Նախընտրական մթնոլորտն առավել քան մտահոգիչ է. ընտրողն աճուրդի է հանել իր քվեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տիրող նախընտրական մթնոլորտն առավել քան մտահոգիչ է: Խորհրդարանական այս ընտրությունները Հայաստանում առաջիկա հինգ տարիներին իշխանություն ձեւավորելու միակ միջոցն են, մինչդեռ շատ քաղաքացիների համար այն քվեարկության օրը «գումար թռցնելու» առիթ է՝ առանց գիտակցելու, որ այդ քայլով վտանգում են պետության ապագան: Ավելին՝ այսօր շատերը նույնիսկ տեսախցիկների առաջ են խոստովանում՝ պատրաստ են քվեարկել այն թեկնածուի օգտին, որն իրենց ավելի շատ ընտրակաշառք կտա: Այլ կերպ ասած՝ քաղաքացիների զգալի հատված բացահայտ աճուրդի է հանել իր, իր զավակների եւ երկրի ապագան՝ թքած ունենալով, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ այս ամենը:

Ի դեպ, երեկ ArmLur.am կայքը տեսանյութ է հրապարակել, որտեղ էջմիածինցի պապիկը առանց վախենալու տեղեկացրել է, որ ՀՀԿ-ից իրեն ընտրակաշառք են տվել 100 ԱՄՆ դոլար, եւ ինքն իր ձայնը տալու է ՀՀԿ-ին:

Բացի այդ՝ բավական է այսօր հետեւել քաղաքական ուժերի քարոզարշավին, եւ պարզ կդառնա, որ ունեւոր թեկնածուների հետ հանդիպումներին մարդկանց մի մասը գնում է գումար կամ որեւէ այլ բան խնդրելու եւ ստանալու ակնկալիքով:

Այս ամենը, համաձայնեք, աննորմալ է, միաժամանակ նաեւ ողբերգական: Ի վերջո, եթե Հայաստանում ունենայինք նորմալ իշխանություն, ապա քաղաքացին իր խնդիրների լուծման համար կդիմեր հենց պետական մարմիններին, այլ ոչ թե անհատների: Եթե Հայաստանում ունենայինք նորմալ իշխանություն, ապա քաղաքական կամք կցուցաբերեր եւ կարգելեր ընտրակաշառք բաժանելը եւ կստիպեր քաղաքացուն գիտակցված ընտրություն կատարել: Բայց քանի դեռ Հայաստանում նորմալ իշխանություն չունենք, ընտրակաշառք բաժանելու եւ վերցնելու երեւույթը գնալով համատարած բնույթ է կրում, եւ պատահական չէ, որ Հայաստանի յուրաքանչյուր հաջորդ խորհրդարան որակապես զիջում է նախորդին: Զիջում է, որովհետեւ նախորդին որակապես զիջում է նաեւ ինքը՝ ընտրողը»:

Ավելի մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս