը, որ ցուցաբերում է նախարարությունը, պետք է նշեմ, որ մտայնությունը, թե ֆիլմ արտադրող հայկական ընկերությունները պետք է շահագրգռված լինեն, որ «Հայֆիլմ»-ը ոտքի կանգնի, ինձ ռեալ չի թվում: Ոչ մի ընկերություն, ոչ մի հոլդինգ չի թողնի իր գործերը եւ առավել եւս գումար չի ներդնի «Հայֆիլմի» համար. ոչ թե որովհետեւ չունի, այլ նրանց չեն հետաքրքրում «Հայֆիլմ»-ի պատերը: Այդ ընկերությունների կողմից «Հայֆիլմ»-ում կինոմիջավայրի ստեղծումն էլ բարդ պրոցես է: Միայն փոխհամագործակցության արդյունքում կարող ենք հաջողություն ունենալ. պետք չէ ամեն ինչ գցել ռեժիսորների, պրոդյուսերների վրա»,-մեկնաբանեց Հայկը: Նրա խոսքով` այս դեպքում կարելի է օգտագործել, օրինակ, Հայաստանի քաղաքապետերի ռեսուրսները. «Ենթադրենք` Վանաձորի քաղաքապետը ներդրում է ունենում տաղավարի նորոգման համար, հետո, երբ իրեն մշակութային ինչ-ինչ միջոցառումների, նկարահանումների շրջանակում պետք է լինում տաղավարը, նրան թույլ է տրվում օգտագործել այն»,-մանրամասնեց ռեժիսորը:
Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ լրագրողների հետ զրույցում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշել էր. «Հայֆիլմ»-ն այսօր մասնավորեցման ծրագրում է, քանի որ գտնվում է գույքի կառավարման վարչությունում: Մենք ծրագիր ենք մշակում ներդրումները հաշվելու համար: Ցանկանում ենք իմանալ, թե որքան կարժենա նկարահանման սրահների մասնաշենքը նորոգելը»:
Այս առթիվ Հայկ Բաբայանը շեշտեց, որ եթե կինոստուդիան մասնավորեցվի, ինքն անձամբ դիմելու է ՀՀ վարչապետին, որպեսզի այն ազգայնացվի. «Պետք է հսկել, որ սեփականատերը պահպանի այն, ինչ կա կինոստուդիայում, հետեւել, որ «Հայֆիլմը» պահպանվի որպես բրենդ»,-ասաց ռեժիսորը: Նա նաեւ հավելեց, որ պետք է հանրության ուշադրությունն ամեն կերպ բեւեռել «Հայֆիլմի» ճակատագրի վրա. «Վերջերս, օրինակ, մեկը զանգահարել էր եւ ուզում էր տեխնիկապես աջակցել կինոստուդիային: Այս դեպքում մեծագույն խնդիրն այն է, թե արդյոք տվյալ տեխնիկան հանձնելուց հետո կպահպանվի եւ կծառայի իր նպատակին»,-եզրափակեց Հ. Բաբայանը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
«ԽՈՍՏՈՒՄԸ»՝ ՇՈՒՏՈՎ
2017-ի ապրիլի 21-ից Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը կհայտնվի մեծ էկրանին (ռեժիսոր` Թերի Ջորջ, գլխավոր դերակատարներ` Օսկար Այզեք, Քրիստիան Բեյլ, Շարլոտ Լե Բոն, Շոհրե Աղդաշլու, Անժելա Սարաֆյան): Իսկ մինչ այդ հանրահայտ երաժիշտ, կիթառահար, Soundgarden ամերիկյան ռոք խմբի հիմնադիր Քրիս Քորնելը ձայնագրում է «Խոստում» երգը. «Ոգեշնչման շաբաթ ձայնագրման ստուդիայում` մեր եղբայր Քրիս Քորնելի շնորհիվ։ Երկար ժամեր աշխատում ենք «Խոստում» ֆիլմի համանուն երգի վրա, որը շուտով կներկայացնենք ձեզ։ Այն կլինի հույսի, հաստատակամության եւ վերապրելու կոչ, որը կոգեշնչի բոլորին: «Եւս մեկ անգամ վերածնվելու համարձակություն ունենալ»»,- գրել է ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը Instagram-ի իր էջում:

 

 

 

ԱՆՀԱՅՏ ՀԵՔԻԱԹ
Ամերիկացի գրող, երգիծական արձակի վարպետ Մարկ Տվենի՝ նախկինում անհայտ հեքիաթը` «Արքայազն Օլեոմարգարինի առեւանգումը», կհրատարակվի առանձին գրքով: Այս մասին տեղեկացնում է The Guardian¬ը: Սա Տվենի գրի առած միակ հեքիաթն է, որը նա հորինել է իր դուստրերի համար: Դրա տեքստը հայտնաբերվել է 2011-ին, Բերքլիի համալսարանում` գրողի արխիվում:
Հեքիաթը գրվել է 1879 թվականին, Փարիզում: Այն պատմում է մի տղայի մասին, որը կարողանում է խոսել կենդանիների հետ եւ հենց վերջիններիս ուղեկցությամբ էլ գնում է գտնելու առեւանգված արքայազնին: «Արքայազն Օլեոմարգարինի առեւանգումը» լույս կտեսնի Doubleday հրատարակչությունում, 2017 թվականին:

 

 

 

ՀԱՅՐ Է ԴԱՐՁԵԼ
Հոլիվուդյան հայտնի դերասան Մել Գիբսոնը 9-րդ անգամ հայր է դարձել: Նրա 26-ամյա ընկերուհին` Ռոզալինդ Ռոսը, լույս աշխարհ է բերել իր եւ աստղի առաջնեկին: The Daily Mail-ը հայտնում է, որ դերասանի որդուն անվանել են Լարս Ջերարդ, նա ծնվել է հունվարի 21-ին, Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում:
Հիշեցնենք, որ 61-ամյա Գիբսոնը 7 երեխա ունի նախկին կնոջից` Ռոբին Մուռից, եւ եւս մեկ դուստր նախկին ընկերուհուց` դաշնակահարուհի Օկսանա Գրիգորիեւայից:




Լրահոս