Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքի, քաղաքական ուժերի շանսերի և այլնի մասին ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Արա Պապյանի հետ:
-Պարո′ն Պապյան, մարտի 5-ից մեկնարկել է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Դուք ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը:
-Այս ընտրապայքարը ցույց տվեց, որ նոր ընտրակարգը բավականին խնդիրներ առաջացնող է: Դրա հետևանքով էլ առաջանում են բախումներ, ընդհարումներ, դանակահարություններ: Պետք է հաշվի առնել, որ հայտարարված լինելով հարյուր տոկոսանոց համամասնական, որտեղ պետք է իբր ձայնը տրվեր ծրագրերին և կուսակցություններին, այդ վարկանիշային ձևը բերեց այն վիճակին, որ դարձավ հարյուր տոկոս մեծամասնական: Այսինքն մարդիկ ձայն են տալիս կոնկրետ մարդկանց: Հաճախ եմ հանդիպել, որ խնդրում են, թե այսինչին ձայն տուր, որովհետև իմ հորեղբոր տղան է, իմ քավորն է, իմ ազգականն է, երբեւէ չեն ասում սրան ձայն տուր որովհետև նրա ծրագրի մեջ նման գաղափար կա: Այս ձևը ավելի վատ է, քան նախորդն էր: Այս ամենը ցույց է տալիս որ ոչ թե ծրագրային պայքար է , այլ անհատների:
-«Գելափ Ինթերնեյշնլ»-ի Հայաստանի ներկայացուցչության հարցումների ադյունքներով այս ընտրապայքարում առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է, երկրորդը՝ ՀՀԿ-ն: Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը:
-Գելափ կոչեցյալը Հայաստանում գրանցված, այդ անունով դուստր կազմակերպությունն է: Ի վերջո հարցումներ անողները նույն հայաստանցիններն են, մենք չգիտենք ինչ ձևով են հարցը տվել և ում է տրվել, որպեսզի դրանից դատողություններ անենք: Նույն հաջողությամբ ես կարող եմ վկայակոչել անձնական հարցախույզը: Ես հարյուր հոգու հարցրել եմ և չեմ տեսել մեկի, որը կամավոր ասի ես ՀՀԿ-ին ձայն կտամ: Եղել է մի ոստիկան, որ ասել է ես կողմ չեմ ՀՀԿ-ին, դեմ եմ, բայց վախենում եմ, գործն ինձ համար թանկ է:
Ինչ վերաբերվում է ԲՀԿ-ին, այստեղ ուրիշ խնդիր է, ըստ էության կուսակցության պայքար չի, բարեգործություն է: Այսինքն կոնկրետ Գագիկ Ծառուկյանը հանդես է գալիս որպես բարեգործ մարդ: Ընտրողները մոռացել են, որ խորհրդարանը բարեգործական կազմակերպության գրասենյակ չի: Դա օրենսդիր մարմին է, այսինքն պետք է ընտրվեն մարդիկ, ովքեր կարող են օրենքների նախագծեր ներկայացնել, կարող են պարլամենտական, դիվանագիտության զբաղվել և այլն: Իսկ բարեգործությունը շատ լավ բան է, Գագիկ Ծառուկյանը կարող է մի քանի գրասենյակ բացել և այնտեղից մարդկանց օգնել, բայց դա կապ չունի ընտրությունների հետ: Այնուհանդերձ ԲՀԿ-ն, որը «Ծառուկյան» դաշինքի անունով է, ունի ընտրազանգված. ես քեզ լավություն՝ դու ինձ քվե տարբերակով:
-Պարո′ն Պապյան, մյուս ուժերի շանսերը ինչպե՞ս եք գնահատում:
-Կա երկու արևմտամետ ուժ «ԵԼՔ»-ը եւ «Ազատ դեմոկրատներ»-ը, ես կարծում եմ, որ նրանցից, ամենայն հավանականությամբ, «ԵԼՔ»-ը կանցնի: Կոշտ պայքար է այսօր մղվում ՕՐՕ-ի դեմ, իշխանությունները չեն ուզում, որ նա անցնի, կկարողանա թե չի կարողանա, բարդ հարց է: Նույնն էլ Դաշնակցության պարագայում: ՀՅԴ-ն ունի իր ընտրազանգվածը, բայց խիստ հիասթափված ընտրազանգցված էլ կա: Իհարկե, իշխանությունն ամեն ինչ կանի, որ Դաշնակցությունը տեղ ունենա խորհրդարանում, որովհետև Դաշնակցությունը շատ ավելի լավ է խորհրդարանում, քան դրանից դուրս՝ իշխանության տեսանկյունից: Իսկ Կոմունիստները հեքիաթասացներ են, չեն անցնելու…
Արփինե Թովմասյան